...

Սերժի լռությունը ոսկի էր

Սերժի լռությունը ոսկի էր

Համարյա համակրում էինք

Ընդդիմությունը քանի դեռ իր վճռական ու ազգափրկիչ հանրահավաքը չի սկսել, շաբաթվա գլխավոր իրադարձությունը կարելի է համարել Սերժ Սարգսյանի երեք ժամանոց հարցազրույցը:

Ընդհանրապես, պետք է անկեղծորեն ասենք, որ վերջին երկու տարում Սերժ Սարգսյանի հանդեպ որոշակի զսպվածություն, նույնիսկ՝ համակրանք կար: Գերադասում էինք նրան քիչ քննադատել, ինչը պարզ բացատրություն ուներ. ինքը չէր խոսում: Շատ լավ լռում էր: Իր հրաժարականից հետո երկրում հազար ու մի իրադարձություն տեղի ունեցավ, ընտրություններ, ներքաղաքական գզվռտոցներ, իշխանության տարբեր ճյուղերի միջև բացահայտ առճակատումներ, դատավարություններ, ձայն չհանեց: Ու այդ լռությունը միայն նրա օգտին էր, դրա մեջ համբերություն, իմաստնություն, անցյալը վերաիմաստավորելու տարրեր էինք ենթադրում:

Բայց հենց հարցազրույց տվեց, այդ ամենը հօդս ցնդեց: Մեր առջև նույն Սերժ Սարգսյանն էր, որին ճանաչում էինք վերջին 20 տարում: Ներքաղաքական ինտրիգների մեծ վարպետը: Մանիպուլյացիաներ, իրադարձությունները իրեն հարմար կերպով մեկնաբանելու պրոֆեսիոնալիզմ... բայց դրանք բոլորը մի կողմ: Թեկուզ մի ակնարկ, որ իր և Քոչարյանի օրոք ինչ-որ թերացում է ունեցել, սխալներ է թույլ տվել, որ իր ու Քոչարյանի պաշտոնավարման տարիները կորսված ժամանակ էր պետականության համար, գոնե մի բան, որ ցույց տար, որ նա՝ օրինակ, գիտակցել է Արցախի հարցում իր սխալ դիրքորոշումը, նշույլ անգամ չկար: Մենք այստեղ զերծ ենք մնում 44-օրյա պատերազմի տարբեր դրվագների և ընթացքի մասին նրա արտահայտած գնահատականներին, մասնավորապես՝ Լելե-Թեփեի օպերացիային անդրադառնալուց, որովհետև կարող է և ճիշտ է ասում, դա չգիտենք, հուսով ենք, դա հետագայում կպարզվի:  

Ասում է, որ ամեն ինչը ճիշտ է արել, սաղ լավ էր, էդ անտեր հեղափոխությունը փչացրեց ամեն ինչ: Ասում է՝ ես իշխանությունը Նիկոլին չեմ հանձնել, այլ Կարեն Կարապետյանին: Ամենամեծ մանիպուլյացիաներից մեկն էր: Իշխանությունը Կարեն Կարապետյանին հանձնողը դա շուտ կաներ ու դրա համար սահմանադրություն չէր փոխի: Կարեն Կարապետյանը ի՞նչ պիտի աներ այդ իշխանությունը, երբ այն ձեռքից գնացել էր: 

Ձեր կտերը չեն անցնում

Բայց ամենամեծ մանիպուլյացիան Սերժ Սարգսյանի այն հայտարարությունն էր, թե ինքը երբեք ոչմիթիզական չի եղել, այդ դիրքերից հանդես չի եկել, ու որպես վկայություն՝ հիշեցնում է  «Աղդամը մեր հայրենիքը չէ» արտահայտությունը: 20 տարի Ռոբերտ Քոչարյանը, հետո՝ Սերժ Սարգսյանը Հայաստանում խաղաղության և փոխզիջումների մոտեցումները հավասարեցրին դավաճանության, ով խաղաղության ու փոխզիջումների մասին էր խոսում, համարում էին հողատու, դավաճան, հողեր հանձնող: Ի վերջո նա, ով մերժում է ոչմիթիզականությունը, չի գնում դաշինքներ կազմում ոչմիթիզականության ջատագովների հետ, չի քարոզում ոչմիթիզականություն, իր կողմնակիցներին, համախոհներին կոչ է անում զերծ մնալ խաղաղության կողմնակիցներին քարկոծելուց, կրթության ոլորտն էլ չի թողնում ոչմիթիզական դաշնակների տնօրինության տակ:

Ոչ մի նման բան չի եղել: Ճիշտ հակառակը: Բերենք մի օրինակ: Ուրեմն, 2007 թվականին նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մասնակցելու է 2008թ. նախագահական ընտրություններին, և Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում իր ելույթի ժամանակ ասաց հետևյալը. «Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում ուղիղ երեք տարի հետո պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից` ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ և օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրել»:

Հիշո՞ւմ եք, թե Սերժ Սարգսյանը հաջորդ օրն ինչպես էր արձագանքել Տեր-Պետրոսյանի այս հայտարարությանը: Մեջբերում ենք. «Երևի համարում է, որ երեք տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար»:

Բա ոչմիթիզականությունը մերժողը այսպես կարտահայտվե՞ր: Կլասիկ ոչմիթիզականի արձագանք է: Խաղաղության և փոխզիջումների մասին արտահայտվող Առաջին նախագահին այ այսպես 20 տարի Ղարաբաղ հանձնող եք համարել: Ու հիմա եկել, խաղաղության կողմնակի՞ց եք դարձել: Մենք էլ ամնեզիայով ենք տառապում, ոչ մի բան չենք հիշում: Էդ կտերը մեր դեպքում չեն անցնում:

Բա Գալուստ Սահակյա՞նը: Սերժ Սարգսյանի պասով նա էլ ասել էր հետևյալը. «Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, դա հասկանալի էր, որովհետև մեր երկրի կարևորագույն քաղաքական խնդիրը Ղարաբաղն էր, իսկ Առաջին նախագահը դա տեսնում էր Ադրբեջանի կազմում` հատուկ կարգավիճակով: Նման դեպքերում, բնականաբար, հրաժարականի խնդիր պիտի լինի, իսկ այսօր նման խնդիրներ չկան»:

Սերժ Սարգսյան, հաստա՞տ ձեր օրոք նման խնդիրներ չեն եղել: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 7, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ