...

Համարյա քաղաքական դաշտ

Համարյա քաղաքական դաշտ

Համարյա քաղաքական դաշտ

Նախորդ շաբաթների համեմատ, այս շաբաթը զարմանալիորեն մի քիչ քաղաքական ստացվեց: Արդեն մի տասը օր է, ինչ ընդդիմության ճամբարից շշուկներ կային, որ 17 ուժերի դաշինքը ճաքեր է տվել: Եվ շուտով դրա հետ կապված հստակություն կլինի:

Պարզ ասենք. ի սկզբանե ենթադրում էինք, որ Վազգեն Մանուկյանին նախկին իշխանությունները մեյդան էին հանել՝ մտածելով, որ նրա միջոցով կտապալեն իշխանություններին, ժամանակավոր կառավարություն կլինի, նոր ընտրություններ կհայտարարվեն, որից հետո նոր այս ընդդիմության իրական հայրերը ստվերից դուրս կգան և իշխանությունը կվերցնեն իրենց ձեռքը: Կոպիտ ասած, Վազգեն Մանուկյանի ձեռքերով պետք է տաք շագանակները հանեին կրակի միջից:

Այն էլ այդ սցենարը կատարյալ ֆիասկոյի ենթարկվեց: Պարզվեց, որ Վազգեն Մանուկյանը բանի պիտանի չէ: Հերիք չէ, որ այդպես էլ իրավիճակը շտկելու ուղղությամբ գոնե մի քայլ չառաջարկեց, չներկայացրեց, պարզվեց, որ խոսել էլ չգիտի: Մարդ, որը հավակնում է երկրի ղեկավար լինել, իրեն քննադատողների մի մասին անվանում է բոմժ, մյուս մասին՝ ժեխ: Չարաճճի մարդ, որը զայրացած է ժողովրդի վրա, որ չեն գնահատում իր ազգափրկիչ առաքելությունը:

Այնպես որ, այս ընդդիմությունը՝ Վազգեն Մանուկյանով հանդերձ, իրականում այս իշխանությունների փրկօղակը դարձավ: Առավոտից երեկո՝ ջարդենք, փշրենք, պատժենք, կախենք, ջարդենք, փշրենք. իրենց բառապաշարի 90 տոկոսը սա էր: Էդ ո՞վ պիտի ձեզ աջակցեր: Կամ նման կոչեր հնչեցողներին Նիկոլ Փաշինյանն ինչի՞ պիտի իշխանություն հանձնի: Ընդհակառակը, շատ լավ օգտվում է դրանից, հանրությանն ասում է. նայեք, սրանք ովքեր են: 

Դրա համար էլ, երբ Գագիկ Ծառուկյանը, հետո՝ Արթուր Վանեցյանը շան լափ թափեցին Վազգեն Մանուկյանի գլխին, արդեն պարզ դարձավ, որ մի բան այն չէ: Սկսեցին նույնիսկ հումոր անել. ընդդիմադիր 17 «+» կամ «-» շարժում: Այսինքն, 17-ը մանրից սկսեց փոքրանալ:

Բարև, Ռոբ

Իսկ հետո ավելի հետաքրքիր զարգացումներ մեկնարկեցին: Խոսակցություններ սկսվեցին, որ իշխանությունները պատրաստվում են արտահերթ ընտրություններ անցկացնել: Հետո լուրեր տարածվեցին, որ որոշ ընդդիմադիր ուժեր էլ են ձեռքը թափ տվել Վազգեն Մանուկյանի վրա և որոշել ընտրությունների գնալ: Այս մասին մենք տեղեկացանք Միքայել Մինասյանից: Վերջինս իր գրառման մեջ շանթ ու որոտ տեղաց այն ուժերի գլխին, որոնք հետ են կանգնել բռնի ճանապարհով իշխանություններին տապալելու գործընթացից: Նրանց համարեց Նիկոլի հանցակից, դավաճան ու ազգադավ: Սպառնաց, որ պատասխան են տալու այդ ուժերը:

Մինչև մենք կվերծանեինք, թե այդ որ ուժերն են, ասպարեզում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանն ու ազդարարեց արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին: Նույնիսկ հայտարարեց, որ անպայման հաղթելու են: Իսկ դա նշանակում է, որ Վազգեն Մանուկյանին պատվավոր թոշակի կուղարկեն: Նրա օգտագործման ժամկետն ավարտվեց: Դե, իհարկե, ձևի համար Վազգեն Մանուկյանը մի քանի օր էլ կսպառնա ճաղեր ջարդել, ապստամբություն է, բան է, դրանից անել, բայց նա վերջացավ: Խնդալու կլինի, եթե հանկարծ Վազգեն Մանուկյանը հայտարարի, թե Ռոբերտ Քոչարյանը խախտել է ինչ-որ պայմանավորվածություններ ու իրեն քցել է: Ինչպես 1998-ին էր ասում: 

Միշիկը նստել, մի մութ անկյունում...

Այնպիսի տպավորություն ունենք, որ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև ինչ-որ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Գուցե՝ հեռակա, գուցե՝ միջնորդավորված, գուցեև՝ անխոս, բայց կարծես երկուսին էլ ձեռնտու ծրագիր է ընդունվել: Քոչարյանն ընդունում է խաղի նոր կանոնները և բռնի ճանապարհով հեղաշրջում իրականացնելու մտադրություններից հրաժարվում, փոխարենը ներքաղաքական զարգացումներին անմիջական ու ակտիվ մասնակցություն ունենալու հնարավորություն է ստանում: Իհարկե, պայմանով, որ «Մարտի 1-ի» դատավարությունն ավարտվի մի 15-20 տարի հետո: 

Թերևս դրա համար էր կատաղած Միքայել Մինասյանը: Ահռելի ռեսուրսներ էին ծախսվել հեղաշրջման վրա, այդքան լրատվամիջոց, բլոգեր-ֆեյք կերակրեցին, ցուցարարներ ու ջարդարարներ վարձեցին, հաշվեք, որ այդ գումարները ջուրը լցրեցին:

Բայց մենք կցանկանայինք այս ախմախ զարգացումների մասին խոսքն ավարտել մի լավատեսական լուրով. ևս 5 գերի Ադրբեջանից վերադարձան Հայաստան: Հավանաբար, օրհնված սհաթի մատը էլի խառն էր այս հաջող իրադարձությանը:

«Չորրորդ իշխանություն», թիվ 4, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ