Վազգեն Մանուկյանից կոստյումն է մնալու
Այս շաբաթն էլ գլորեցինք: Կամ՝ գլորվեցինք: Դա առաջիկայում կերևա: Բայց հետաքրքիր շաբաթ էր: Էնքան հավես է հետևել, թե ինչպես է հատկապես մեր ընդդիմությունը փոխակերպումների ենթարկվում, ինչպես՝ մարտ գիժ ամսվա եղանակները:
Մենակ մի բանում է այս ընդդիմությունը համոզված, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է: Մնացածների հերոս կամ դավաճան լինելը օրվա մեջ կարող է մի քանի անգամ փոխվել:
Արմեն Սարգսյանը: Մի պահ Վազգեն Մանուկյանը քիչ էր մնում գնար, ձեռքերը համբուրեր: Երբ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը հետ ուղարկեց: Նույնիսկ Սերժ Սարգսյանին էին գովում, որ Արմեն Սարգսյանին բերեց Հայաստան ու նախագահ դարձրեց: Նախագահի պետականամետ և հայրենիքափրկիչ վարքագծի մասին ով չալարեց, խոսեց:
Բայց հենց Արմեն Սարգսյանը ինչ-որ ֆինտուֆլուշկեք արեց (զերծ ենք մնում Օնիկ Գասպարյանին ազատելու հետ կապված բոլոր իրավաբանական նյուանսներն ու սահմանադրական դրույթները ներկայացնելուց, մեկ է, մարդ դրանից գլուխ չի հանի, այնքան խուճուճ են, համոզված ենք, նույնիսկ Հրայր Թովմասյանը չի կարող իր գրածները բացատրել), ազգի դավաճան հանեցին: Բաղրամյան պողոտայում խորովածը մի քանի տասնյակ սովյալ ընդդիմադիրների բկին մնաց: Հիշեցրին նրա բրիտանական անցյալն ու ներկան, մի երկու հոգի գրեցին, որ նրան Լևոնն է բերել, հետևաբար, Լևոնի հոգեզավակն է:
Բայց մի պահ եղավ, երբ Արմեն Սարգսյանի հոգեզավակոտ մոմենտները թարգեցին շահարկել, քանի ընդդիմության ներկայացուցիչները հետը հանդիպել էին և նախագահից հերոսական որոշ մտքեր էին լսել: Այս պահի դրությամբ Արմեն Սարգսյանի մոտ հերոս-դավաճան հարաբերակցությունը կազմում է 45%-ը 55%-ի դիմաց:
Լավ չի արդեն նաև Օնիկ Գասպարյանի հերոս-դավաճան հարաբերակցության վիճակը: Հերոսական տոկոսները գնալով հալվում են: Իսկ սկիզբն ինչքան լավ էր: Բաղրամյանի խորովածանոցներում միայն նրա կենացն էին խմում, որոշ ազգանվեր-հայրենափրկիչներ ԳՇ պետին արդեն հայկական Շառլ դը Գոլ էին համարում: Երևան մտնող մի քանի ճանապարհի վրա առավել ֆանատիկները կանգնել էին, որպեսզի ծաղիկներով ու պիցցաներով դիմավորեն Օնիկ Գասպարյանի տանկերը: Վազգեն Մանուկյանն անընդհատ ժամացույցին էր նայում, թե երբ է գեներալը գալու, Նիկոլին բռնի, տանի մի տեղ գյուլլի, որ ինքը վերջապես հագնի վարչապետի կոստյումը:
Բայց հետո այս ոգևորվածությունը սկսեց խամրել: Տանկերը չկային ու չկային: Ինչքան ուշացան, էնքան ընդդիմությունը սկսեց ինչ-որ բան կասկածել: Քանի որ Դավիթ Շահնազարյանի հոտառությունը սուր է, առաջինն ինքը զգաց, որ Օնիկ Գասպարյանը դավաճանության ուղին է բռնել՝ չձերբակալելով Նիկոլ Փաշինյանին:
Հետո նրան սկսեցին ձայնակցել ընդդիմության ձայնակցողները: Մենք Օնիկ Գասպարյանի տեղը լինենք, նաև ընդդիմության հրաժարականը կպահանջեինք: Բայց քանի որ ընդդիմությունը պաշտոն չէ, կարելի է պահանջել ընդդիմության չքացումն իր աչքից: Թուրքերեն լավ է հնչում այդ բառը, բայց չգրենք, թե չէ մեզ էլ թուրքաջհուդամասոնական գործակալներ կհանեն:
Ժեխ և տեսարաններ
Շաբաթվա կտրվածքով արտահայտվեցին Հայաստանի երկու նախկին ղեկավարները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Եկեք համեմատենք: Այսինքն, ի՞նչը համեմատենք. Քոչարյանը ռուսական լրատվամիջոցների համար ռուսերեն՝ ռուսական լսարանի ու Կրեմլի համար ասուլիս էր յանըմ տվել: Երբ ռուսների համապատասխան տեղը մտնելու փորձերի փոխարեն կարող էր ընդամենը մի ստատուս գրել. հարգելի Վ. Պուտին ջան, գիտես, հրով թե սրով, արյամբ թե ԺԵԿ-ի տեղեկանքով, նաղդ պատրաստ եմ վլաստը վերցնել, մանավանդ որ ռազմական հեղաշրջումների փորձ էլ ունեմ: Քո զանգին եմ սպասում: Ամբողջ ասուլիսի իմաստը դա էր: Ռուսների «դաբրոն» էր ուզում:
Լևոն Տեր-Պետրոսյանն էլ մի երկու տողով գրել է, որ ընկեր ջան, ռազմական հեղաշրջմամբ Հայաստանը որոշել ես Աֆղանստա՞ն, թե՞ Սոմալի դարձնել: Ու դրվատանքի խոսքեր է հասցեագրել Օնիկ Գասպարյանին, որ վերջինս պինդ նյարդեր ունի և տեղի չի տալիս ընդդիմության պահանջներին, ցուցաբերում է զսպվածություն:
Դե գնացեք, գժվեք
Ընդդիմությունը միանգամից մոռացավ Նիկոլ Փաշինյանին: Վայ, էդ ի՜նչ հոգեխանգարմունքի մեջ ընկան: Վաղուց մեր սոցցանցերում կլանչոցների, վնգստոցների, կաղկանձների և հոգեխանգարումախառն ձայներ չէին լսվել: Ո՞նց թե Լևոն Տեր-Պետրոսյանը Օնիկ Գասպարյանին գովի, ոնց թե ռազմական հեղաշրջումը վատ բան համարի: Էս ո՞ւմ ասիր: Նու, էդ ամբողջ ոռնոցը չենք ներկայացնում, խնայում ենք ձեր ականջներն ու նյարդերը, բայց մի արձագանք արժե ներկայացնել:
Արմեն Աշոտյանն էր գրել. «Երկրի առաջին նախագահը, կարծում եմ, զերծ պետք է մնա «պահի թելադրանքով արձանագրումներից», այլ առավել կենտրոնանա ոչ թե պահերի, այլ հորիզոնների վրա։
Մենք չունենք ոչ շռայլություն, ոչ էլ ժամանակ զբաղվելու տեսական վարժանքներով այլ երկրների ռազմական հեղաշրջումների կամ ազգային աղետների շուրջ»:
Ժամանակին Տեր-Պետրոսյանը Արցախի հակամարտությունը լուծելու անհրաժեշտության մասին գրելիս, խոսելիս պատմությունն էր հիշեցնում, բերում էր Ալեքսանդրապոլի ու Բաթումի պայմանագրերի օրինակները: Էս քյալլագյոզները 20 տարի շարունակ ասում էին, թե մենք տեսական պատմագիտական վարժանքներով զբաղվելու ժամանակ չունենք: Մեզ 20-րդ դարի ազգակործան աղետներով մի շեղի: Հետևանքը նոր Ալեքսանդրապոլն էր ու նոր աղետը: Հիմա Աշոտյանն ասում է, Առաջին նախագա´հ, կլնի՞, դու ձեն չհանես, դու մեզ խանգարում ես, սպասի, նորից ազգը փրկենք: Հիմա օրենքի ու Սահմանադրության վախտը չի: Օնիկ Գասպարյան, պատկերացնում ե՞ս, ձեզ գովելու համար, Տեր-Պետրոսյանին ցցի հանելու կոչ են անում էն մարդիկ, որոնք մի քանի օր առաջ ձեզ հերոս էին համարում:
Վըխք, Օնիկ Գասպարյանի գործն էլ գործ չէ: Դեռ Հին Հունաստանից գիտեինք, որ ախոռ մաքրելը բարդ գործ է:
«Չորրորդ իշխանություն», թիվ 9, 2021