Հայկական մաթեմատիկա. 1+1= 67
Այս շաբաթ ավելի արմատավորվեց այն համոզմունքը, որ Հայաստանին և Արցախին սպասվում են շատ բարդ ու ծանր ժամանակներ: Թվում էր, թե պատերազմը և նրա աղետալի հետևանքները կստիպեն քաղաքական ուժերին, մտավորական ինչ-որ շերտերի, հանրությանը վերանայել վերաբերմունքը կյանքի հանդեպ, դուրս գալ այն կարծրատիպերից, որոնց մեջ կաղապարված ենք եղել տասնամյակներ շարունակ: Հույս ունեինք, որ յուրաքանչյուրն ինքն իրեն հարց կտա. ինչո՞ւ այսպես եղավ, և ինքն էլ կփորձի գտնել այդ հարցի տրամաբանական, փաստարկված պատասխանը:
Առայժմ զգոնության, սթափության, տրամաբանելու նշույլներ չենք տեսնում ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմադիր ուժերի մոտ: Երկու կողմն էլ համարում է, որ ինքը ճիշտ է, և իր ձախողումները պայմանավորված են ոչ թե իրենց նեղ մտահորիզոնով, նյութապաշտությամբ, իրերին ռեալ նայելու ունակության պակասով կամ իսպառ բացակայությամբ, քաղաքական, բարոյական և մշակութային ցածր կուլտուրայով, այլ իրենցից անկախ պատճառներով, արտաքին ու ներքին ինչ-որ դավադրական գործոններով, ու էլի հազար ու մի նման պատճառ:
Այս ուժերը, այսինքն՝ իշխանությունն ու ընդդիմությունը, մինչև հիմա համարում են, որ քաղաքականությունը կարելի է իրականացնել երազանքների, զգացմունքների, ցանկությունների հիման վրա: Ոչ թե սառը դատողության, սթափ հաշվարկների վրա:
Զուտ մաթեմատիկայի առումով սրանք խնդիր չունեն. բոլորն էլ ընդունում են, որ 1+1-ը հավասար է 2-ի: Բայց քաղաքական դաշտում սրանց մոտ 1+1-ը ստացվում է 7-ի, 31-ի, կամ՝ 68-ի: Որովհետև այդպես են ուզում, դա իրենց երազանքն է: Ու ինչքան էլ բացատրում ես, որ ընկեր ջան, մեկ է՝ թեկուզ աշխարհի բոլոր փողերը ձերը լինեն, թեկուզ Հայաստանի մեդիադաշտը ամբողջությամբ ձեր վերահսկողության տակ լինի, ուզում եք՝ խփեք ձեզ պատերին, տրտինգ տվեք, 1+1-ը միշտ հավասար է լինելու 2-ի: Սրանք համոզված են, որ մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է, իսկ ահա՝ քաղաքականությունը, քաղաքագիտությունը... տենց էլի, աբստրակտ բան են, որտեղ կարևորը լավ խոսելն է, ճոռոմ-ճոռոմ դուրս տալը, երազանքների գիրկն ընկնելը:
Ասում են՝ 1+1-ը հավասար է, օրինակ՝ 5-ի: Հետո, երբ կյանքը ցույց է տալիս, որ 5-ի չէ հավասար, չեն ասում՝ մեղավոր ենք, պատասխանատու ենք, մի տեղ սխալ ենք հաշվել: Իշխանությունն ասում է. եթե չլինեին նախկին իշխանությունների 30 տարվա սխալները, հաստատ 5 էր լինելու: Այս ընդդիմությունն էլ հակադարձում է, թե չէ, այ դավաճան իշխանություն, որ դու սխալներ չանեիր, ժամանակին այս ու այն քայլերն իրականացնեիր, այ էդ վախտ հաստատ 5 կլիներ:
Դրա համար էլ այս վիճակում ենք: Մենք չգիտենք, էլ ինչ պետք է լինի, որ սրանք սկսեն ուղեղներն աշխատեցնել: Մեր համար շատ բարդ է սրանց քայլերը, խոսքերը, գործողությունները մեկնաբանել, տրամաբանության դաշտում սրանց հետ ընդհանուր եզրեր գտնելը գործնականում անհնար է:
Սրանք անհույս են
Բերենք մի օրինակ, որպեսզի համոզվեք, որ սրանց հետ հնարավոր չէ բանավիճել. այս ընդդիմությունը՝ Քոչարյանը, դաշնակները, Մանուկյան Վազգենը, Նիկոլ Փաշինյանին մեղադրում է, որ պատերազմի ընթացքում վերջինս մի քանի անգամ մերժել է ռուսների առաջարկը կամ Լավրովի պլանը: Բայց այդ մեղադրողների մի մասը՝ հանձինս ՀՅԴ-ի, Իշխան Սաղաթելյանի, հայտարարում է, թե ինքը Լավրովի պլանին դեմ կլիներ: Այսինքն, Նիկոլ Փաշինյանին մեղադրում են մի բան չանելու մեջ, որոնք իրենք էլ չէին անելու: Սա տրամաբանակա՞ն է: Ո՛չ: Դե արի, ու սրանց հետ խոսիր:
Կամ, ասում ես, եթե դուք ասում եք, որ Լավրովի պլանը պետք էր ընդունել, նշանակում է, դուք ընդունում եք, որ սխալվել եք, ղալաթ եք արել, որ 1997-ին դեմ եք եղել կարգավորման փուլային տարբերակին, որը շատ ավելի նպաստավոր ու շահեկան էր, քան Լավրովի պլանը: Ասում են՝ չէ, էդ ի՞նչ ես ասում, 97-ին Լևոնը ուզում էր հողերը ծախել: Եվ ընդհանրապես, սաղ ինքն է մեղավոր: Սաղ իրանից է սկսվել: Հարցնում ես՝ ինչի՞: Վազգեն Մանուկյանը պատասխանում է. որովհետև ինքը 96-ին չթողեց, որ նախագահ դառնամ: Դաշնակներն ասում են. որովհետև ինքը ապազգային էր, համ էլ չթողեց, որ զինված ջոկատներ ունենանք: Քոչարյանն էլ ասում է. ես ավելի լավ լուծում ունեի, համ էլ ինքը գյոզալ երկիրը քանդել էր: Գտեք սրանց պատասխաններում տրամաբանություն, սթափ դատողություն:
Պատրաստվեք նոր «հերոսամարտի»
Բա սրանց մանր «շուստրիություննե՞րը»: Իշխանությունների ներկայացուցիչներն ասում են. Լևոնն է մեղավոր, ինքն ա Քոչարյանին ու Սերժին բերել, փաթաթել հայ ժողովրդի վզին: Քոչարյանա-դաշնակցական մառազմատիկներն էլ ասում են. սաղ Լևոնն է, ինքն է Նիկոլին աճեցրել, ինքն է Նիկոլի հոգեհայրը, պապը, աստվածը, գաղափարական ստնտուն: Էս քանի օրն էլ գրել էին, թե Տեր-Պետրոսյանն է Նիկոլին ու Աննային ամուսնացրել: Սա է մեր քաղաքական դաշտի այսօրվա մակարդակը: Բա ո՞նց անենք:
Ու երբ մենք մեր էջերում փորձում ենք ցույց տալ այս ուժերի գաղափարական սնանկությունը, կամ սկզբունքների բացակայությունը, կամ ամբոխահաճո գործելաոճը, երկու կողմից էլ վրա են տալիս: Էդ ո՞ւմ հերոսին բան ասիր: Մի մասի համար հերոսը Նիկոլն է, մի մասի համար՝ Քոչարյանը: Իրենք իրար մեջ «հերոսամարտ» են մղում: Արցախի ու Հայաստանի հաշվին: Փոխարենը ինքնակենսագրական գրքերի դատարկ էջերը կլրացվեն:
«Չորրորդ իշխանություն», թիվ 5, 2021