...

Նիկոլի հետ չեն բանակցելու

Նիկոլի հետ չեն բանակցելու

Ո՞ւր կորավ ձեր ոչմիթիզականությունը

Այս շաբաթ թևակոխեցինք քաղաքական նոր՝ մինչ այժմ չլսված քաղաքական մետամորֆոզների փուլ: Նախ՝ երկու բառով Վազգեն Մանուկյանի ղեկավարած ընդդիմադիր, հայրենափրկիչ շարժման մասին. ասելիք չկա:

Իսկ ահա իշխանությունների պահով ասելիքն անսահման է: Նույնքան անսահման, որքան հանկարծակի նրանց արթնացած սերը դեպի խաղաղություն, Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ, սահմանների բացում և այլն:

Ուրեմն, երբ 2016 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում պատրաստ է աջակցել Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում ցույցի ժամանակ հայտարարեց, թե Լևոնը Սերժի հետ դաշինք է կազմել՝ մեզ առաջարկվող կապիտուլյացիոն և ստորացուցիչ պայմանագիրն ընդունելու գործում: Բոլորդ էլ այդ ելույթը տեսել եք, հիմա այն նորից է պտտվում համացանցում:

Ուրեմն երեկվա այս ոչմիթիզականները, ստորացուցիչ կապիտուլյացիա ստորագրելուց, Արցախի 70 տոկոսը հանձնելուց հետո, հանկարծ դարձել են խաղաղության ռահվիրաներ, թուրքերի հետ խաղաղ ապրելու մասին են խոսում, թուրքերի և ադրբեջանցիների հետ թշնամության մթնոլորտը վերացնելու վերաբերյալ ելույթներ են ունենում: Ճանապարհները բացենք, երկիրը զարգացնենք: Սրանք են ասում: Իսկ Լևոնին ու Սերժին դավաճան էին համարում արժանապատիվ խաղաղություն կնքելու մտադրության համար:  

Շուշին դժգույն քաղաք էր, Քարվաճառը մերը չէր... սրանց բարբաջանքների ցանկը կարելի է շարունակել: Ու այս կարգախոսներով գնում են ընտրությունների: Որ Նիկոլ Փաշինյանին հարցնում ես, թե այն ի՞նչ էիր ասում Խորենացի փողոցում, փախչում է պատասխանից: Ու այս փախչող տղան Տեր-Պետրոսյանին է անվանում փախչող:

Կապիտուլյացիան դաս չեղավ

Նիկոլ Փաշինյանը հիմա այսպես է մտածում. դե, ինչ եղել, եղել է, այս էջը փակենք, նոր էջ բացենք, անունը դնենք՝ հարևանների հետ նոր հարաբերություններ կառուցել: Իրեն թվում է, թե պատերազմը վերջացել է: Բանակցություններ կլինեն, տեսնենք՝ ինչ է լինում: 

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չեն հասկանում, որ կապիտուլյացիայի ենթարկվածի հետ բանակցություններ չեն վարում: Կապիտուլյացիայի ենթարկվածին միայն պայմաններ են թելադրում: Վերցրեք 20-րդ դարի՝ մեզ հայտնի կապիտուլյացիաները. 1918-ի գերմանական կապիտուլյացիան, 1920-ի հայկականը, 1940-ի ֆրանսիականը, 1945-ի գերմանականն ու ճապոնականը. բոլոր դեպքերում կապիտուլյացիայի ենթարկված կողմը սուսուփուս ընդունել է հաղթող կողմի բոլոր պայմանները, որոնք ներառում են տարածքային զիջումներ, խոշոր ռազմատուգանք, բազմաթիվ սահմանափակումներ՝ զենքի, բանակի, զինված ուժերի և այլն: 

Սրանց թվում է, թե հիմա այսպիսի ռևերանսներ են անում Թուրքիայի հասցեին, Էրդողանը զանգելու է Ալիևին, ասի՝ ապեր, լավ, թարգի, քել քյաստըմ տանք էս հայերի հետ, խաղաղ ապրենք: Բա ո՜նց: Քանի Նիկոլ Փաշինյանն է Հայաստանը ներկայացնում, Թուրքիան ու Ադրբեջանը, գուցե նաև Ռուսաստանը, մինչև վերջին խազը կթելու ու քամելու են Հայաստանն ու Արցախը: Հիմա պատկերացնո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին Ալիևի հետ բանակցությունների սեղանին նստած: Տարբեր քաշային կարգեր են, ոչ հավասարազոր: Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է բանակցություններում Ալիևից ինչ-որ բան պահանջել: Իհարկե՝ ոչ: Կարող է խնդրել, աղաչել, նվաստանալ, բայց պահանջելու իրավունքն արդեն կորցրել է պատերազմում: 

Իսկ կարո՞ղ է Փաշինյանը դեմ արտահայտվել Ալիևի պահանջներին: Նույնպես՝ ոչ: Ձեռքին ի՞նչ կա, որ մերժի: Ի՞նչ, իր լայքերն է որպես փաստարկ ներկայացնելու, մանկապարտեզի երեխաների անվերապահ սե՞րը: Որ պատկերացնում ենք Ալիևին ու Փաշինյանին մի սեղանի շուրջ նստած, արդեն սարսափում ենք այդ  հեռանկարից: Որովհետև չգիտենք, թե ինչ նոր օյին կարող է բերել մեր գլխին:

Դժվար էլ հասկանա

Օրերս մեր գործընկեր Արամ Աբրահամյանը մի դիպուկ օրինակ էր բերել. ասում է, որ հայաթում մեկին ծեծում են, հետո էս տուժածը ցանկանում է ծեծողների հետ ընկերանալ, ինչը չի կարող նրանց ընկեր լինել, մաքսիմում՝ շեստյորկան: Հիմա արտաքին ուժերի միջև պայքար է գնում, թե Հայաստանը ում շեստյորկան պետք է լինի: 

Այնպես որ, անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հիմա ինչքան է, ուզում է՝ 70 տոկոս լինի, ուզում է՝ 80, ուզում է՝ Հայաստանի հավաքականի հաղթանակին «վենա» մտնի, ուզում է՝ երեխաները նրա փեշերից լացակումած կախվեն, ուզում է՝ նոր խորհրդարան, նոր կազմով ձևավորի, նա կորցրել է Հայաստանը արտաքին աշխարհում ներկայացնելու, Հայաստանի անունից բանակցելու, պայմանագրեր կնքելու իրավունքը: Քաղաքական և պատմական իրավունքը: Նրա կերպարով Հայաստանի հետ աշխարհում ոչ ոք հաշվի չի նստելու, բանի տեղ չի դնելու: Պարտվողը երբեք ձեռքբերումներ չի ունենում: Կհասկանա՞ սա, այդ դեպքում հույս կա, որ դեռ կարելի է իրավիճակը շտկել: Չի՞ հասկանա. ինչ ասենք, կհայտնվենք նոր աղետների շեմին:

«Չորրորդ իշխանություն», թիվ 13, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ