...

Ոչմիթիզական ֆեյքապետություն

Ոչմիթիզական ֆեյքապետություն

Լավ, նույնիսկ ավանակի խե՞լք չունենք, որին կարելի է ուղիղ խոսք ասել: Ուղիղ խոսքն էշին են ասում, չէ՞:

Ձեզ ուղիղ խոսք էին ասում, չէիք ուզում լսել: Ուղիղ խոսքն ապազգային էր...

Եվ իշխանություն զավթած ոչմիթիզականներդ դրսում գլուխներդ տմբտմբացնում էիք, գալիս, երկրի ներսում խրոխտանում, հաղթողական էիք դառնում: Թե բա՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հող չենք տա: Ու ձեզնից վերջինը՝ վարչապետը, որոշեց դեռ մի բան էլ ավելին անել. Արցախը Հայաստան է, և վերջ: Էլ չեմ բանակցում: Ու նրան դո՛ւք եք ծնել ու սնել, դո՛ւք՝ «հաղթողականներդ», այսօր ձեզ ընդդիմություն հորջորջողներդ, պետությունը ֆեյքապետության վերածողներդ:

Իսկ ֆեյքահայաստանը վաղուց կար, ավելի հին է, քան Ադրբեջանը, շատ ավելի հին է, քան սոցցանցերը: Չե՞ք հավատում, կարդացե՛ք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին»: Վա՜յ, ախր վեպ է, ախր ջանք պիտի թափեք, ժամանակ կորցնեք կարդալու վրա, սոցցանցերի ստատուսներից հետ կմնաք: Հա՛, չմոռանանք ասել, որ Լեոյի «Անցյալիցը», Մահարու «Այրվող այգեստանները» նույնպես պետք է կարդալ, բայց էլի ծավալուն են: Չեք հաղթահարի: Ու նաև ճշմարտության երեսը կտեսնեք. չեք դիմանա...

Բայց գանք ներկա ժամանակներ, գանք ու տեսնենք, թե ինչ է լինում այն ժողովրդի հետ, որը հայրենիքի պատմականն է սիրում (ձևակերպումը Վանո Սիրադեղյանինն է):

Այսպես, 1991 թվականին Հայաստանը դարձավ անկախ պետություն, բայց հայ հայրենասերը մնաց կայսրության ծայրագավառի կենցաղային ազգայնական: Նա չսիրեց ո՛չ իր պետությունը, ո՛չ իր հաղթանակը: Չսիրեց, բայց 94 թվականից հետո ուռճացրեց իր դերը՝ զինադադարը համարելով պարտություն: Ստիպված եմ հիշեցնել տարածված տափակաբանությունը. «Եթե Լևոնը կռիվը չկանգնեցներ, Բաքվում չայ էինք խմելու»: Հա՛, հենց այդպես: Սրանք հերոս էին, մենք՝ իրատեսներս, պարտվողական: Խաղաղությունը պարտության հոմանիշ էր: Ինչո՞վ, ո՞նց էին կռվելու. միայն իրենք գիտեն: Երկրի ղեկավարությունը, որի կազմում էր այժմ որպես կուռք պաշտվող Վազգեն Սարգսյանը, «չէր հասկանում» այսքանը: Ֆեյք պատմությունները ողողել էին մեր մամուլի էջերը, երկրի բեսեդկաներն ու մտավորականների կաբինետները: Անկախ պետությունն այդպես էլ չընդունած մեր մտավորականների համար էականը ոչ թե պետության, երկրի, ազգի կենսունակությունն էր, այլ հարյուրամյա փտած «տեսլականը»՝ Սևրի դաշնագիրը, այսինքն՝ հայրենիքի պատմականը: Կրկնենք՝ սրանք անթաքույց ողբում էին Սովետի մահը, Արցախյան շարժման ղեկավարներին համարում հզոր երկիրը քանդողներ, բայց ոգևորվում էին համաշխարհային ազգ ցնդաբանությամբ: Ի դեպ, հենց «հաղթողականներն» էին ամեն ինչ անում Մոսկվայի աչքը մտնելու համար: 

Հիմա, օգտագործելով հարմար պահը, շատ լավ հասկանալով, որ ոչմիթիզական պետությունն այլևս գոյություն չունի, մոլագարի պես փորձում են ապացուցել, որ իրենք ազգային են՝ հընթացս քծնելով ռուսներին: Մի մեջբերում անենք Սերժ Սարգսյանի փեսային մերձ շրջապատից. «Հիմա էլ կա մեկ օրակարգ` դա ՀԱԿԱԳՐՈՀՆ է!! Ժամ առաջ, րոպե առաջ պետք է հարձակվել! Ցանկացած այլ դիսկուրս միտված է սրանից շեղել հանրության ուշադրությունը: Թե գերիները, թե խաղաղասեր ընդդիմադիրները և թե արցախցի-հայաստանցի շինծու անտագոնիզմը ընդամենը միտված է զմրսել մեր կապիտուլյացիան: Նրանք պարզապես փորձում են բացառել ռևանշը: Ռուսաստանից պետք է խնդրել միայն մեկ բան` զենք: Էդ մեր խնդրանքին նրանք միշտ արձագանքել են»: Նշենք՝ բնագրի ուղղագրությունը և ոճը թողել ենք «անաղարտ»:

Ի՞նչ կասեք սրան կամ սրանց՝  Սևրի պայմանագիրն այս ողբերգական օրերին մեր աչքը խոթողներին: Ի՞նչ անուն կտաք սրանց, որ երկիրը սնեցին սնապարծությամբ, որ դարձան համատարած տգիտություն և հոգեխանգարմունք սփռողներ, որ դուրս չեկան ոչմիթիզական կործանարար ուղուց, որովհետև միայն այդպես կարող էին իշխանություն պահել: 

Ու հիմա տեսե՛ք՝  հանուն ինչի են պայքարում: Չե՞ք տեսնում. հուշենք՝ հանուն հյուսիսային տերերի աչքին երևալուն: Ուրիշ ոչինչ:

Իսկ մեր ընթերցողներին հորդորում ենք դուրս գալ ֆեյքապետության քարոզչական աշխարհից՝ սոցցանցերից, և մի քանի արժեքավոր գիրք ու հոդված կարդալ: Խորհուրդ ենք տալիս՝ ստորև ներկայացնելով ցանկը.

Գրքեր

1. Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի» 
2. Գուրգեն Մահարի, «Այրվող այգեստաններ»
3. Լեո, «Անցյալից»
4. Հրանտ Մաթևոսյան, «Մեծամոր», «Մի՛ ուրացեք ձեր եղբորը»

Հոդվածներ

1. Ռաֆայել Իշխանյան, «Երրորդ ուժի բացառման օրենքը»
2. Լևոն Տեր-Պետրոսյան, «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»
3. Վանո Սիրադեղյան, «Նաև հայրենիքի պատմականը»
4. Ժիրայր Լիպարիտյան, «Ի՞նչ պատահեց և ինչո՞ւ»

Զարուհի Գաբրիելյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 38, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ