ՉՈՐՐՈՐԴԻՑ ԴՈՒՐՍ
Մենք էլ, ահա, մեր ողբերգության կամա-ակամա մասնակիցն ենք, ներսում ամեն մեկս իր փայը ժրաջանորեն կրծում է և ամբողջը չի տեսնում - գլուխը կախ իր համար մենա~կ, կուսակցություններո~վ, թայֆաներո~վ, մաֆիաներով... վաստակի, զոհի, արյան առևտրո~վ, զուտ զորբայությա~մբ, իրարու բերանից հաց խլելով, իրարու ծնող լացեցնելով... - միջուկի մեր կրծոցին ենք և ամբողջը չենք տեսնում, ամբողջը տեսնելու համար քո իտալացու նման պետք է դրսեցի լինեինք:
Այդ կուսակցությունների, ձեռներեցների և այլն և ուրիշների հաջողությունները պետք է որ ազգի, ասել է մեր բոլորիս հաջողությունը լինեին. ապարանքներ են բարձրացել, կուտակումներ են եղել, կուսակցություններ ու խմբեր են ձևի եկել և այլն: Բայց ամբողջ անհեթեթությունն այն է, որ ամբողջը դրանից չի ուժեղացել, ամբողջը որպես այդպիսին դադարել է լինելուց, որ ամբողջի մասերը այլևս միմյանց չեն պատկանում, մենք այլևս չենք պատկանում միմյանց:
Միմյանց դեմ տարած փայլուն հաղթանակներով ասպարեզում մի ծվատված երկիր ենք թողել` որ մեզ որպես խորթերի է նայում և մենք էլ իրեն` որպես օտարի: Որպեսզի այդպես չլիներ, որպեսզի մենք բոլորս գտնեինք միմյանց, միմյանց պատկանեինք ... Բայց դա չի եղել ու չի լինի. Վազգենը նրա համար չի սպանվել` որ միմյանց հայացքներում դարձյալ հայրենիք կարդանք. Դեմիրճյանը, Տեր-Պետրոսյանը, Սիրադեղյանը ասպարեզից նրա համար չեն քշվել` որ ասպարեզում դարձյալ բոլորիս հայրենիքը լիներ և մենք բոլորս իր որդիները լինեինք:
Հրանտ Մաթևոսյան
«Մի ուրացեք ձեր եղբորը»
«Չորրորդ իշխանություն», թիվ 276, մարտի 11, 2003 թ.