...

Ինչո՞ւ արևը խավարեց. արձագանքներ

Ինչո՞ւ արևը խավարեց. արձագանքներ

Այսօր Հայաստանում դիտվել է արևի մասնակի խավարում, որը տևել է մոտավորապես 1,5 ժամ: Ներկայացնում ենք քաղաքական ուժերի և գործիչների արձագանքը այս իրադարձությանը:

Գագիկ Ծառուկյան

Ուրեմն, Ծառուկյան Գագիկը միշտ էլ ասել է, որ Հիսուսի արձանը լուսավորելու է Հայաստանի բոլոր տեղերը, ու ոչ չար ուժերի, ոչ էլ արևի խավարումը դրան չեն կարող համապատասխան խանգարել:

Նիկոլ Փաշինյան

Իհարկե, վերջին 3000 տարում արևը երբեմն խավարել է Հայաստանի վրա, բայց այս մեկն աննախադեպ խավարում էր, իրեն հավասարը չունեցող: Ըստ էության՝ մեր կառավարման օրոք արևի խավարումն աճել է 174,2 տոկոսով:

Վազգեն Մանուկյան 

Վերջին 30 տարում սա արևի երկրորդ խավարումն էր: Առաջինը 1996-ի սեպտեմբերին էր, երբ խավարեց իմ արևը:

Հովիկ Աղազարյան

Երբ նայում էի արեգակի մասնակի խավարմանը, միայն մի բան էի մտածում. իսկ արդյոք չի՞ բարկանա վարչապետը, եթե իմանա, որ առանց սև ակնոցների եմ նայում:

Տիգրան Արզաքանցյան

Արևի խափանումը հիմա ես տեսնում եմ, ու մի վայրկան չկասկածեք, ժողովուրդ, պտի ազգովի իրար թիկունք լինենք, թշնամին հելել ա կոսմոս, որ մեզ օր ու արև չտա:

Իշխան Սաղաթելյան

Հոկտեմբերի 31-ին բոլորս դեպի Ֆրանսիայի հրապարակ. մենք խավարելու արև չունենք: Ժամը 19:00-ին:

Ավետիք Իշխանյան

Հերթական անգամ Հայաստանը փորձում են մթի ու ցրտի տարիների մեջ գցել ու լևոնականությունը վերադարձնել:

Գագիկ Մելքոնյան 

Էս արևի խավարումը մենակ Հայաստանում ու Ռուսաստանում է ըլել: Եվրոպա տեղ արևը ոնց կա, տենց էլ շողում ա: 

Ռոբերտ Քոչարյան

Երբ ես մենակով Աղդամը գրավում էի, երկնքում էնքան սև ծուխ էր, որ ադրբեջանցիք մտածեցին, թե արևն է խավարել: Սրա մասին գրելու եմ իմ ինքնակենսագրականի 19-րդ հատորում:

Արա Պապյան

Մինչև ամսվա վերջ ռուսական կայսրությունը կվերածվի խավարի կայսրության:

Նատալյա Ռոտենբերգ

Парк хероснерин, вор чен вахенум хавариц! 

Հավաստի աղբյուր

Ո՞րն է Ռուսաստանի նպատակը. ստեղծել մի իրավիճակ, երբ մենք ավելի շատ էլեկտրաէներգիա կծախսենք ու միջանցքում էլի վառարան կդնենք: Ո՞րն է Ադրբեջանի պահանջը. որ միջանցքը տաքացնենք աթարով:
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ