...

Որովհետև ազգը չի կարող լինել ախմախ...

Որովհետև ազգը չի կարող լինել ախմախ...

Ասում է Վանո Սիրադեղյանը: Շարունակությունը կարդացել եք, անգիր գիտեք: Պատերազմից հետո եք կարդացել: Այնինչ ձեզ, մեզ համառորեն ախմախացնում էին...

1.  Պարտությանը սպասում էին

Սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովում երկրի վարչապետը ասում է.

«Եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջնական և անշրջելիորեն, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի, և մենք երբեք չենք դադարեցնի մեր երթը դեպի հաղթանակ: Եթե մենք այսպես վարվենք, մենք կհաղթենք, ես դա ձեզ՝ բոլորիդ երաշխավորում եմ»:

Պատերազմի առաջին օրն էր, ու մենք չէինք պատկերացնում, թե ինչ է լինելու, չէինք պատկերացնում՝ ինչ ենք կորցնելու և ինչպես: Ուստի ոչ ոք չարձագանքեց այս անտրամաբանական մտքերին: Ոչ ոք ուշադրություն չդարձրեց, որ պարտությունը շատ ռեալ էր գոնե պետության ղեկավարի համար: Եվ նա յուրովի փորձում էր հերթական անգամ հասարակությանը համոզել, որ եթե ամբողջ աշխարհի համար 2 անգամ 2-ը հավասար է 4-ի, մեզ համար կարող է հավասարվել գոնե 5-ի: Ի դեպ, նույն հակատրամաբանությամբ են առաջնորդվել նաև նախկինները, նույնն է եղել միշտ նախկինների ներկայիս առաջնորդը՝ մաթեմատիկոս Վազգեն Մանուկյանը, որի համար գուցե (a + b)² = a² + 2ab - b²:  Գուցե սա՞ էլ փորձի ապացուցել...

Այնուամենայնիվ, պարտությանը սպասում էին: Սպասում էին դեռևս 98 թվականից, երբ խրոխտաբար մերժում էին խաղաղության հասնելու ուղին: 

Շատերն են հարց տալիս՝ եթե այսպես պետք է լիներ, ինչո՞ւ հարցը չլուծեցին 94 թվականից հետո: Թեպետ հարցը տալիս են շատ ավելի պարզ, անկեղծ՝ եթե այսքան զոհեր, այսպիսի աղետ էր լինելու և հողերը տալու էին, ինչո՞ւ դա չարեցին առանց պատերազմի: 

2.  Չլուծված հարց. 26 տարի

ա.  Լևոն Տեր-Պետրոսյան. անկեղծության և լրջանալու պահն էր

1994 թվականից հետո բանակցային դժվարագույն փուլ էր, որը կարող էր ավարտվել 97-98 թթ., եթե լրջանայինք:

1997-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հարցի լուծման տարբերակն ազնվորեն ներկայացրեց ողջ հանրությանը, բայց հավանության չարժանացավ: Հայտնի ուժերը, ավելի ճիշտ հայտնի անհատները՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը, Արցախի ղեկավարությունը մերժեցին խաղաղության ծրագիրը: Նախագահը հրաժարական տվեց՝ հարցի լուծումը թողնելով հաջորդներին՝ զգուշացնելով պատերազմի վտանգի մասին: (Ինչու ընտրվեց այս ճանապարհը՝ երևի մի օր կպարզվի: Սակայն գուցե հանուն պետության կարելի էր ուժ կիրառել հայտնի ուժերի նկատմամբ, գուցե...):

բ. Նախկիններ և ներկաներ. չլրջացանք, իշխում էր կեղծիքը

1. Ռոբերտ Քոչարյանը իշխանության եկավ «հաղթողական» նժույգի վրա, բանակցային գործընթացից դուրս թողեց Արցախը, իրականացրեց «Գույք պարտքի դիմաց» գործողությունը՝ Ռուսաստանին զիջելով երկրի տնտեսության մի զգալի մասը: Նա, իհարկե, չէր էլ պատրաստվում հարցը լուծել, նրան ձեռնտու էր ստեղծված վիճակը, որովհետև հանրապետության հրապարակային օրակարգից դուրս մղված խնդիրը իշխանությունը պահելու ընտիր միջոց էր: Սակայն Ռոբերտ Քոչարյանը միջազգային գործընկերների հետ շարունակում էր հարաբերվել, շարունակում էր բանակցել, ձգձգել հարցի լուծումը: 

2. Սերժ Սարգսյանը ևս նույնն էր անում: Նա փորձեց մտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պարտադրված խաղի մեջ, սակայն հաջողության չհասավ: Փորձեց սերտացնել կապերն Արևմուտքի հետ, բայց մի գիշերում երկիրը դարձավ ԵԱՏՄ անդամ: Արևմտյան երազանքը մնաց սառույցին գրված: 2016 թվականին պայթեց Ապրիլյան  քառօրյան: Թվում էր՝ իշխանության լրջանալու պահն էր, բայց  միայն թվում էր: Սերժ Սարգսյանը, երբեք չհրաժարվեց բանակցային գործընթացից, բայց համարձակություն չունեցավ հասարակությանը ճշմարտությունն ասելու: Իսկ պատերազմի վտանգն ավելի իրական էր դառնում:

դ. Ներկաները՝ պատերազմի հրձիգ. անլրջության գագաթնակետը

2018 թվականին Սերժ Սարգսյանը հեռացավ: Իշխանության եկավ նոր ուժ: Նոր առաջնորդը տարբերվում էր նախորդներից միայն նրանով, որ նրա իշխանությունն օրինակարգ էր: Վարկանիշը շատ բարձր էր: Ժողովուրդը հավատում էր հեղափոխությանը և հեղափոխության առաջնորդին: Արևմուտքը ոգևորությամբ ընդունեց հայաստանյան փոփոխությունները, և Ն. Փաշինյանին թվաց, թե ինքը կարող է ջնջել անցյալը՝ բանակցային ողջ գործընթացը, և սկսել սեփական կետից: Ավելին, ժողովրդին խոստանալով առանց նրա համաձայնության ոչ մի որոշում չընդունել՝ նա Ազգային ժողովում ասում էր՝ ինչ պետք է, այն էլ բանակցում ենք: Իրականում բանակցություններ չկային: Իսկ դրա այլընտրանքը միայն պատերազմն էր... Այո՛, նա հիմա անկեղծորեն խոստովանում է, որ եթե զիջումների գնար առանց պատերազմի, իրեն դավաճան կանվանեին: Սակայն մոռանում է մի կարևոր փաստ. համարյա 80 տոկոսանոց վարկանիշ ուներ, կարող էր այդ պահին անկեղծ լինել ժողովրդի հետ, բացատրել, ներկայացնել իրերի ճշգրիտ դրությունը: Այո՛, կարող էր վարկանիշի որոշակի կորուստ ունենալ, բայց խաղաղ կարգավորման հասնելով՝ փրկել հազարավոր կյանքեր, կանխել Շուշիի և Հադրութի կորուստը, ավերածությունները: Ընտրեց արկածախնդրության ուղին: 

Ընդգծենք՝ Ն. Փաշինյանին հաջողվեց փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը, այնուամենայնիվ, նախկինում զսպող դեր էր կատարում և շատ արագ միջամտեց պատերազմին 2016 թ.-ին: Հաջողվեց նաև անվստահելի դառնալ հարևան երկրի՝ Իրանի համար: Հաջողվեց Հայաստանը դուրս դնել միջազգային և տարածաշրջանային կարևոր գործընթացներից: Հետևանքը տեսնում ենք:

Նշենք նաև, որ 98 թվականից հետո իշխանության եկած բոլոր ուժերին միավորում է նույն կեղծ ազգայնական դատարկ հռետորաբանությունը, որի միակ նպատակը ազգը վերջնականորեն ախմախացնելն է: 

Վանոն դառնորեն ասում էր, որ ազգը չի կարող լինել ախմախ: Բայց 2017 թվականին ազգի ընդամենը 1,5 տոկոսը ձայն տվեց խաղաղության ծրագրին: Սակայն սա ուրիշ խոսակցություն է:

Լևոն Ասատրյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 39, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ