...

Պետական գործչի ու իշխանամոլի տարբերությունը պատերազմի արդյունքն էր

Պետական գործչի ու իշխանամոլի տարբերությունը պատերազմի արդյունքն էր

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այսօր գրել է. «Ձեռքներդ դրեք խղճներիդ ու ասեք՝ քանի՞սդ էիք պատրաստ հողերն առանց կռիվ տալուն: Հիմա, երբ տղերքը չկան, նոր ենք հասկանում, որ տղերքն էին կարևոր»:

Շատերն են պատասխանել այս հարցադրմանը և անկեղծ խոստովանել, որ պատրաստ չեն եղել հողերն առանց կռվի տալ և միայն պատերազմից հետո են հասկացել, թե նման մոտեցումը ինչ է արժեցել մեզ համար:

Պատասխանողները սովորական քաղաքացիներ են. ուսուցիչ, գրասենյակային աշխատող և այլն:

Վստահ ենք, որ հանրության մի ստվար զանգված պատերազմից առաջ հենց այսպես էլ մտածել է. որ հողերն առանց կռվի տալը դավաճանություն է: Բայց սա դատապարտելի չէ. ոչ միայն մեզ մոտ, այլև ուրիշ տեղերում էլ հանրությանը բնորոշ է առավելապաշտությունը, նյութապաշտությունը:

Ցանկացած հանրություն ձգտում է ավելի բարձր աշխատավարձ, թոշակ ստանալ, աշխատանքային ավելի լավ պայմաններ, ավելի երկարատև արձակուրդ ունենալ, ավելի քիչ հարկեր վճարել, ավելի ցածր տոկոսներով վարկեր վերցնել, միջազգային հարցերում ավելի անզիջում դիրքորոշում ունենալ: Դա այդպես է:

Այլ է պատկերը իշխանությունների դեպքում: Հնարավոր է, որ իշխանությունները նույն առավելապաշտական, պոպուլիստական կարգախոսներով գան իշխանության, բայց երբ արդեն իրենց վրա է դրված երկրի անվտանգության և զարգացման պատասխանատվությունը, այդ դեպքում պարտավոր են առաջնորդվել բացառապես իրատեսական, մաթեմատիկական ու տրամաբանական հաշվարկներով, որտեղ ցանկությունները պետք է համապատասխանեցվեն իրողություններին: Եթե հանրությունն, օրինակ, պահանջում է, որ միջին աշխատավարձը լինի 1000 դոլար, իշխանությունները չեն ասում՝ դե որ հանրության մեծ մասը դա է պահանջում, եկեք 1000 դոլար դարձնենք: Ոչ, հաշվարկում են, բյուջեն այսքան է, ծախսային մասը՝ այսքան, եկամտայինը՝ այսքան, աշխատավարձերն էլ, համապատասխանաբար՝ այսքան: Այսինքն՝ չեն կատարում հանրության պահանջը, չեն գնում պոպուլիզմի ճանապարհով՝ վտանգի ենթարկելով երկրի ֆինանսական համակարգը:

Նույնն էլ արտաքին քաղաքականությունում է: Եթե հանրությունը պահանջում է, որ ոչ մի թիզ հող, արյունով նվաճածը չպետք է վերադարձնել, մենք Արցախի հարցը լուծել ենք և փոխզիջման մասին խոսք լինել չի կարող, ապա նույն իշխանությունները այստեղ էլ պետք է հաշվարկեն. որքանով է դա իրատեսական, մեր հնարավորությունները, հակառակորդի հնարավորությունները, միջազգային դաշտում մեր դիրքերն ու հնարավորությունները, մեր մարդկային, ֆինանսական, տնտեսական ռեսուրսները, կոմունիկացիաները, հարևանների դիրքորոշումները, միջազգային և տարածաշրջանային զարգացումները, դաշնակիցների առկայությունը, նրանց դիրքորոշումները, խնդրի միջազգային-իրավական ասպեկտները, դիվանագիտական ճանապարհով հարցերը առավել նպաստավոր կերպով լուծելու ամենաբարձր նշաձողը, պրոբլեմներ ունենալու դեպքում հնարավոր զարգացումները և այլն: Բազմաթիվ գործոններ, որոնք պետք է հաշվարկել, վերլուծել, կանխատեսել և այդ ամենի հիման վրա որոշումներ կայացնել, որոնք կարող են և արժանանալ հանրության բացասական արձագանքին, պարսավանքին, անեծքին: Որոշումներ, որոնց պատճառով կարող է վարկանիշի կտրուկ անկում գրանցվել: 

Հայաստանում միակ ղեկավարը, որը հենց այդպես էլ վարվել է, այսինքն՝ որոշումներ կայացնելիս առաջնորդվել է իրատեսությամբ, հաշվարկներով, տրամաբանությամբ և դրանց հիման վրա հստակ կանխատեսումներով, Լևոն Տեր-Պետրոսյանն է եղել: Միակ ղեկավարը, որը գերադասեց իրերն իրենց անուններով նշել, զերծ մնաց պոպուլիզմից, իշխանությունը ամեն գնով պահպանելու մղումով չտրվեց հանրային դաշտը պաթոսով լցնելու գայթակղությանը: «Պատերազմ, թե՝ խաղաղություն» հայտնի հոդվածում և 1998թ. հունվարին Անվտանգության Խորհրդում հստակ, հատ-հատ ներկայացրել էր Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները, նշել էր դրանց լուծման առավել արդյունավետ ուղիները և դրանց չլուծման հետևանքները, ծամել, դրել էր հաջորդ 20 տարվա իշխանությունների բերանները, և դա թանկ արժեցավ նրա, իսկ ինչպես կյանքը հետագայում ցույց տվեց՝ բոլորիս համար: 

Եթե մարդն ասում է, որ ինքն էլ կարող է թուրքերին հայհոյել կամ Սևրի պայմանագիր ճոճել, նշանակում է՝ ինքն էլ գիտեր հանրության աչքում «աչոկներ» հավաքելու ձևերը: 

Բայց չի արել: Համբերատար բացատրել է մածունի սպիտակ լինելու աքսիոմատիկ ճշմարտությունը, բայց դա սվիններով է ընդունվել: Նա ունեցել է պետականամետ դիրքորոշում, իրեն դրսևորել է որպես պետական գործիչ, բայց ասել են՝ չէ, դու բան չես հասկանում, դու գնա:

Դրանից հետո եկած ուժերը ավելի քան 20 տարի բացառապես պոպուլիզմով են զբաղվել, գոնե մի անգամ հանրության հետ պարզ երեսով չեն խոսել, իրենց հիմնական խնդիրը իշխանություն ունենալն ու այն պահպանելն է եղել, ինչի համար մսխվել են մեր պետականության ռեսուրսները, աշխարհում մեր արժանապատիվ տեղն ու դերը ունենալու բոլոր հնարավորությունները: Իրենց համար ամենակարևորն այն է եղել, որ հանկարծ իրենց դավաճան, հողատու, Արցախ հանձնող չհամարեն և այլն: Եվ այդ ոչմիթիզական, պոպուլիստական պրոպագանդան այնպես է արմատավորվել հանրության գիտակցության մեջ, որ նույնիսկ պատերազմի օրերին քչերը կհամաձայնվեին առանց կռվի, զոհի և կորուստների զիջումների գնալ: Սրա գագաթնակետը դարձան օրվա իշխանությունները: Սրանք հեղափոխությունից հետո առաջնորդվում էին լայքերով: Այսինքն՝ իրենց որ գրածը կամ ասածը ամենաշատ լայքերն էր հավաքում, ուրեմն՝ ճիշտը դա է, այդպես էլ պետք է անել: Մի միլիմետր այս գծից չշեղվեցին: Ինչ որ հանրությունն է ուզում, ուրեմն՝ այդպես էլ պետք է վարվել: Եվ եթե հանրությունն ասում էր՝ ոչ մի թիզ, դե ուրեմն, ախպեր ջան, թող լինի այդպես: 

Պետական գործչի և իշխանամոլի տարբերությունը սա է: Մեկը հանուն պետության պատրաստ էր իշխանություն հանձնել, մյուսը հանուն իշխանության՝ պետություն հանձնել:

Հ.Գ. Գիտենք, գիտենք, հիմա էլ, որ Լևոնի անունը տալիս ենք, շատերի ֆազերը քցում է: Ոնց, սաղ ինքն է մեղավոր, հիմքերն ինքը դրեց, գլխավոր հողատուն ինքն է, ինքը ծնեց Քոչարյանին, Սերժին, Նիկոլին, չթողեց, որ հասնենք Քուռ... չթվարկենք այս բոլոր զառանցանքները, քանի որ դրանք շատ են: Բայց դրանից ոչ մածունն է սև դառնալու, ոչ էլ՝ 2+2-ն է 5 լինելու: Որքան էլ մենք դա երազենք:  

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ