Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ, որում մասնավորապես նշված է. «Դարձյալ կհաղթեինք, եթե մինչ 44-օրյա պատերազմը չվարկաբեկեին մեր բանակը, կադրային ջարդ չիրականացնեին զինված ուժերում, փորձառու հրամանատարներին չփոխարինեին հարմարվողականներով, ապաշնորհ ձևով չկառավարեին պատերազմը, հայ ժողովրդին պատերազմի ամբողջ ընթացքում հաղթանակի սուտ խոստումներ չտային, իսկ հետո չկոտրեին ոգին ու թշնամուն չհանձնեին մեր հայրենիքի մի մասը»:
Սա երկար թեմա է, ոտքի վրա գրելու չէ, թե ինչու պարտվեցինք և արդյոք հաղթելու շանս ունեինք 44-օրյա պատերազմում: Ըստ Սերժ Սարգսյանի՝ կհաղթեինք, եթե մինչ 44-օրյա պատերազմը չվարկաբեկեին մեր բանակը, կադրային ջարդ չիրականացնեին զինված ուժերում, փորձառու հրամանատարներին չփոխարինեին հարմարվողականներով:
Իրականում 44-օրյա պատերազմի հիմքերը դրվել են 1990-ական թվականների արցախյան պատերազմի ժամանակ: Ոչ թե 1994-ի մայիսյան զինադադարից հետո, այլ պատերազմի ընթացքում: Երբ աներևակայելի պայմաններում ձեռք բերված ռազմական հաջողությունները, դիվանագիտական ձեռքբերումները, մեր նորաթուխ պետականության առաջին քայլերը կոխկրտում վարկաբեկում էին: Երեկվա ցեխավիկները, քյարթու մտավորականները, նախկինում Լենինով երդվող, իսկ հետո հանկարծ դաշնակ դարձած հարմարվողականները... էս ամբողջ կոնտինգենտը թիկունքից թշնամուց ոչ պակաս ինտենսիվությամբ հարվածում էր մեր պետությանը: Իրենք են հենց այդ տարիներին նսեմացրել մեր հաղթանակների արժեքը՝ այդ տարիները համարելով ոչ թե հաղթանակների, այլ մթի ու ցրտի: Սա մեր հետագա պարտությունների առաջին ականն էր, որը դրվեց այն ժամանակ:
Աշխարհում դուք չեք գտնի երկրորդ նման դեպք, որ հաղթած երկրի ղեկավարին համարեն հող հանձնող, Ղարաբաղ ծախող, հողատու, օտարի գործակալ: Չկա նման բան: Մեզ մոտ դա եղավ: Ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին, այլև պատերազմում բացառիկ քաղաքական, դիվանագիտական և ռազմական աշխատանք իրականացրած մյուս գործիչներին: Այսինքն, եթե մենք մեր հաղթանակներն ու այդ հաղթանակները կռողներին չենք գնահատում, մի բան էլ ոչնչացնում ենք, թուրքն ինչի՞ պիտի գնահատեր: Կամ՝ ռուսը, ամերիկացին: Սա մեր պարտության երկրորդ ականն էր:
Հաջորդը. Սերժ Սարգսյանը խոսում է զինված ուժերում կադրային ջարդերի մասին: Երբ Քոչարյանը եկավ Հայաստան, զինված ուժերում ոչ թե կադրային ջարդեր սկսվեցին, այլ կադրային սպանություններ: Մինչև այդ պատերազմի հաղթողներին բարոյապես և քարոզչապես էին ոչնչացնում, այս դեպքում՝ ֆիզիկապես: Սպանվեցին Ներքին զորքերի հրամանատարը, ռազմական ոստիկանության պետը, իսկ հետո եղավ Հոկտեմբերի 27-ը: Ու այս պրոցեսը շարունակական եղավ, բանակից աստիճանաբար դուրս մղվեցին պրոֆեսիոնալները, արցախյան պատերազմի իրական կերտողները, նրանց փոխարինեցին հարմարվողականները: Էն, որ բանակը ամրապնդելու փոխարեն պիտի իրենց համար Ելիսեյան պալատներ ու լճափնյա դղյակներ կառուցեին, զինվորին գոմեշի միս կերցնելով, մուլտիմիլիոնատերներ դառնային, սահմանագծերը անառիկ դարձնելու փոխարեն սեփական արտովայրեր, ՀԷԿ-եր պահեին: Մեր պարտության երրորդ ականն էլ սա էր: Երբ բանակը դարձավ հարստանալու և իշխանությանը սպասարկելու գործիք:
Բանակի վարկաբեկման մասին: Որ մարտի 1-ին բանակը հանեցին ժողովրդի դեմ ու անմեղ մարդկանց վրա կրակեցին, դա բանակի հեղինակությունը բարձրացրե՞ց: Թե՞ հեղինակազրկեց: Իրականում դրանով ծանրագույն հարված հասցվեց բանակին էլ, նրա հեղինակությանն էլ: Դրա կազմակերպիչները մինչև հիմա չեն հասկացել իրենց արածի ծանրությունը, կամ իրենց անհասկացողի տեղ են դրել: Մինչդեռ դա մեր պարտության չորրորդ ականն էր: Երբ բանակը դադարեց հարգանքի օբյեկտ լինել:
Ահա այսպիսի ականապատված դաշտ ենք ունեցել, երբ տեղի ունեցավ 2018-ի հեղափոխությունը: Մենք հույս ունեինք, որ նոր իշխանությունները կականազերծեն այդ դաշտը, ականները կհանեն, կվերանայեն ու կվերաիմաստավորեն մեր անցյալը, ցաքուցրիվ կանեն 1990-ականների ժամանակների մասին տասնյակ տարիներով ձևավորված առասպելները, ստերը, զրպարտությունները, կեղծիքները, իրականությունը վերհանելու համար դաշտ կստեղծեն, պատերազմի և խաղաղության բանավեճը օրակարգ կբերեն, 1990-ականներին իշխանությունների ձեռքբերումների իրական նշանակությունն ու արժեքները կներկայացնեն, կռեաբիլիտացնեն պատերազմի հաղթողներին, կդատապարտեն հաղթանակի սուտ խոստումներ տվող նյութապաշտներին:
Իսկ ի՞նչ արեց իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Հատ-հատ կանգնեց բոլոր ականների վրա: Հազար անգամ այդ ականապատված դաշտի քարտեզն իրեն ցույց տվեցին, բացատրեցին, զգուշացրեցին, մեկ է, գնաց ու այդ դաշտը պայթեցրեց: Ու հիմա կանգնել, հայտարարում է, թե գիտեք ինչ, էդ Լևոնը, Սերժն ու Ռոբերտն էին ականապատել դաշտը ու այդ դաշտը թողել ինձ:
Ահա այսպես ենք պարտվել. մեր իսկ դրած ականների վրա կանգնելով: