Դեպի բարոյական հաղթանակներ
«Պատմության համար կհրահրվի մի փոքր պատերազմ՝ մի քանի հարյուր կամ մի քանի հազար զոհով։ Ռազմական օգնություն կխնդրվի հավանական դաշնակից պետությունից։
Հավանական դաշնակիցը չի գա, և կստացվի ամեն անգամվա պես․ դաշնակիցները ուխտադրուժ դուրս եկան, իսկ Զոդի ճակատամարտը կարելի է բարոյական հաղթանակ համարել, որովհետև թշնամին Էջմիածին չմտավ:
Այլ հարց է, որ դեռ 5-10 տարի բանակցություններ կվարենք՝ ոսոխի զորքը Զանգեզուրից դուրս բերելու հարցի շուրջ: Այդ ընթացքում Եթովպիայի պառլամենտը կդատապարտի հայերի ցեղասպանությունը, Սփյուռքը ժամանակ առ ժամանակ ցույցեր կանի Ադրբեջանի ու Թուրքիայի դեսպանատների դիմաց՝ զորքերը դուրս բերելու պահանջով…
Բայց դա արդեն կլինի ճակատագրի հեգնանքը: Ճակատագիր, որից պրծում չկա»:
Նախկին և ներկա իշխանություններին կարելի է դատել՝ իմանալ-չհասկանալու գործով: Վանո Սիրադեղյանի այս տողերի մասին ավելի քան 20 տարի իմացել են, կարդացել, բայց չեն հասկացել: Եվ հիմա էլ չեն հասկանում:
Հիմա Վանոյի այս խոսքերը ակտիվ տարածում են համացանցում: Բանը հասել է նրան, որ նույնիսկ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է դա իր էջում տեղադրել: Այն Սոֆյա Հովսեփյանը, որն ընդամենը մեկ տարի առաջ հողատու և կենդանի արարած էր համարում բոլոր նրանց, ովքեր խոսում էին փոխզիջումների, խաղաղության մասին: Մինչդեռ չգիտի, որ Վանո Սիրադեղյանը սա գրել էր 2000-ականների սկզբներին՝ զգուշացնելով, թե Ռոբերտ Քոչարյանն ուր է տանում Հայաստանը: Իսկ հիմա Սոֆյա Հովսեփյանը իր էջում տեղադրում է իր իսկ խոսքերով՝ հողատուի գրածը՝ իր գաղափարական հոր մասին: Այ, սենց է լինում:
Ահա այսպես, պետությունը անհասկացող, դիլետանտ, շուստրի իշխանությունների ձեռքում 20 տարվա ընթացքում խաղալիքի վերածվեց: Ում ձեռքն ընկնում է, խաղում է: Հիմա Ադրբեջանի ձեռքն է ընկել: Մենք ընտրությունների ենք պատրաստվում, իսկ իրենք՝ պատերազմի: Մեր իշխանություններն ասում են՝ ապագա կա, իսկ թուրքերը իրար մեջ գրազ են գալիս, թե ով և որտեղ ավելի երկար սահմանը կանցնի ու կադաստրից տեղեկանք կներկայացնի, թե այդ տարածքը իրենցն է:
Նիկոլը չի փոշմանել
Սա ոնց որ 44-օրյա պատերազմի շարունակությունը լինի: Ադրբեջանը ագրեսիայի է դիմել, այս անգամ ինքնիշխան երկրի դեմ, ունենք ՀԱՊԿ, ունենք՝ Ռուսաստան, որի հետ դեռ 1997-ին ռազմական պայմանագիր ենք կնքել, ու առայժմ ձեն-ձուն չկա: Մինչև հիմա պարզ չէ, Հայաստանը դիմե՞լ է ՀԱՊԿ-ին՝ միջամտության համար, թե՝ ոչ: Իշխանությունները հայտարարում են, որ դիմել են՝ 4-րդ կետի համաձայն, կամ՝ 2-րդ կետի համաձայն: Ու մինչ համայն հայությունը սկսում է քրքրել ՀԱՊԿ կանոնադրությունը, Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանը չի դիմել: Վախենանք, որ Նիկոլը հետո հայտարարի, որ նախկին իշխանությունները պարտվողական պայմանագիր են կնքել ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հետ:
Իսկ ընդհանրապես հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանը չի փոշմանե՞լ, որ մերժեց Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը. հրաժարական տալ և անվտանգության երաշխիքներով որոշ ժամանակ Հայաստանից դուրս գալ, մինչև այստեղ նոր ընտրություններ կլինեին, նոր իշխանությունները տեսնեին, ոնց են վիճակը շողուլի բերում: Գոնե էն կռճոնքները, որ մնացել են պատերազմից հետո, դա պահպանենք: Մեզ թվում է՝ գտած բան էր այդ առաջարկը, իսկական նվեր՝ հաշվի առնելով, թե ինչ է սպասվում Փաշինյանին, եթե իշխանության գան նախկինները: Սրանք այդպես բարեհոգի և առատաձեռն չեն գտնվի: Մանավանդ, որ տեսել ենք, թե ինչի են ընդունակ, իսկ այս դեպքում չենք էլ ուզում պատկերացնել, թե ինչ կանեն:
Բայց Նիկոլ Փաշինյանը որոշել է մինչև վերջ գնալ: Մեզ էլ հետն է քարշ տալիս այդ վերջի մեջ: Մարդ վախենում է լրահոսին հետևել: Ամեն անգամ ֆեյսբուքն ու կայքերը թարմացնելիս ադրբեջանցիները հերթական 10-20 մետրն են առաջացել:
Բան չմնաց
Բայց ամեն ինչ այնքան վատ չէ, որքան կարելի է պատկերացնել: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մեր հետ է և մեզ շատ է սիրում: Ինչքան 44-օրյա պատերազմի ժամանակ էր մեր հետ ու մեզ սիրում:
Ու մեկ էլ Տեր-Պետրոսյանն է ռուս դեսպանի հետ հանդիպել: Վայ, դուք դեռ չգիտեք՝ ինչի են հանդիպել: Իշխանամերձ վերլուծագանգերն անմիջապես առաջ են քաշել այն կոնսպիրոլոգիական, դավադրապաշտական տեսությունը, թե ռուս դեսպանը ուզում էր հասկանալ, թե որքանով է հավանական Տեր-Պետրոսյան - Սերժ Սարգսյան դաշինքը, քանի որ դա խփելու է ռուսների գործին, քանի որ ռուսները «ստավկա» են դրել Քոչարյանի վրա... շարունակությունը չկարդացինք: Չիմացանք, թե այդ դավադրության տուտը որտեղ է հասնում: Ոչինչ, բան չմնաց: Ոչ ընտրություններին, ոչ էլ՝ մեր երկրին: