...

Ուրացողին ուրացողություն է հասնում

Ուրացողին ուրացողություն է հասնում

Ապօրինի հոգեզավակների ժամանակը

Այս շաբաթ ներքաղաքական կյանքը ալեկոծեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Բոլորին ալեկոծեց. իշխանություններին, քոչարյանականներին, հանրապետականներին: Պարզվեց, Առաջին նախագահը հանդիպել էր Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, նրանց առաջարկել դաշինք կազմել՝ պայմանով, որ իրենցից ոչ ոք չի հավակնելու որևէ պաշտոնի, և այդ դաշինքում այլ մարդիկ կլինեն:

Արձագանքները յուրօրինակ էին: Ե՛վ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, հաստատելով հանդիպման և այնտեղ քննարկված թեմայի փաստը, շատ ծանր էին տարել, որ Տեր-Պետրոսյանն այդ մասին խոսել է: Կոպիտ ասած՝ «պալիտ» է արել հատկապես Քոչարյանի իրական նպատակը. ամեն գնով իշխանության գալ: Իսկ որ Քոչարյանն ամեն գնով իշխանություն վերցնելու և ամեն գնով իշխանություն պահելու վարպետ է, դա մենք դեռ 1992-ից գիտենք:  

Իշխանություններն էլ են չարախնդում. բա որ ասում էինք, բա տեսա՞ք, որ Տեր-Պետրոսյանը ոչ մի սկզբունք չունի, նախկին թալանչիների հետ պատրաստ է եղել համագործակցել: Ամենահետաքրքիրը կրթության նախկին նախարար Արայիկ Հարությունյանն էր, որը, պարզվում է, հումոր անելու սիրտ ունի: Գրել է, որ Տեր-Պետրոսյանը մեզ առաջարկեր, մենք էլ կմերժեինք: Սրանց ցինիզմը սահման չի ճանաչում: Սրանք երևի Տեր-Պետրոսյանի արդեն իսկ անունից հոգեխանգարվում են: Օրինակ, Հովիկ Աղազարյանն արդեն, վերջ, զգացվում է, որ մարդու յանը տարել է: Խենթանոց ասիր, պրծա՞ր:

Գինին շառ է, շառ

Բա Նիկոլ Փաշինյանը: Խորհրդարանի ամբիոնից Տեր-Պետրոսյանին մեղադրեց, որ Քոչարյանն ու Սերժն իր կադրերն են, ինքն է նրանց բերել Հայաստան: Վարդան Այգեկցին մի առակ ունի, թագավորի տղան գինի է խմում, հարբում, գնում աղբանոցում ընկնում, մեռնում է: Թագավորն արգելում է գինի սարքել, բայց հետո մեկը, թաքուն գինի խմելով, առյուծ է սպանում, թագավորը հրամայում է նորից գինի խմել, բայց այնպես, որ ոչ թե աղբանոցում մեռնեն, այլ առյուծ սպանեն: 

Ե՛վ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ նույն Նիկոլ Փաշինյանը կարող են համարվել Տեր-Պետրոսյանի աճեցրած կադրերը: Բայց Առաջին նախագահը նրանց ասել է, նորմալ, ժողովրդավարական երկիր կառուցեք, խաղաղություն հաստատեք, տնտեսություն զարգացրեք, համերաշխ եղեք, այլ ոչ թե քյանդրբազություններ արեք, իշխանություն զավթեք, մարդ սպանեք, ազգուտակով տնտեսությունը ձեզանով անեք, բռնապետություն ու ավազակապետություն սարքեք, Ղարաբաղի հարցը վարի տվեք, մեծամտացեք ու բոբիկ ոտերով պատերազմ գնացեք, Արցախն ու Հայաստանը աղետի եզրին հասցրեք: Գինին տվել է ձեզ, հիմա ո՞վ է մեղավոր, որ առյուծ սպանելու փոխարեն քաղաքական դաշտը աղբանոց եք սարքել, դուք էլ մեջը թավալ եք տալիս: 

Ու այդ աղբանոցում թավալ գալու համար Տեր-Պետրոսյանին են մեղադրում: Քոչարյանն ասում է՝ մեղավոր ես, որովհետև Նիկոլը քո հոգեզավակն է, Նիկոլն ասում է՝ մեղավոր ես, որովհետև Ռոբը քո հոգեզավակն է: Սերժ Սարգսյանն էլ պիտի նման մի բան ասեր, էն էլ գործին խառնվեց ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանը, որը մեծ հարցազրույց էր տվել, որտեղ ասել էր, թե Նիկոլը Սերժ Սարգսյանի հոգեզավակն է, որ Սերժն ու Նիկոլը նույն «զիբիլն» են, Սերժին նույնիսկ դավաճանության մեջ մեղադրեց: Իմիջիայլոց, Սերժ Սարգսյանի հասցեին մեղադրանքներին, չգիտես ինչու, միայն Արթուր Վանեցյանը արձագանքեց: Հասկացանք, որ Սերժի հետ դաշինք են կնքել, գուցե արձագանքել է որպես ԱԱԾ նախկին պետ, բայց ինչի՞, օրինակ, Արմեն Աշոտյանը մինչև հիմա ծպտուն չի հանել: Ամեն օր ստատուս է գրում. դավաճանը, կապիտուլյանտը, դավաճանը, կապիտուլյանտը, բայց շեֆիդ դավաճան են համարել, դուխներդ չի՞ հերիքում, պատասխանի իրավունքը Արթուր Վանեցյանին եք թողնում: 

Ուրացողության դինաստիա

Բայց Հովիկ Աղազարյանը վերջն է: Ասում է՝ Նիկոլը Տեր-Պետրոսյանի հետ կապ չունի, ՀԱԿ-ից չի եղել, ինքն իրենով կայացած է եղել: ՀԱԿ-ից էլ չի թռել:

Զարմանալի բան չկա. նույն վարքագիծը Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էլ են դրսևորել: Բացեք, կարդացեք նրանց կենսագրությունները. ոչ մի տեղ նշված չէ, որ ՀՀՇ անդամ են եղել, կամ ՀՀՇ-ի ցուցակով են պատգամավոր դարձել: Ուղղակի, կայացած են եղել, իրենք իրենցով 1990-ին ԳԽ դեպուտատ են դարձել, ՀՀՇ համագումարներին մասնակցել: Էդ մասը ջնջել են իրենց կենսագրություններից: Իբր դա սև բիծ է նրանց անաղարտ կենսագրության վրա: Նույնն էլ Նիկոլ Փաշինյանն է անում: ՀԱԿ-ից չի եղել: Ու էդ որ պատգամավոր է դարձել, դա դեռ հարց է, Նիկո՞լն է ՀԱԿ-ով պատգամավոր դարձել, թե՞ ՀԱԿ-ն է Նիկոլով խորհրդարանում հայտնվել: Բա:

Հիմա նույն ձևով Նիկոլի հետ են վարվելու: Մի Աննա Գրիգորյան կա, «Իմ քայլի» ցուցակով պատգամավոր էր դարձել, բայց խմբակցություն չէր մտել, ամեն օր հայտարարում է՝ ես կապ չունեմ «Իմ քայլի» հետ, ես ինքնուրույն, կայացած գործիչ եմ, ինձ ցուցակում ընդգրկել էին, որ Սյունիքից ձայն բերեի: Էդքան բան: Ինչ Նիկոլ, ինչ բան:
Մեզ մնում է միայն մի բան ասել. ուրացողին ուրացողություն է հասնում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ