Իշխանությունը և ընդդիմությունը դարձել են դարդ ու հոգս հայ ժողովրդի համար: Ինչպես ասում էր դասականը՝ ասենք ավելին՝ նրանք դարդ ու հոգս են դարձել անգամ սեփական համախոհների ու աջակիցների համար:
Իշխանության համախոհները ստիպված են ամեն անգամ դուրս գալ փողոց և փրկել իշխանությանը: Համաշխարհային պատմության մեջ թերևս չգտնվի ևս մեկ նման դեպք, որ այսքան կարճ ժամանակահատվածում ժողովուրդը ստիպված լինի բազմիցս փրկել իշխանությանը: Իսկ ընդդիմության աջակիցները ստիպված են օրերով մնալ փողոցներում և լսել Վազգեն Մանուկյանի արդեն վաղուց մառազմի վերածված ելույթները: Ստիպված են լսել, թե իրենց առաջնորդը որքան է կտրված իրականությունից: Ստիպված են ծափահարել Մանուկյանին, երբ նա 3900 հոգանոց հանրահավաքում տեսնում է 5000 երիտասարդ:
Հիմա էլ ստիպված են ունկնդրել իշխանության և ընդդիմության նոր հեքիաթները: Պարզվում է, որ իշխանությունը վաղուց է պատրաստվել արտահերթ ընտրությունների: Ավելին, ունեն նախընտրական կոչ՝ վերջ թավիշին: Բայց վերջում էլ ավելացնում է՝ իհարկե օրենքի սահմաններում: Եվ մեկը չկա հարցնի՝ օրենքի սահմաններում ինչպե՞ս ես վերջ տալու թավիշին: Եթե դա կարողանայիր անել, վաղուց էիր արել, պարզապես չես կարող խոստովանել, որ պահը բաց ես թողել և գործող օրենսդրության սահմաններում հնարավոր չէ նախկինների հարցը լուծել: Իսկ նոր օրենսդրություն ընդունելու համար այլևս չունես նախկին հնարավորությունները: Մի գլխավոր շտաբի պետ չես կարողանում ազատել, ինչպե՞ս ես ընդունելու օրենքներ, որոնք ունենալու են սահմանադրական մեծամասնության անհրաժեշտություն: Նույնը վերաբերում է կիսանախագահական համակարգին անցնելու խոստումներին, իրականում՝ հեքիաթներին: Սահմանադրական դատարանի երեք դատավոր փոխելու համար 1 տարի պահանջվեց, հանրաքվե նշանակելու համար տասնամյակ կպահանջվի: Արմեն Սարգսյանը այնքան երկար կտանի-կբերի այդ օրենքները, մինչև իր լիազորությունների ժամկետն ավարտվի: Շատ չի մնացել, ընդամենը մի երեք տարի:
Նույնն ընդդիմության պարագայում է: Ավելի զավեշտալի ռազմական հեղաշրջում պատմությունը չէր տեսել: Սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա գրված է՝ գործող զինվորականները իրավունք չունեն խառնվելու քաղաքականությանը: Եթե արդեն խառնվել եք, ուրեմն պարտավոր եք անել նաև մյուս քայլը: Օնիկ Գասպարյանը քաղաքական գործիչ ու ակտիվիստ չէ, որ սահմանափակվի կառավարության հրաժարականի պահանջով: Նրա հայտարարությանը պետք է հաջորդեին կոնկրետ քայլեր, բայց կարծես ինքն էլ է թավիշի կողմնակից:
Քաղաքականությունը հնարավորի և կոմպրոմիսի արվեստ է: Ստեղծված իրավիճակում կողմերը պարտավոր են գնալ կոմպրոմիսի: Ընդդիմությունը հայտարարում է, որ չի վստահում Փաշինյանի կազմակերպած ընտրություններին և պահանջում է նրա հրաժարականը: Այստեղ կոմպրոմիսը կարող է հետևյալ կերպ արտահայտվել: Ընդդիմությունը իր շարքերից որևէ մեկին գործուղում է կառավարություն՝ փոխվարչապետի կարգավիճակով: Ընդդիմությանը կարելի է տալ նաև կրթության և առողջապահության պորտֆելները: Ինչ ինչ, բայց ընդդիմության լիդերները լավ գիտեն, որ ադմինիստրատիվ ռեսուրսը հենց այս երկու նախարարությունների գործառույթներում է:
Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պետք է հրաժարական տա, բայց նրա փոխարեն նշանակվի ոչ թե Փաշինյանի նախընտրած թեկնածուն, այլ կառավարության հրաժարականը պահանջած գեներալներից մեկը: Միաժամանակ, նա հրապարակավ պետք է խոստում տա, որ որևէ կերպ գլխավոր շտաբը չի մասնակցելու ներքաղաքական գործընթացներին:
Այսպիսի կոմպրոմիսների շնորհիվ կարելի է կազմակերպել ազատ և արժանահավատ ընտրություններ: Եթե, իհարկե, կողմերը ունեն նման մտադրություն:
Արիս Վաղարշակյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 9, 2021