...

Մի անգամ Խենթաստանում

Մի անգամ Խենթաստանում

Պաշտպան, որ միշտ քո հետ է

Այս շաբաթ Հայաստանը թևակոխեց նոր փուլ: Անունը դնենք Խենթաստան: Ծովից ծով խենթանոց է: 

Իմիջիայլոց, արդեն որերորդ տարին է, երկրի ղեկավարը մամլո խոսնակ չունի: Սա աննախադեպ նվաճումների շարքից է: Տարածաշրջանում մենակ Փաշինյանը մամլո խոսնակ չունի: Բայց նվաճումները սրանով չեն սահմանափակվում. բավական երկար ժամանակ է, Մարդու իրավունքների պաշտպան էլ չունենք: Չնայած՝ սրան գոնե բացատրություն կա. մեր մոտ մարդու իրավունքները լավ պաշտպանվում են, և այդ մեկ մարդը Նիկոլն է, և այդ մեկը մարդը Նիկոլն է, և այդ մեկ մարդը.... կներեք, էս ի՞նչ հեղափոխացավ ընկանք, թեմայից շեղվեցինք: Մեզ ՄԻՊ պետք չէ, կարճ ասած:

*** վիճակ

Ահա այսպես կամաց-կամաց հասանք օրվա ամենաթեժ թեմային. երկու օր է, պատերազմ է սկսվել հանրապետականների ու Սասուն Միքայելյանի միջև: ԵԿՄ նախագահը Պետրոս Ղազարյանին հարցազրույց էր տվել, որտեղ հայտարարել էր, թե Արմեն Աշոտյանը *** է, Շարմազանովը ***** է, իսկ Սերժ Սարգսյանի հետ թեպետ Հաթերքում ժամանակին կռիվ-մռիվ է տվել, բայց նա էլ պակասը չի: 

Հանրապետականներն էս ի՜նչ օրն են գցել Սասուն Միքայելյանին, թող ու փախի: Արմեն Աշոտյանը ծանր հրետանային համազարկ է տվել իր ֆբ էջում, գրել է. «2008-ի մասին։ Քեզ թվում է, թե մենք մոռացե՞լ ենք, ոնց ՀԺ-ում քո թռնելու մասին առաջին հրապարակումից հետո վազեվազ եկար շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի մոտ ու երդում-պատառ էիր ուտում, որ «իմ մարտական ընկերոջը ես ո՞նց կդավաճանեմ»։ Ասեցիր, երդվեցիր, քֆուր կերար ու… դավաճանեցիր։ Էդ օրը հագիդ եղած սպարտիվկեդ վկա։

Ինչ վերաբերում է Հանրայինի եթերում հնչած «տու»-երին, ասեմ քեզ, որ դու սաղ կյանքդ հիշելու ես քո փայ «Սերժի գլխից թռնողի» հասցեին հնչեցրած քֆուրներդ»: 

Շարմազանովն էլ մեջբերում է արել Սերժ Սարգսյանից. «Դասալիքը չի կարող ինձ մարտական ընկեր լինել»:

Հիշեցման կարգով

Իսկ Սասուն Միքայելյանի մասով մի նկատառում. այդ աղմկահարույց և ***-ներով հարուստ հարցազրույցում ներկայացնում էր, թե Հայաստանի որ ղեկավարի օրոք ինչքան զենք է ներկրվել, Տեր-Պետրոսյանի օրոք բերված սպառազինությունների գումարին մի միլիարդ մոռացել է ավելացնել: 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ հաստատ դա կասեր, բայց ոչ հիմա: Առաջին նախագահի ժամանակ Հայաստան այնքան զենք է բերվել, որ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի դրանով բավարարվել է և բանակը վերազինելու փոխարեն սաֆարի էր գնում: Սերժ Սարգսյանն էլ է այդ սպառազինություններից օգտվել, նոր 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, երբ պարզ դարձավ, թե ինչքան ենք հետ ընկել, սկսեց նոր զինատեսակներ ձեռք բերել, հակաօդային, զենիթային համալիրներ, «Իսկանդերներ», դիրքերն ամրացնելու ու կահավորելու քայլեր ձեռնարկվեցին և այլն: 

Ի դեպ, մինչև վերջին փամփուշտը օգտագործվել է Տեր-Պետրոսյանի օրոք բերված զենք-զինամթերքը, ինքը հավայի ինքնաթիռ-թիթեռների վրա փող չէր ծախսել:

Բայց ո՜նց են իրար ուտում. խենթանոց է, ինչ քֆուրներ ու բառապաշար է կիրառվում: Ահագին հարուստ լեզու է եղել հայերենը, չենք իմացել:

Գնայիր մեռնեիր, գայիր, սիրեինք

Էն «Համմերի» վարորդի արկածների ժամանակ ավտոյի տակ ընկած ոստիկանին հեռացրել են գործից: Մեկ մտածում ենք՝ գիժ են սրանք, մեկ էլ ասում ենք՝ դե հա, հեռացրել են, որովհետև ավտոյի տակ է ընկել, բայց չի մեռել: Ավտոյի տակ ընկնող ոստիկանը որ չմեռնի, ո՞ւմ է պետք: 

Ահագին հետաքրքիր աղմուկ կբարձրանար, իշխանությունները վճռական քայլեր կձեռնարկեին, քաղաքում «աբլավներ» կկազմակերպեին, այդ ոստիկանին հետմահու կպարգևատրեին, նրա անունով ոստիկանական ակադեմիայում դասասենյակ կկոչեին: Լուրջ դիվիդենտներ կքաղեին... իսկ այդ ոստիկանը ոնց որ ինադու ողջ մնաց, ու լավ գաղափարը մնաց անկատար: Բա չհանեի՞ն:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ