Թեպետ Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված վիճակը հուշում է, որ համապետական ընտրությունները կարող են նաև չկայանալ, մեծ մասամբ երևանաբնակ մեր քաղաքական դաշտը, հարակից լրատվամիջոցները զբաղված են նախընտրական գործընթացով:
Գաղտնիք չէ, որ թե՛ լրատվամիջոցներում, թե՛ սոցիալական հարթակներում ակտիվ են այն մարդիկ՝ անունով կամ անանուն, որոնք քարոզում են հօգուտ կոնկրետ ուժի, ավելի ճիշտ՝ անձի: Որքան էլ չափազանց խելացի վերլուծաբանները կամ հանրային դեմքերը ուղերձ հղեն մեր հասարակությանը, թե պետք է ընտրել գաղափար, ծրագիր, միևնույն է, հասարակության գերակշիռ մասը կողմնորոշվելու է անձերով, եթե, իհարկե, կողմնորոշվելու է: Սա հասկանում են նաև պրոպագանդիստները և ձգտում փրկչական հատկություններով օժտել իրենց համար նախընտրելի առաջնորդին: Բնականաբար, սրանց պնդումների մեծ մասը սուտ է, անիրական: Ընդ որում, խաբում են ոչ միայն շարքային ընտրողներին, այլև սեփական լիդերներին:
Այսպես, Նիկոլ Փաշինյանի ջատագովները լրատվամիջոցների օգնությամբ փողոցային հարցումներ են ցուցադրում՝ սփռելով հատկապես այն մարդկանց ասածը, որոնք պաշտում են Նիկոլին: Սոցցանցերում նիկոլապաշտները գերակտիվ են, ֆեյք թե իրական՝ պատրաստ են ծվատել կուռքին ընդդիմացող ցանկացած անհատի:
Սրանցից հետ չեն մնում քոչարյանականները, որոնք լիդերից կերտում են գերմարդու կերպար՝ հաղթող, հող չհանձնող, ազգային, շինարար և այլն: Այս ամենին ավելացել է նաև հալածյալի «լուսապսակը»: Վերջում գործի է դրվում ամենահզոր փաստարկը՝ Քոչարյանը Պուտինի ընկերն է:
Հանրապետականների խումբը շեշտը դնում է Սերժ Սարգսյանի իմաստնության վրա: Ի դեպ, նա այսօր նվեր մատուցեց իր թիմին՝ հրաժարվելով ընտրություններին անձամբ մանակցելուց և ստանձնելով իմաստուն խորհրդատուի դերը:
Վաղը ՀԱԿ-ի համագումարն է: Մամուլի որոշ հրապարակումներում, իսկ ավելի հաճախ ֆեյսբուքյան տարածքում ակտիվ են Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Նրանք համոզում են սեփական կուսակցությանը մասնակցել ընտրություններին, բայց կոպիտ սխալներ են անում՝ ողջ պատասխանատվությունը դնելով միայն առաջնորդի վրա:
(Մնացած մանր-մունր ուժերին անդրադառնալու կարիք չկա, որովհետև դրանք ծառայելու են կա՛մ իշխանությանը, կա՛մ Ռոբերտ Քոչարյանին):
Իսկ ճշմարտությունը բոլորովին այլ է: Հասարակության մեծ մասը ոչ մեկին չի վստահում, ոչինչ չի կարդում, գրեթե ոչինչ չի լսում: Հասարակության մեծ մասը խորը ապատիայի և ամենօրյա վախի մեջ է:
Իհարկե, սրա համար առաջին հերթին պատասխանատու է օրվա իշխանությունը: Անգործունակ, ստախոս, թուլամորթ իմքայլականները պատրաստ են փողոցային բառապաշարով հակադարձել ցանկացած քննադատության: Բայց նրանցից ոչ մեկն ընդունակ չէ ռեալ գործ անելու: Վկայությունը Սյունիքում տիրող վիճակն է: Այնտեղ բանակցություններ են, բայց մենք չգիտենք, թե ով է հայկական կողմի բանակցողը: Փախարենը ի լուր աշխարհի թմբկահարվեց, որ բանակցություններին այսօր միացել է ռուս խաղաղապահների հրամանատարը՝ Ռուստամ Մուրադովը: Հերթական անգամ հող են նախապատրաստում սեփական անկարողությունն արդարացնելու համար: Եթե բանակցություններն արդյունք տան, ապա դա կներկայացվի որպես Նիկոլ Փաշինյանի մեծ նվաճում, եթե արդյունք չլինի, մեղավոր կհայտարարվի... Ռուսաստանը:
Իսկ ընդդիմությունը, որ ամիսներ շարունակ գոռում էր, թե Փաշինյանը հողատու է և պետք է հեռանա, այն ընդդիմությունը, որի կազմում կան ֆինանսական հզոր կարողություններ ունեցող մարդիկ, նոյեմբերից հետո չմտածեց, որ կարող է ինքնուրույն ձեռնարկել սահմաններն ամրապնդելու գործընթաց...
Բայց դառնանք արբանյակների պրոպագանդային և զգուշացնենք. հարգելի՛ լիդերներ, մի՛ վստահեք ձեր սատելիտների ոգեշունչ ճառերին կամ ստատուսներին: Գուցե նրանք անկեղծ են, բայց դուք պետք է կարողանաք բաց աչքերով նայել ճշմարտության երեսին:
Իհարկե, խոսքը Նիկոլ Փաշինյանին չի վերաբերում: Նա անհույս է:
Զարուհի Գաբրիելյան