...

Արտահերթ թատերաշրջանը բացվեց

Արտահերթ թատերաշրջանը բացվեց

Իմ ռեյտինգը քո ավտարիտետին վնաս չէ, վնաս չէ

Այսպիսով, ծանր և երկարատև մարտերից հետո իշխանությունները հայտարարեցին հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Որպեսզի դա հնարավոր լիներ, անհրաժեշտ էր խորհրդարանական երկու ուժերի՝ ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» հետ համաձայնության գալ:

Վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանի զահլեն գնաց Վազգեն Մանուկյանի և նրա կողքին կանգնած ազգափրկիչ ուժերի գործունեությունից: Թե Բաղրամյանը պիտի փակեին՝ խորոված ուտելու համար, հենա իր տանը կուտեր: Ավելորդ գլխացավանք էր, որից Ծառուկյանը ազատվեց՝ գերադասելով մասնակցել ռեյտինգային ընտրությունների, ինչը երաշխավորված և անհրաժեշտ քանակի ձայներ բերելու մեխանիզմ է՝ խորհրդարանում հայտնվելու համար: Որքան հասկանում ենք, միայն ռեյտինգային կոչվող թյուրիմացությունը պահելու պայմանով են իշխանությունները համաձայնության եկել ԲՀԿ-ի հետ: 

Արտահերթ ընտրությունների մասին ազդարարելուց հետո հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են իրենց պահելու հայրենափրկիչ ուժերը: Վազգեն Մանուկյանն ասաց, որ ոչ մի ընտրության չի մասնակցի, Վանեցյանը մասնակցելու է: Բայց ամենաունիկալը Իշխան Սաղաթելյանն էր: Ֆանտաստիկ կադրեր էին, երբ Բաղրամյան պողոտայում Իշխան Սաղաթելյանը փողոցի մեջտեղում կանգնած, շուրջ մի դյուժին լրագրող հավաքած, հայտարարեց, թե մինչև վերջ պայքարելու են: Ունիկալն այն էր, որ բացի իրենցից, ուրիշ մարդ չկար, այսինքն՝ աջակիցները մաշվեցին, հալվեցին, պրծան: Մենակ մի 20 մետր այն կողմ մի խումբ ոստիկաններ ձանձրույթից հորանջում էին ու իրար հետ քննարկում, թե վերջում ովքեր են հավաքելու պալատկաները՝ ընդդիմությո՞ւնը, թե՞ իրենք, որովհետև Իշխան Սաղաթելյանը մենակով այդքան պալատկա, մանղալ, դինամիկ չի կարող քարշ տալ:

Մերժվածներ vs կապիտուլյանտներ

Լավ, մինչ ՀՓՇ-ն փակման արժանի նոր փողոցի փնտրտուքներով է զբաղված, մենք պատկերացնում ենք, թե ինչ է կատարվելու այս ընտրությունների քարոզարշավում: Օ՜, դա վերջն է լինելու, 5-րդ սերնդի քարոզչական պատերազմ է լինելու, որտեղ ամեն օր իրար հասցեի ինչ կարգի քարոզչական ռումբ ասես, որ չեն տեղալու:

Ի՜նչ բացահայտումներ են լինելու, ի՜նչ գաղտնի և անամոթ փաստաթղթեր, փաստեր են հրապարակվելու: Մենք այս քարոզարշավի ընթացքում միլիմետրի ճշտությամբ իմանալու ենք բոլոր սորոսականների, թուրք գործակալների, ԿԳԲ-ի դրածոների, Շուշին հանձնողների, Բաքուն չգրավողների անունները, հողատուների, ստվերային միլիարդատերերի անունները: Հատ-հատ: 

Բա իրար ինչ որակումներ են տալու. պայքարն ընթանալու է կապիտուլյանտների և մերժվածների միջև: Այո, օրինակ՝ իքս ընդդիմադիր ուժի ղեկավարն ասելու է. ո՜վ հայ ժողովուրդ, ձայն չտաք կապիտուլյանտներին: Հետո իգրեկ իշխանական ուժի առաջնորդն ասելու է՝ իմ սիրելի ու հպարտ ժողովուրդ, ազգովի ո´չ ենք ասում մերժվածներին: Ամեն օր, ամեն ժամ այս պատկերն է լինելու: Բոլորի ելույթները մեր աչքի առաջ են. Նիկոլը հայտարարելու է՝ վերջ թավիշին, ա´յ սերմացու գողացող մկներ, ա´յ, ժողովրդին թալանածներ, խոստանում եմ վարչապետ դառնալու դեպքում դատաիրավական բարեփոխումներ իրականացնել, այս անգամ իսկական, ոչ թե՝ ստից, սահմանադրությունը փոխել, բայց չեմ կարող ասել, իսկ ընդդիմադիրներն էլ... դավաճան-մավաճան, պարզ է, որ ամեն նախադասության մեջ լինելու է, բայց ընդդիմությունը մի հատ լուրջ խաղաքարտ էլ ունի, որը կարող է օգտագործել: Խոսքը 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի մասին է, որի հարյուրամյակը լրացավ: 

Ռուսո թուրքիստո. օբլիկո զակոնո

Կտեսնեք, ինչ հաճույքով են ընդդիմադիրները խոստանալու, որ հենց իշխանության գան, չեղարկելու են այդ պայմանագիրը, ուլտիմատում են ներկայացնելու ռուսներին և թուրքերին, միջազգային հանրությանը կոչ են անելու ուժը կորցրած համարել այդ պայմանագիրը և քայլեր ձեռնարկել՝ Ղարսն ու Սուրմալուն վերադարձնելու համար: Դա առանձին թատրոն է լինելու: Ի դեպ, հետաքրքիր է, թե իշխանություններն ինչ են անելու և ասելու այս առթիվ. մի տարի առաջ Նիկոլ Փաշինյանը Սևրի պայմանագրից էր հերոսաբար խոսում: Այնպես որ, այս «կոզիրը» իրենք էլ կարող են կիրառել:

Այնպես որ, մեշոկներով պոպ-կորն առեք, հարմար նստեք համակարգչի դիմաց ու վայելեք այս ընտրություները: All inclusive է. փաթեթի մեջ ներառված է թրիլլեր, կոմեդիա, ողբերգություն, դրամա, դետեկտիվ, շպիոնական, ընտանեկան մելոդրամա, սերիալ, բայեվիկ, արկածային, սիքվել... և միայն ուսուցողական ժանր չի լինելու. չէ՞ որ հայի հետին խելքը դա մերժում է:

«Չորրորդ իշխանություն», թիվ 11, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ