...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Շախ և պատ

Մեր ներքաղաքական զարգացումները և իշխանության համար պայքարը տեղ-տեղ շախմատ են հիշեցնում: Թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը ցուգցվանգի մեջ են: Ցուգցվանգն այն է, որ ցանկացած քայլ, որ պետք է անես, պարտության է հանգեցնում: Ընդ որում, երկու կողմերն էլ կամավոր են այդ քայլերն անում: Իշխանությունը քայլ է կատարում, անպայման անհաշվենկատ, անպատասխանատու և հանրությանը գրգռող: 

Ընդդիմությունն է քայլ անում, էլ ավելի անպատասխանատու և զուրկ որևէ ռացիոնալ մտքից: Ի վերջո, սրանց բոլոր քայլերը հանգեցնում են պարտության: Միայն թե՝ ոչ թե իշխանության կամ ընդդիմության, այլ պետության պարտության: Հանրության, պետականության գոյությունն են վտանգել: Երկու կողմն էլ կոտոշները տնկած՝ պատրաստվում են ներքաղաքական «ավարայրի» ճակատամարտին: Ի՞նչ տեղի կունենա Արցախում, Սյունիքում, սահմաններում, ի՞նչ ապագա է սպասում ժողովրդին, բացարձակապես ոչ մեկին չի հետաքրքրում:

Այս օրերին Ադրբեջանը սահմանագծման անվան տակ առաջ է շարժվում հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում: Ու դեռ շարունակելու է, քանզի այս պահին սահման պահող չկա: Բանակ չկա: Բացարձակ անիշխանություն է: Ստացվում է, որ այսօր անիշխանության համար է պայքար գնում: 

Ու հիմա նաև ցայտնոտի մեջ ենք հայտնվել: Իրավիճակը շտկելու համար ժամանակը շատ սուղ է: Որքան դանդաղենք, որքան ավելի շատ թաղվենք ներքաղաքական գզվռտոցների մեջ, այնքան ավելի քիչ ժամանակ ենք ունենալու մեր խնդիրները լուծելու համար: Իսկ ինչքան ժամանակը քիչ լինի, այնքան լուծելու համար անհրաժեշտ որոշումները ավելի վատն են լինելու և ավելի անարդյունավետ: Որովհետև մտածելու համար ժամանակ չի մնալու: 
Եվ միայն ժողովուրդն է, որ պատային վիճակում է հայտնվել: Չգիտի, թե ինչ անի: 

Եվ այդ մեկ զրոն դու ես, մեկ զրոն դու ես, մեկ զրոն դու ես...

Իշխանություններն այս շաբաթ շարունակեցին ապշեցնել իրենց... չգիտենք էլ, թե ինչպես դա բնորոշենք. ջայլամի քաղաքականություն է դա, ինչ է: Քաղաքագիտության մեջ համապատասխան տերմին չենք ճարում, որ նկարագրենք: 

Նիկոլ Փաշինյանը 2,5 տարի հայտարարում էր, թե Ղարաբաղի հարցի կարգավորումը սկսում է զրոյական կետից: Այսինքն, ինչ նախկինում եղել է, ինչ պայմանավորվածություններ, համաձայնություն և այլն, դրանք բոլորը ջրվում են: Ինքը նոր հեծանիվ պիտի հնարեր: Հիմա, երբ պատերազմը տանուլ տվեց, Արցախը կորցրեց, ասում է՝ բոլոր նախկին իշխանությունները մեզ «պադստավկա» արեցին, ձախողված քաղաքականություն են վարել, իրեն թողել են ձախողված դիվանագիտություն, դրա համար էլ պարտվեցինք: Նույնիսկ Լիսաբոնի 1996 թվականի ԵԱՀԿ գագաթնաժողովն է հիշել՝ որպես ծանր դիվանագիտական պարտություն: 

Լավ, ընդունենք, որ բոլոր նախկինները՝ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած և վերջացրած Սերժ Սարգսյանով, ձախողել են Ղարաբաղի հարցում, բանակցություններում, ստորագրած փաստաթղթերում, միջազգային պարտավորություններում: Ընդունենք, դա ճիշտ է: Բա մեկը չլինի՞, Նիկոլին հարց տա. եթե դու հայտարարում էիր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը զրոյական կետից ես սկսում, քո համար ի՞նչ տարբերություն, թե նախկինները նախկինում ինչեր են արել: Ի՞նչ տարբերություն, Լիսաբոնի գագաթնաժողովում հաջողությա՞ն ենք հասել, թե՞ անհաջողության, Քոչարյանը Մեղրիի՞ տարբերակ է քննարկել, թե՞ ընդհանուր պետության, Սերժ Սարգսյանը Լավրովի պլա՞ն է ընդունել, թե՞ Մադրիդյան: Եթե զրոյական կետից էիր սկսում: 

Գյոզալ երկրի պահապանները

Մեր վրա չեն գալիս իշխանավորները: Միայն Տեր-Պետրոսյանն էր, որ իշխանության գալով, երբևիցե անհաջողությունների, ծագած խնդիրների, դժվարությունների համար մեղքը չգցեց նախկինների վրա: Չի ասել. գիտե՞ք ինչ, էն, որ Ադրբեջանը 1992-ի հունիսին գրավեց Մարտակերտը, մեղավորը Դեմիրճյանն էր, կամ՝ Քոչինյանը: Դրանից հետո Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը եկան, ասին՝ Լևոնը գյոզալ երկիրը թալանել է, վարի է տվել, Ղարաբաղի հարցում էլ հողեր էր հանձնում: Նիկոլ Փաշինյանը եկավ, ասաց՝ բոլոր նախկինները թալանել են, գռփել են, Ղարաբաղի հարցում էլ պարտվողական քաղաքականություն են վարել, որի պտուղները ինքն է քաղում: 

Հետաքրքիր է, բա որ Վազգեն Մանուկյանը ճաղեր ու կողեր ջարդելով, ի վերջո իշխանության գա, նա ի՞նչ է ասելու: Մի քիչ բարդ է լինելու. ասի՝ նախկինները վարի են տվել երկիրը, այդ նախկինների մեջ ինքն էլ է մտնում: Ասի՝ մենակ Նիկոլն է վարի տվել գյոզալ երկիրը, կստացվի, Լևոն Տեր-Պետրոսյանը վարի չի տվել: Էդ էր պակաս, որ հանկարծ նման բան ստացվի: Ավելի շուտ ԱԺՄ-ի կնիքը կուտի, քան թե նման բան կասի: Ասի՝ Լևոնն ու Նիկոլն են գյոզալ երկիրը վարի տվել, կնշանակի, տարիներ շարունակ ստախոսությամբ է զբաղվել, երբ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հանցագործ ու իշխանությունը զավթած զույգ էր համարում: Արխիվները մնում են ու հաստատում դա: 

Բայց մի բան կանի: Վազգեն Մանուկյանը «կռուտիտի» արվեստում շատ ավելի թրծված հին «գել» է, քան Փաշինյանը: Բայց սկզբից պետք է ճաղերի հարցը լուծի: Իսկ դա միայն «կռուտիտով» հնարավոր չէ: Պետք է վերջապես գործարկել այդ իր սիրելի հայկական «Մայն կամպֆը»: Ոնց էլ լինի, դրա կոնսպեկտները պահած կլինի:

«Չորրորդ իշխանություն», թիվ 39, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ