...

Մարտի 1-ի խարանը

Մարտի 1-ի խարանը

Ղազախական դեպքերից հատկապես ոգևորված են քոչարյանականները, որովհետև, իրենց կարծիքով, պատեհ առիթ են գտել 2008 թ․ մարտի մեկի դեպքերը խեղաթյուրելու համար։ Մի խորհուրդ տանք։

Նորի՛ց կարդացեք Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստի հետևյալ հատվածը․

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը»։

ՀՀԿ առաջնորդի ակնարկն այնքան պարզ է, որ թյուրըմբռնման տեղ չի թողնում։ Ս․ Սարգսյանը բացահայտ է ասում, որ ունի նոր մարտի մեկ սարքելու հնարավորություն, բայց դա իրենը չէ։ Սերժ Սարգսյանը ձգտում է այսպե՛ս մաքրվել 2008-ի ոճրից։ 

Սակայն հանգիստ թողնենք նրան և տեսնենք՝ ինչ են ասում Ռ․ Քոչարյանի աջակիցները։ 

1․ Նրանք պնդում են, որ 2008-ի երևանյան ցույցերը «գունավոր հեղափոխության» փորձ էին։ Սուտ է։ 2008-ին հայ հասարակության մի ստվար զանգված չէր հաշտվում նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների, դրանց ընթացքում եղած բռնությունների հետ։

Չկար նաև «գունավոր հեղափոխություններին» բնորոշ դրսի ուժերի աջակցությունը։ Չկար և չէր կարող լինել, որովհետև ընդդիմության առաջնորդը ոչ թե սովորական կուսակցական գործիչ էր, այլ ՀՀ առաջին նախագահը։ Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք դրսի ուժերի խամաճիկը չէր եղել և չէր լինելու։ Ուստի նրա առաջնորդած շարժումը զուտ հայաստանյան էր, այսինքն՝ բխում էր միայն մեր պետության շահերից։

2․ Քոչարյանականները հպարտանում են, որ այն ժամանակվա իշխանությունն, ի տարբերություն ղազախների, չի դիմել արտաքին ուժերին՝ «սահմանադրական կարգը վերականգնելու» համար, հարցերն ինքնուրույն է լուծել։ Ապրե՛ք։ 

Իհարկե, անիմաստ է այս մարդկանց հերթական անգամ բացատրելը, որ խաղաղ ցույցերով սահմանադրական կարգ չեն խախտում, որ սահմանադրական կարգի խախտումը իշխանությունը բռնի ուժով պահելն է։ Անիմաստ է, քանի որ նրանց համար «սահմանադրական կարգը» միայն ու միայն սեփական իշխանությունն էր։ 

3․ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունները խեղաթյուրողների թիրախն իբր Նիկոլ Փաշինյանն է։ Վերջինիս անդադար հիշեցնում են այդ օրվա գերակտիվ դերակատարումը։ 

Թարմացնենք մեր հիշողությունը։ Իշխանությունը 2008 թ․ մարտի մեկին ՀՀ առաջին նախագահին փաստորեն տնային կալանքի տակ էր պահում՝ հրապարակն անկառավարելի դարձնելու միտումով։ Չի բացառվում, որ եթե Ն․ Փաշինյանի հեղինակությունն ավելի մեծ լիներ, ապա բռնությունների մասշտաբը կմեծանար, և այն ժամանակվա իշխանությունը հիմա խոսելու տեղ կունենար։ Սակայն Ռ․ Քոչարյանի հաշվարկը սխալ էր, և հենց մարտի մեկին շատերը հասկացան, որ խանութների թալանն ու ավտոմեքենաների հրկիզումը գավառական բեմադրություն էր՝ մարդկանց վրա կրակելն արդարացնելու նպատակով։

4․ 2018-ին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց մարտի մեկի հանցագործությունը կոծկելու համար։ Ավելին, Ռոբերտ Քոչարյանը հենց նրա՛ շնորհիվ կրկին գործոն դարձավ ՀՀ քաղաքական ասպարեզում։ Կարծում ենք՝ ղազախական դեպքերից ոգևորված «ընդդիմադիրները» առնվազն մտքներում շնորհակալություն են հայտնում գործող վարչապետին։

Իսկ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին մեր «ընդդիմադիրները» պետք է ուղղակի պարգևատրեն, որովհետև նա հայ զինվորներին Ղազախստան ուղարկելու փաստից հուսավառված է․ «Հույս ունենք, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն»:

Այսինքն՝ եթե երկրում հանկարծ համաժողովրդական ընդվզում լինի, փաշինյանականները չեն հապաղի, կկանչեն ՀԱՊԿ-ը և կգերազանցեն քոչարյանականներին։

Վերջում ասենք։ Զուր եք չարչարվում։ Մարտի մեկի խարանը միշտ է մնալու ձեր ճակատին։

Զարուհի Գաբրիելյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ