...

Մենք չհասկացանք խաղաղության իմաստը

Մենք չհասկացանք խաղաղության իմաստը

Խաղաղության հականիշը ազգակործան պատերազմն էր

Խաղաղություն բառը  Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում» ունի 8 իմաստ՝ 1. Ձայների՝ աղմուկի բացակայություն, լռություն: 2. Շարժման դադարում, հանդարտում: 3. Խռովության՝ հուզմունքի բացակայություն: 4. Հոգու անդորրություն, հանգստություն: 5. Հաշտ դրություն, կռվի ու վեճերի բացակայություն: 6. Պետությունների ու ժողովուրդների միջև պատերազմների՝ ռազմական գործողությունների բացակայություն, խաղաղ՝ համերաշխ գոյակցություն: 7. Պատերազմող կողմերի միջև պատերազմի վերջնական դադարեցում, հաշտություն: 8. Օդի՝ եղանակի խաղաղ վիճակ: Ութն էլ դրական են: Խաղաղություն-ը մեր ժողովուրդը գործածել է մաղթանքներում, օրհնանքներում: Այո՛, պատերազմների, ջարդերի միջով անցած մեր ազգը ձգտել է խաղաղության և պատմության խաղաղ հատվածներում կարողացել է ստեղծել նյութական և հոգևոր մշակույթ: Ուրեմն խաղաղությունը պետությունն ուժեղ, գործուն, տարածաշրջանում կարևոր դարձնելու ուղի էր: Խաղաղություն բառը երբեք չի եղել պարտության հոմանիշը: 

Սակայն 1997-98 թվականներից հետո հատկապես հայաստանյան քաղաքականության մեջ այս բառին կցեցին հարակից իմաստ՝ պարտվողականություն: Արեցին դիտավորյալ, արեցին իշխանությունն իրենց ձեռքն առնելու համար: Լա՛վ, քարն իրենց ու իրենց իշխանության գլուխը: Գաղափարն ինչո՞ւ ապականեցին: Որովհետև պետք է սևացնեին, արժեզրկեին քաղաքական հակառակորդներին: 

Վերոնշյալը լուսաբանելու նպատակով՝ մեջբերենք մի հատված ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստից (03.02.1998 թ.).

«Զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով։ Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն։

Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել։ Բարդույթների մեջ չպետք է ընկնել. Խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասարակություններում, ինչպես, օրինակ, Իսրայելում։ Բայց և՛ Իսրայելում, և՛ Հայաստանում դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր»:

97-98 թթ. Հայաստանում ուժգին արշավ էր սկսվել խաղաղություն գաղափարի դեմ, որովհետև այն նույնացվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության հետ: Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ խաղաղության սիմվոլը: Ուրեմն պետք էր դրա կողքին դնել պարտվողականություն բառը, արժեզրկել արժանապատիվ խաղաղության ձգտումը և կեղծ ազգայնական հռետորաբանությամբ ոչնչացնել հակառակորդին: Ստացվեց: Բայց խաղաղության հակառակորդներն իրենք ընկան ծուղակը, քանի որ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը ստիպված էին կոծկել, թաքցնել իրենց վարած բանակցությունների իսկությունը, թաքցնել, որ ձգտում են խաղաղության, ոչ թե պատերազմի: Թաքցնում էին, որովհետև չէին ուզում պարտվողական կոչվել, որովհետև հանուն իշխանության՝ ոչնչացրել էին պետության համար կարևորագույն հնարավորությունները, որոնք կունենայինք արժանապատիվ խաղաղության պայմաններում: Նրանք չհասկացան, որ չի կարելի հանուն անձնական հավակնությունների տուրք տալ ազգը ներսից կրծող, առողջ տրամաբանությունը ոչնչացնող հռետորաբանությանը (ոչ մի թիզ հող, արյունով նվաճվածը գրչի հարվածով հանձնել և այլն): Եվ միայն ծանրագույն պարտությունից հետո Սերժ Սարգսյանը պետք է կարողանար խոստովանել, որ երբեք ոչմիթիզական չի եղել...

Ահա խաղաղության գաղափարի, անգամ բառի արժեզրկումը, հանցավոր թեթևամտությունը փոխանցվեցին բացարձակապես անգաղափար, անգործունակ իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին, որն էլ իր հերթին դարձավ դավաճան չկոչվելու մտայնության գերին և զոհաբերեց հայրենիք ու հազարավոր երիտասարդ կյանքեր: 

Հավանաբար շուտով ընտրություններ կլինեն: Ուշադի՛ր լինենք: Որովհետև խաղաղության գաղափարը դարձյալ արծարծվելու է: Եվ հիշենք՝ այդ գաղափարի հակառակորդների հավաքական կերպարը ազգակործան պատուհասն է:

Զարուհի Գաբրիելյան

Հ.Գ. Այսօր, ցավոք, արժանապատիվ խաղաղության հասնելու հնարավորություն չունենք, որովհետև պարտվել ենք: Սակայն երկրին անհրաժեշտ է խաղաղ վիճակ խելքի գալու և ոտքի կանգնելու համար: 

(շարունակելի)

«Չորրորդ իշխանություն», թիվ 12, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ