Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական առաջարկը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին լակմուսի թուղթ էր: Այն բացահայտեց այսօր որպես ընդդիմություն հանդես եկող ուժերի իրական նպատակը, ինչպես նաև ի ցույց դրեց նրանց «թաքուն» համագործակցությունը ազգակործան պատուհասի հետ:
Մեր ընթերցողներին հիշեցնենք, թե ինչ էր առաջարկում ՀՀ առաջին Նախագահը:
Այսպես, ըստ Լ. Տեր-Պետրոսյանի՝ Հայաստանում պահի պահանջները բավարարող նոր իշխանության ձևավորելու նպատակով պետության երեք նախագահները պետք է մասնակցեին ընտրություններին «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով և, որ չափազանց կարևոր է, իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելուն չհավակնելու պայմանով:
Ի դեպ, մինչ այս առաջարկը հրապարակելը Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել էր իր պատկերացրած կառավարության մասին, որ պետք է բաղկացած լիներ արհեստավարժներից կամ տեխնոկրատներից: Սա Հայաստանը հեռու կպահեր ներքաղաքական լարվածությունից և թույլ կտար դժվարին խնդիրների համար պրոֆեսիոնալ, իրատեսական լուծումներ գտնել:
Մեկ անգամ էլ կրկնենք՝ երեք նախագահների այսպիսի միավորումը ենթադրում էր, որ նրանցից ոչ մեկը պետական պաշտոնի չէր հավակնելու, սակայն նրանց սատարող ուժերի դաշինքը կարողանալու էր իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին և նրա թիմը, որոնց գործունեությունը նորանոր աղետներ է խոստանում երկրին:
Անկեղծ լինելու համար նշենք, որ Լ. Տեր-Պետրոսյանի համակիրների մի մասն էլ չհասկացավ առաջարկի էությունը: Բացատրենք. Լ. Տեր-Պետրոսյանը դարձյալ ճիշտ էր, քանի որ նրան հետաքրքրում էր ոչ թե անձնական կամ խմբային կուսակցական շահը, այլ պետությունը: Սա չափազանց պարզ ճշմարտություն է:
Ի՞նչ արեցին Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Բնական է, նրանք մերժեցին միասնական դաշինքը: Ավելին, Ռոբերտ Քոչարյանը նախընտրական շրջանում համոզված պնդում էր, որ «կրելու է»՝ ավելացնելով Ն. Փաշինյանի վերընտրության հնարավորությունները: Նա պատրանքներ ունեցող անձ չէ և քաջ գիտակցում էր, որ ազգակործան պատուհասն օգտագործում է իր հանգամանքը՝ ընտրողների որոշակի զանգվածի ահաբեկելու համար:
Հետընտրական շրջանում շատ լավ երևում է, որ Ռ. Քոչարյանը լուծեց իր խնդիրը, վերադարձավ քաղաքական դաշտ: Եվ հիմա հանգիստ նայում է, թե ինչպես են վրեժ լուծում իր դաշինքի սյունեցի անդամներից:
Սերժ Սարգսյանի ողջ գործունեությանը բնորոշ է զգուշավորությունը: Նա այս անգամ էլ գերադասեց ստվերից ազդել քաղաքական իրադարձությունների վրա՝ իր անունը «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում չընդգրկելով:Նա էլ է անձնական հարց լուծում և հասել է որոշակի հաջողության. նրա ղեկավարած ուժը տեղ ունի Ազգային ժողովում:
Իհարկե, նա էլ է անտարբեր այն բռնությունների նկատմամբ, որոնց ենթարկվում են ընդդիմության ներկայացուցիչները, որովհետև պատրաստվում է երկարատև խաղի:
Եվ վերջապես, կրկնենք բազմիցս ասվածը. Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին պետության ճակատագիրն առանձնապես չի հուզում, ավելին, նրանց ձեռնտու է անպատասխանատու, անատամ ընդդիմության կարգավիճակը, որովհետև հետագա բոլոր աղետների պատասխանատվությունն ընկնելու է իշխանության վրա:
Ամփոփենք. Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը նշանակում էր պատասխանատվության ստանձնում, նշանակում էր նորմալ, բանիմաց իշխանության ձևավորում՝ հանուն Հայաստանի Հանրապետության: Այս առաջարկը որևէ անձնական կամ խմբային շահութամաս չէր խոստանում կողմերին, դրա համար էլ մերժվեց:
Զարուհի Գաբրիելյան
Հ.Գ. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները կարող են հերքել Նիկոլ Փաշինյանին սատարելու մեր կարծիքը: Այո՛, նրանք կարող են պայմանավորվել և չվերցնել պատգամավորական մանդատները…