...

Արմեն Սարգսյանի երազը

Արմեն Սարգսյանի երազը

Ինքը աշխատում է դպրոցում, որպես «Սահմանադրական իրավունք» առարկայի ուսուցիչ: Հերթական դասը 17բ դասարանի հետ է: Ներս է մտնում դասասենյակ, աշակերտները կանգնում են. «Նստեք, նստեք», ձեռքով նշան է անում ինքը: 

Մատյանը բացում է. «Ո՞վ է դասը սովորել»: Դասարանում քար լռություն է տիրում: Բոլորը գլուխները կախում են. «Չեմ հասկանում, այսքան ձեր գլխին դոմփում են, էլի դասեր չե՞ք քաղում: Էս ի՞նչ ծույլիկ դասարան է: Վազգե´ն, մոտեցիր դասատախտակին»: «Ընկեր Սարգսյան, կլնի՞, 20 րոպեից գամ, դասս կրկնեմ»,- խնդրում է Վազգենը:

«Միշտ նույն բանն ես ասում, Վազգենչիկ, լավ, վերջին անգամ եմ թույլ տալիս»,- պատասխանում է ինքը ու նորից նայում մատյանին. «Ռոբե´րտ, դու արի, սովորել ե՞ս»:

«Ընկեր Սարգսյան, կթողնե՞ք, գնամ տուալետ»,- ասում է Ռոբերտը: «Տղա ջան, հերիք է, ոնց որ գրանցված լինես տուալետում, հետո գնում, այնտեղ մեկին չամռվում ես, կռիվ ես անում: Չեմ թողնում»,- բարկանում է ինքը:

«Նառա, արի»: Նառան մոտենում է դասատախտակին, ձեռքով երկար մազերը մի կողմից հետ է գցում, հետո՝ մյուս կողմից: «Սահմանադրությունը,- սկսում է ինքը,- սահմանադրությունը... ըըը, սահմանադրությունը... ընկեր Սարգսյան, ինչի՞ եք ամեն անգամ ինձ հարցնում»,- նեղված հարցնում է Նառան:

«Սո´ւս մնա»,- զայրանում է ինքը,- «սաղ խելքդ տվել ես շորերիդ, դրա համար էլ բան չգիտես: Նստի´ր, երկու: Արփինե´, սովորել ե՞ս»: «Չեմ սո-վո-րել»,- նվաղած ձայնով պատասխանում է Արփինեն:

Մեկ էլ վերջին նստարաններից աղմուկ է լսվում: Նայում է, Նիկոլն ու Օնիկը իրար քաշքշում են: «Դե գնա, քո´ւ»,- գոռում է Նիկոլը: «Տո, դու գնա»,- հակադարձում է Օնիկը: «Քեզ ասում եմ, դու գնա»: «Չէ, դու գնա»:

«Ի՞նչ ա եղել, էս ինչի՞ եք նորից կռվում»,- հարցնում է ինքը: «Ընկեր Սարգսյան, սաղ ինքն է մեղավոր, որ դասս չեմ սովորել»,- ասում է Նիկոլը:

«Նիկոլ, ամեն անգամ դասը չես սովորում, մեղքը գցում ես ուրիշների վրա: Էն անգամ էլ Սերժի հետ կռվեցիր, ասում էիր, թե քեզ սխալ գիրք է տվել, դրա համար առարկան լավ չես յուրացրել: Ֆսյո, հերիք է, քառորդդ «երկուս» եմ նշանակում: Դուրս արի, գնանք տնօրենի մոտ»,- ասում է ինքը:

Նիկոլի ձեռքը բռնած, դուրս են գալիս դասարանից, տեսնում են՝ Արայիկ Հարությունյանը կողքի դասասենյակի դռան մոտ կանգնած, մի հոգևորականի հետ վիճում է. «Ես էլ ասում եմ, դասարան չես մտնելու»: Մի քիչ էլ են գնում, տեսնում են, Ալենը ուսուցչանոցի դռան մոտ կռացած, ականջը դրել է դռան անցքին ու ինչ-որ բան է գրում տետրում: 

Հասնում են տնօրենի աշխատասենյակի մոտ, մեկ էլ Նիկոլն ասում է. «Լավ էլի, ընկեր Սարգսյան, էլ չեմ անի, կլնի՞, հունիսի 20-ին գամ ու վերաքննություն հանձնեմ: Լավ էլի, մի տարեք տնօրենի մոտ»:

Այդ պահին Վազգենը վազելով գալիս է ու ասում. «Սրան չհատավաք, ընկեր Սարգսյան, ինձ նշանակեք դասարանի ավագ: Ինքը լավը չի»: Հիմա էլ Նիկոլն ու Վազգենն են իրար հագնում: Գըմփ, բըշ, թըխկ. «Դավաճա´ն», «Սրիկա´», «Դա-վա-ճա´ն», «Սը-րի-կա», լսվում է կռվի թոհուբոհում: Մեկ էլ Վազգենը ուզում է բռունցքով հարվածել Նիկոլի դեմքին, էն էլ իր գլխին է կպնում: Ինքը չի հասցնում առարկել ու ուշագնաց է լինում:

Արթնանում է Երևան-Լոնդոն ինքնաթիռում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 11, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ