Բանալի բառեր․ ճիշտ, մի հատ, даже (նույնիսկ), ռետրոսպեկտիվ (հետահայաց)։
Հոդվածի առիթը Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան վերջին ելույթն է։ Անկեղծ ասած՝ նրա даже (նույնիսկ) պաթետիկ խոսքն առանձնանում է շատ-շատերից, որովհետև մարդը, այնուամենայնիվ, ինտելեկտ ունի։ Ուրեմն՝ առանց նեղանալու (խռովելու)։ Ճիշտը, պարոնա՛յք, մի հատ է, մեկն է։ Եվ դուք շատ լավ գիտեք՝ որն է։ Բայց քանի որ 24-ամյա կեղծիքի պատանդն եք, չեք կարող դա խոստովանել (кишка тонка)։ Այս տխուր հանգամանքի պատճառները, եթե հարկ լինի, կվերլուծենք մեկ այլ հոդվածում։ Իսկ հիմա անդրադառնանք պրն Աշոտյանին զայրացրած պնդմանը և նրա հերքմանը։
Ահա․ մեր բանախոսին բնավ դուր չի գալիս, որ ոմանք Սերժ Սարգսյանին են մեղադրում Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար։ Ա․ Աշոտյանը, բազում փաստարկներ բերելով, հերքում է վերոնշյալ մեղադրանքը։ Քանի որ ՀՀԿ փոխնախագահի փաստարկներին կարող եք ծանոթանալ՝ նրա ելույթը լսելով, անդրադառնանք հակափաստարկներին՝ բնավ չպնդելով, թե Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյանն է իշխանություն նվիրել։
Ո՛չ, իշխանությունը, ինչպես պնդում էր Ռոբերտ Քոչարյանը, ճամպրուկ չէ, այն հեշտ ու հանգիստ չեն տալիս, այն էլ՝ Հայաստանում, այն էլ՝ Սերժ Սարգսյանը։
Սակայն հենց Սերժ Սարգսյանին էր պետք, որ Նիկոլ Փաշինյանը դառնա թիվ 1 ընդդիմություն։ Պետք էր ջլատել ՀԱԿ-ը, պետք էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատը լինի 2008-ին նրա մերձավոր շրջապատում հայտնվածներից մեկը։ Պետք էր հատկապես 2015-ի սահմանադրական հանրաքվեից առաջ, որովհետև ախր շատ էր ուզում իշխանությունը հավերժացնել։
Ուրեմն Նիկոլ Փաշինյան թիվ 1 ընդդիմադիրը՝ իրականում Սերժ Սարգսյանի սիրելի հաճախորդներից մեկը, հետևյալ գործառույթը պետք է ստանձներ։ Նա պետք է ստվերեր Լևոն Տեր-Պետրոսյանին։ Դա էր պատճառը, որ նրան կարելի էր գրեթե ամեն ինչ, անգամ Սերժին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միասին «հող տվող» անվանել։ Պրոյեկտը կարծես ստացվել էր։ Ի՞նչ իմանար պրն Սարգսյանը, որ հաճախորդը անցնելու է բոլոր կարմիր գծերը։ Ի՞նչ իմանար, որ հաճախորդը ձգտելու է իրենից և Ռոբերտ Քոչարյանից ավելի հայդատական և ոչմիթիզական լինել։ Ի՞նչ իմանար, որ հենց ՀՀԿ-ի՝ հող տալու մեղադրանքին հակառակվելու համար Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը ոչնչացնելու ճանապարհով է գնալու, այսինքն՝ լավրովյան պլանը շան տեղ չի դնելու, երկրի գլխին մեծ պատերազմ է բերելու, որ իրեն դավաճան չանվանեն։
Չենք կարող չհամաձայնել պրն Աշոտյանի հետ․ ռետրոսպեկտիվ (հետահայաց) խոսելը հեշտ է։ Հեշտ է ասել՝ բա ինչո՞ւ «հեղափոխությունը» չկանգնեցրիք, եթե գիտեիք՝ ինչ է լինելու։ Հեշտ է և անիմաստ։
Բայց եթե, այնուամենայնիվ, ռետրոսպեկտիվ (հետահայաց) պատկերացնենք, թե ինչ կարող էր անել, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը, և դատենք սովորական սպառողի պես, ապա պետք է ասենք․ Լևոն Տեր-Պետրոսյանն առնվազն պետք է իշխանությունից հեռացներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Վազգեն Սարգսյանին, իսկ այն ժամանակվա գլխավոր դատախազը պետք է քրգործ հարուցեր պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար։ Եվ, ըստ Աշոտյանի, արցախյան խնդրի կարգավորման այսօրվա վիճակից գերադասելի даже (նույնիսկ) փուլային (տերպետրոսյանական) տարբերակը իրականություն դարձներ։
Իսկ հիմա ռետրոսպեկտիվ (հետահայաց) պատկերացնենք, որ Սերժ Սարգսյանը ոչ թե ձգձգում էր արցախյան հարցի խաղաղ հանգուցալուծումը, այլ, մի կողմ դնելով սեփական իշխանությունը երկարաձգելու նպատակը, արժանապատիվ խաղաղություն էր բերում։ Դե շատ-շատ Նիկոլն ու դաշնակները պետք է «դավաճան, հողատու» գոռգոռային, բայց ինքը հո քարոզչական անսահմանափակ հնարավորություններ ուներ, իր հաճախորդներին հո լավ էր ճանաչում։ Ինչո՞ւ չարեց։
Թողնենք անպտուղ ռետրոսպեկտիվ (հետահայաց) պատկերացումները և եզրափակելով ասենք․ Նիկոլ Փաշինյանն ախր շա՜տ ձեռնտու իշխանություն է ձեզ համար․ չէ՞ որ նրա ֆոնին даже (նույնիսկ) Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարող են հավակնել շահեկան լույսի տակ ներկայանալուն։
Բայց ճիշտը մեկն է․ 1998-ի պալատական հեղաշրջումը պետության հիմքում ական դրեց, պատերազմի ականը։ Նիկոլ Փաշինյանն այդ ականը պայթեցրեց։
Զարուհի Գաբրիելյան