...

Ժառանգություն

Ժառանգություն

Թումանյանը մեր այդ բաց ամբարտավանությունը և նույնքան ասիական ոխակալությունը «ախտ» էր խարանում` վրիժառության ախտ. «Ավելի ևս զզվելին այն է, որ մեր մարդը սիրում է իր վրեժը լուծել ու հարվածը տալ ուրիշի ձեռքով` ինքը միշտ մութի մեջ»:

Թուրքը մի լավ խոսք ունի. «Ճամփորդը ճամփին կլինի»: Հոկտեմբերի 27-ի ազգային աղետը 29-ին պետք է բացահայտած, փակած, կնքած պատմությանը հանձնած և մենք արդեն երեք տարի հոգով աղքատների մեր ճանապարհին լինեինք` ջհանդամը թե մեր նույն երթի մեջ ունենալով մեղավոր ու անմեղ բոլորիս` դավադիրների և անտեղյակների, աղետի ահռելիության առջև շփոթահարների և մարդկային մեր որակը թաքուն զննողների: Դա իհարկե ինքնախաբեություն կլիներ, բայց կաթվածահարող բաներ կան, որոնց առջև առանց հանրությունների ինքնախաբեության անհնար է չշաղվել. օրինակ, հայոց զուլումի մեղքը թուրք հանրային միտքը տեղավորեց ժամանակի կառավարող կուսակցության մի նեղ շրջանակում և ինքը իր երթին մնաց. օրինակ, երկրորդ համաշխարհայինի գեհենը գերման ժողովուրդը կցեց իր մի երկու խելագարին և ինքը իր ապաքինմանը կացավ. արյան ու մատնության ամբողջ տասնամյակներից մեր Նիկիտա Խրուշչովը մի կենտ 37 վերցրեց և մտավոր ու մարմնավոր սպանդի ամբողջ բանակներից` մի երկու գեներալի,-մնացյալ երկու հարյուր միլիոնս մնալու էինք մեր տասնամյակների շքերթին: Շտկումները` հընթացս, ուղղումները` ճանապարհին, վիճարկումներն ու սակարկումները` հետո, մեղքի ու ապաշավանքի տվայտանքը` ժամանակի հետ, սերունդների հետ: Բոլոր երեք դեպքում էլ, բոլոր երեսուներեք ու երեք հարյուր երեսուներեք դեպքերում էլ հանրությունը չի տրոհվել, չի բզկտվել, ինքը իրեն չի գամել մեղքին ու մեղքի ժամանակին, ինքը իր աչքից չի ընկել -պահպանել է իր միության ու ընթացքի արժանապատվությունը:

Հրանտ Մաթևոսյան

«Մի ուրացեք ձեր եղբորը» 

«Չորրորդ իշխանություն», թիվ 272, Փետրվարի 25, 2003 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   1246 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ