...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Ցնդաբանության մեխանիկան

Արդեն որքան ժամանակ է, մոտ 1-1,5 ամիս, երբ գալիս ենք աշխատանքի, վախը սրտներումս ենք համակարգիչները միացնում, ֆեյսբուք ու լրատվական կայքեր բացում: Հոգեբանորեն մեզ սկզբից լավ պատրաստում ենք, «դուխ» ենք տալիս, հետո վախվխելով սկսում կարդալ ու վերջ, մեր «դուխը» ցնդում է: Ամեն անգամ հույս ենք ունենում, որ գոնե այս անգամ մի խելոք միտք կտեսնենք, կլսենք, բայց չէ: Մեր «դուխը» ցնդում է, հետն էլ մենք ենք սկսում ցնդել: 

Աչքերդ պինդ փակում ես, ասում՝ սա երևի վատ երազ է, բացում ես, չէ, իրականություն է: Դե, ո՞նց չխելագարվես, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ երբեք այսքան գերիներ չեն վերադարձվել Ադրբեջանից Հայաստան: Նույնիսկ սա է աննախադեպի «սկոռուստով» ներկայացնում: Չի ասում, երբեք այսքան գերի չենք ունեցել: Միանգամից նրանց վերադարձնելու մասին է խոսում: Կարծես այդ գերիները Տեր-Պետրոսյանի կամ Քոչարյանի օրոք են առաջացել:

Կամ Շուշիի մասին: Մինչև հեղափոխությունը մեկը նման բան ասեր, դա նրա քաղաքական կարիերայի վախճանը կդառնար: Կպրծներ, դավաճանի պիտակի տակից դուրս չէր գա: Իսկ հիմա, նորմալ է, դե հա, ե՞րբ է Շուշին հայկական եղել: Լավ, Շուշին հասկացանք, բա Հադրո՞ւթը: Դա էլ հո միշտ հայկական է եղել: Միշտ հայեր են եղել: Օ՜ֆֆ: Կրակն ենք ընկել: Շարմազանովը երեկ ասում էր. «Չեմ զարմանա, որ Փաշինյանը վաղը Շուշիի փոխարեն՝ ասի՝ Շուշա, Ստեփանակերտին ասի՝ Խանքենդի, Երևանին էլ՝ Էրիվան»: Մեկ ուզում ես ասես՝ ամո՛թ քեզ, Էդուարդ, էս ինչե՞ր ես ասում, մեկ էլ ասում ես՝ սպասենք, տեսնենք, ինչ կասի Փաշինյանը:

Բա որ իմքայլադաշնակ Հովիկ Աղազարյանն ասում է՝ ի՞նչ կարևոր է, թե ինչքան գերի ունենք Ադրբեջանում: Հետաքրքիր է, էս մարդկանց համար ընդհանրապես ի՞նչն է կարևոր: 
 
Աննախադեպ նախադեպը

Իսկ այդ ընթացքում Ստեփանակերտի մատույցներում հայկական դրոշները հանում, տեղը ռուսական դրոշներ են դնում: Ենթադրում ենք, Ադրբեջանի պահանջով: Ալիևը, ընդհանրապես, քանի գնում, այնքան կոշտացնում է իր դիրքորոշումը: Պահանջում է, որ հայ պաշտոնյաները Արցախ չգնան, Լավրովն էլ Մոսկվայից հայերին խորհուրդ է տալիս առանձնապես սուր մտքեր չհայտնել Ստեփանակերտում: Չկա. ո՛չ Հայաստանի իշխանություն կա, ո՛չ՝ Արցախի: Կա Ռուսաստան և կան Թուրքիա, Ադրբեջան, որոնք էլ հիմա իրար մեջ մեր ապագայով են զբաղված: Ինչ-ինչ, բայց այս փաստը Նիկոլ Փաշինյանը չի կարող ներկայացնել որպես աննախադեպ. մեր պատմության մեջ արդեն եղել են նախադեպեր, երբ հայի հետին խելքի պատճառով մեր ճակատագիրը օտարներն են որոշել: Ու այնպես են որոշել, որ միակ արձագանքը եղել է. ո՜վ մարդկային արդարություն, թող որ թքեմ քո ճակատին:

Ու քանի դեռ մեր քաղաքական ուժերը, հանրությունը, իշխանությունն ու ընդդիմությունը չեն սթափվել, Ադրբեջանը շարունակելու է բզկտել Հայաստանն ու Արցախը: Միջանցք էլ է պահանջելու, հայտարարելու է, որ մոռանանք Արցախի կարգավիճակի մասին, նույնիսկ որպես ինքնավար մարզ: Պատերազմում ստացած ապտակները դեռ դաս չեն եղել:

Ու այսքանից հետո դեռ կան քաղաքական որոշ շրջանակներ, որոնք Ռուսաստանին են մեղադրում Արցախյան պատերազմի համար: Արդեն շրջանառության մեջ են դրվում մտքեր, որ սա Ռուսաստանի և Թուրքիայի միջև նախապես պայմանավորված է եղել, որ ռուսներն են հրահրել, այ դրա համար էլ Լավրովը նման բաներ է ասում: 

Կամաց-կամաց հակառուսական տրամադրություններ են շրջանառում հանրության շրջանում: Իբր քիչ էր, որ մեր պարտությունների համար պատասխանատվությունը փորձում են բարդել բոլոր նախկին իշխանությունների վրա, հիմա էլ արտաքին ուժերին են ասպարեզ բերել: 

Վազգենի ձեռքն էլ են կրակն ընկել

Մի քիչ հականիկոլական է ստացվում այս շաբաթվա լրահոսը, բայց դե, ճար չկա, ընդդիմության մասին ինչ-որ ասելու է, արդեն ասել ենք: Դրանց ձեռքն էլ այնտեղ ենք կրակն ընկել: Այս շաբաթ տարբեր խոսակցություններ էին շրջանառվում, որ այդ 17 ուժերից շատերը դժգոհ են Վազգեն Մանուկյանից, քանի որ վերջինս բացի նրանից, որ այսքան ժամանակ մի խելքը գլխին բան չի ասել, դեռ մի բան էլ մարդկանց անընդհատ պիտակավորում է. բոմժ, ժեխ, անհասկացող: Գագիկ Ծառուկյանն առաջինը չդիմացավ, հրապարակավ ամոթանք տվեց թիվ մեկ փրկչին, Արթուր Վանեցյանն ընդհանրապես նրա փոխարեն ներողություն խնդրեց մարդկանց վիրավորելու համար:

Ու մեր համար հիմա անհասկանալի է, թե այս ուժերն ինչպե՞ս են հանդուրժելու, որ իրենց առաջնորդի այնպիսի մեկը, որի վարքագծի համար արդեն ամաչում են ու ներողություն խնդրում: Չենք էլ կարող ինչ-որ խորհուրդ տալ, ասել՝ սրան բերեք, նրան առաջարկեք, որովհետև ոնց գցում-բռնում ենք, սրանց հիմնական խաղացողը Ռոբերտ Քոչարյանն է, ինչքան էլ վերջինս հերքի դա:

«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ