...

Ժառանգություն

Ժառանգություն

ՉՈՐՐՈՐԴԻՑ ԴՈՒՐՍ

Ժամանակի այդ իրականության մասին մեր խոսքը նույն խելագարության հիմար կրկնությունն է եղել, այդ խոսքից հնչյուն իսկ քաղելու պետք չունենք, բայց մեր գործն ահա-ասպարեզ է հրավիրվել բանականության ու հանդուրժումի բարձր մարդուն՝ բանականության ու հանդուրժումի ասպետին՝ Ալեքսանդր Միասնիկյանին՝ նոր նախիջևանցուն, լազարյանցուն, Տերյանի ընկերոջը, կոմունիստին, ճակատայինին, Բելառուսը հիմնադրողին, լենինյանին, նրան՝ ում համար կուսակցական ուղղափառությունը անձնական արատ էր և կողմնապահ համառությունը՝ էշություն: 

Ժամանակի հեռավորության մշուշը չի նրան մեծացնում-նրան մեծացնում է մեր և նրա ժամանակի մերձավորությունը: «Չունեինք մենք դարեր-հայրենիք:- Եվ նա մեզ հայրենիք տվեց» (Չարենց): Միայն օտար հողում, միայն տարազգի թշնամիներն այդպես իրար կկոտորեին, ինչպես որ մենք էինք նրա հայտնությունից առաջ կոտորում միմյանց: Այ թե ում ոտքերի առջև էր նա հայրենիք փռում, ահա թե ում էր նա սթափության կոչում: 

Մխիթարություն է, որ նրան վերացրին ո՛չ մեր նացիոնալիստները, ո՛չ մենք: Բայց ահա մխիթարվելու ոչինչ չունենք, որ վազգենով ու դեմիրճյանով վերակերպավորված Ալեքսանդր մեծ Միասնիկյանին տապալեցինք ինքներս մեր ձեռքով: Վազգենն, այո, այդքան սթափություն ուներ՝ որ բռնկուն իր անձը մարմնավորումի չտար հանդուրժումի ու բանականության կերպարին - այդ կերպարը համազգային մեր ասպարեզում Դեմիրճյանն էր լինելու,- և Դեմիրճյանն էլ, ի մեծ պատիվ իրեն, ուներ այդ սթափությունը՝ որ չհանձներ իրեն եռանդի ու գործնականության նույն կերպարին - սա արդեն Վազգենի տարերքն էր: 

Ասում եք՝ վերջն ի՞նչ է լինելու: 

Նրանց տապալումը այդ կերպարի տապալումը չէ. նրանց՝ Վազգենի ու Դեմիրճյանի տապալումը, թշնամուց որքան էլ ճիշտ ընտրված, միայն իրենց կործանումն էր. կանչելու ենք, և մեզնից ու մեզնով բարձրանալու է նույն կերպարը՝ բանականության ու հանդուրժումի մարդը: Նրա տիրական ներկայությամբ արդեն՝ այլ կեցվածքի ժողովուրդ կլինենք և այլ հայրենիք:

Հրանտ Մաթևոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 270, Փետրվարի 18, 2003 թ

Շարժման ու բախման առաջամարտիկներից մեկի մասին խոսելիս, ուր պիտի որ մատնվելիս լիներ իմ կասկածոտ ու վերապահ վերաբերմունքը այդ մարդուն և այդ մարդու տիպին, որ միայն իր խաղն է կարևորում և չի մտածում ծանր ու կործանիչ հետևանքների մասին, Վազգենը հանկարծ, իր նման միանգամից, մի տեսակ` ինձ թույլ չտալով նեղսիրտ ու նեղմիտ լինել և թույլ չտալով արատ տեսնել մարդու մեջ, իր նման արագ գլորեց. 

- Գիտես` ինչ տղա էր... խաբել` վրացուն խոսող ոչխար էր ծախել` կրկեսի իբր թե կորած ոչխարը: Գիտես ինչ տղերք կան... Ձեռներիս վրա մեռավ, ական էր փորձարկում: 

Ինձ մնում էր հիմա ծիծաղել «խոսող ոչխարի» վրա, հետ քաշվել այդ խոսակցությունից, լռել և հետո հասկանալ, որ ես և Վազգենը տարբեր մարդիկ ենք, որ մարդկային զանգվածի գլխին ինքը կանգնած է գրկաբաց ու թևերը պարզած և այդ զանգվածի մեջ յուրաքանչյուր անհատի ու անհատականության ինքը տեսնում ու ընկալում է այնպես, ինչպես նրանք կան` մարդկային բոլոր արատներով ու առաքինություններով, իսկ ես` ընդհակառակը` խորշում, վախենում, ինձանից վանում եմ յուրաքանչյուրի, ով մարդու իմ իդեալից մի քիչ տարբեր է, և այդպես է, որովհետև Վազգենը իրեն ի զորու է տեսնում նրանց բոլորին գրկել, ընդգրկել, ենթարկել մի կամքի-նրանք Վազգենի համար կառավարելի են: Կարճ` Վազգենը իշխանական, հրամանատարական կոփվածքի ու լիցքերի մարդ էր, և ես կարող էի նրա գնդի զինվորը լինել միայն, նրա աշխարհի օրինապահ բնակիչը, իմ ճակատագրի ընթերցումը նրան թողնել և ամենքի մեջ ու ամենքի հետ վստահ լինել, որ նրա հայացքի ուղղությունը լույսի և հույսի շավիղ է դառնում և նրա դրած քայլը` ճանապարհի սկիզբ, նրա պարզած ձեռքը թշնամուն բարեկամ է անում և սև ամայությանը նետված նրա հայացքը բարեկամների բազմություններ հառնեցնում: 

Նա այդ էր, նա սպարապետ էր: 

Հրանտ Մաթևոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 274, մարտի 4, 2003 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   335 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ