...

Պատմում ենք իրական պատմությունը

Պատմում ենք իրական պատմությունը

Անեկդոտներ՝ «Իսկանդերի» մասին

Շարունակում ենք ներկայացնել մեր խենթաշխարհի իրադարձությունները: Մի ժամանակ հայկական ռադիոյին հարցեր էին տալիս ու անեկդոտային պատասխաններ ստանում, հիմա Հայաստանն է աշխարհին լիքը հարցեր տալիս ու անեկդոտային իրավիճակներ ստանում:

Ու ինչի՞ց սկսվեց այս ամենը: Սերժ Սարգսյանից: Հանգիստ ապրում էինք, բերեց, էդ անտեր «Իսկանդերները» մեր վզին փաթաթեց: Ոչ դրա բվվոցը լսեցինք, ոչ՝ գվվոցը: Պատերազմի ժամանակ նույնիսկ զրո տոկոսով չկրակեց, ուր մնաց՝ 10 տոկոսով: Ու գնաաա՜ց կաշը:

«Իսկանդերի» պատմությունը վառ էջերով կմնա հայոց բազմաչարչար պատմության մեջ: Նիկոլ Փաշինյանին սխալ էին զեկուցել: Ինքն էլ սխալ հայտարարություն էր արել: Հետո ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը սխալ էր ծիծաղել: Տիրան Խաչատրյանի այս սխալ ծիծաղը Նիկոլ Փաշինյանը սխալ էր ընկալել ու սխալմամբ նրան ազատել աշխատանքից:

ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն էլ սխալմամբ ջղայնացել ու պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նիկոլ Փաշինյանն էլ սխալմամբ որոշեց Օնիկ Գասպարյանին էլ հանել գործից: Ջուր խմեք:

Շարունակենք: Հա, ի՞նչ էինք ասում. Արմեն Սարգսյանն էլ սխալմամբ հետ ուղարկեց Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը: Այդ ընթացքում մեր սխալ ընդդիմությունը ահավոր և ահագին ոգևորվեց, որոշեց, որ հեսա Օնիկ Գասպարյանը տանկերը կմտցնի Երևան ու այդ առթիվ Բաղրամյան պողոտայում խորովածի սեղաններ գցեց, մե քեֆ, մե ուրախություն: Ափսոս, Հայաստանում մարշալի կոչում չկա, թե չէ Վազգեն Մանուկյանը իր հրամանագրով Օնիկ Գասպարյանին այդ կոչումից կտար:

Բայց Նիկոլ Փաշինյանը սխալմամբ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը նորից ուղարկեց Արմեն Սարգսյանին: Վերջինս էլ սխալ մտորումների մեջ ընկավ. ի՞նչ անի՝ Միքայել Մինասյանն ասում է. էս քո վերջին շանսն է պետությունը փրկելու, Նիկոլ Փաշինյանն էլ այնտեղից է ասում՝ էս քո վերջին շանսն է պետությունը փրկելու: Այսինքն, ինչ էլ աներ, պա լյուբոմու պետությունը փրկվելու էր: Բայց վերջին 20 տարում պետությունը ոչ ոք չէր փրկել, ի՞նքը ինչի պիտի փրկեր, կրակն ընկներ: 

Մեր փրկիչ Հրայրը

Ահա այսպիսի սխալ իրավիճակ էր ստեղծվել, ոչ ոք չգիտեր, թե ինչ է մեզ սպասվում, բայց... կեցցե՜ մեր Սահմանադրությունը: Հալալ է Հրայր Թովմասյանին: Որ էս քանի օրը Բաղրամյան պողոտայով անցնելիս լինեք, ձեռքով ողջունեք իրեն, ինքը Սահմանադրական դատարանի շենքի 3-րդ հարկի աջ կողմից 4-րդ պատուհանի մոտ միշտ ցցված է:

Այո, այս Սահմանադրությունը լուծեց ներքաղաքական ճգնաժամը: Ի՞նչ է ասում Սահմանադրությունը. պարզ, սևով սպիտակի վրա գրված է՝ եթե Նիկոլ Փաշինյանը ուզում է ԳՇ պետին հանել, բայց ուժը չի պատում, ԳՇ պետն էլ համառում է, այդ դեպքում հրամանագիրը ուղարկվում է նախագահական նստավայր, այնտեղ ընթերցվում, հետո հետ է ուղարկվում, հետո սպասում են, որ Թուրքիան ու Ռուսաստանը մտահոգություն արտահայտեն, հետո Սահմանադրության 4-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, Օնիկ Գասպարյանը հերոս դառնալու շանս է ստանում, բայց քանի որ ինքը Սերժի պասով է պահանջել Նիկոլի հրաժարականը, ուրեմն՝ ուժի մեջ է մտնում Սերժ-Օնիկ գաղտնալսված հեռախոսազրույցը, որի դեպքում Արմեն Սարգսյանը Ամուլսարը սար դարձնելու շանս է ստանում, հրամանագրի մեջ հակասահմանադրական տարրեր է նկատում, ու քանի որ այդ տարրերը առկա չեն Ամուլսարի շահագործման ընթացքում արտանետվող վտանգավոր քիմիական տարրերի ցանկում, ինքը դիմում է ՍԴ ու այդպես Օնիկ Գասպարյանին հանում են գործից: Շատ պարզ ու բոլոր համար հասկանալի սահմանադրություն է: 

Բարկանում ե՞ս, աղա ջան

Այնքան պարզ, որ չենք հասկանում, թե Վազգեն Մանուկյանն ինչի է կատաղել: Ասում է՝ Արմեն Սարգսյանից հաշիվ եմ պահանջելու: Արմեն Սարգսյանն ի՞նչ անի, գնա՝ քո հոգևոր զավակներ Հրայր Թովմասյանից ու Վարդան Պողոսյանից հաշիվ պահանջի: Սերժ Սարգսյանի հագով հոյակապ տեքստ էին գրել, նույնիսկ Վազգեն Մանուկյանի համար հատուկ Հանրային խորհրդի նախագահի պաշտոն էին արարել, մեր ազգափրկիչը հիմա ինչի՞ց է դժգոհ: 

Հ.Գ. Բայց սահմանադրության մեջ մի սողանցք կա. եթե մարտի 4-ին, մինչև ժամացույցի 12-րդ ղողանջը Օնիկ Գասպարյանը հասցնի դուրս գալ այս թնջուկից, նա Մոխրոտիկի չի վերածվի:

«Չորրորդ իշխանություն», թիվ 8, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ