...

Տեր-Պետրոսյանի մի հայտարարության հետքերով

Տեր-Պետրոսյանի մի հայտարարության հետքերով

Ասողին լսող է պետք

Այս շաբաթ... դե, տեսնում եք, թե ինչ է կատարվում: Ինչքան ընտրությունների օրը մոտենում է, այնքան Հայաստանի վիճակը վատանում է: Ադրբեջանն էլ նենգաբար փորձում է «դաբիտ» անել մեր երկրին: Պոկել, ինչ հնարավոր է: Չենք էլ ուզում հերթով ամեն ինչ ներկայացնել. ուրիշ տեղ նյարդայնացեք:

Բայց հիմա կցանկանայինք խոսել Տեր-Պետրոսյանի մասին: Ավելի ճիշտ, նրա մի հայտարարության մասին, որն այս երկու օրը մեր մտքից դուրս չի գալիս: Խոսքը ապրիլի 26-ին նրա արած այն հայտարարության մասին է, որտեղ Առաջին նախագահը քաղաքական բոլոր ուժերին, ՀՀ նախագահին, ՍԴ դատարանի դատավորներին, խորհրդարանական ընդդիմադիր կոչվող խմբակցություններին կոչ էր անում ամենայն լրջությամբ քննարկել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում և նրա հետագա հրապարակումներում բերված փաստարկները: Կոպիտ ասած, Տեր-Պետրոսյանն ասում էր. մի թողեք, որ Նիկոլը վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո շարունակի պաշտոնավարել՝ թեկուզ ժպ-ի կարգավիճակով:

Հիշում եք, ինչ աղմուկ բարձրացավ: Իշխանական գործիչները հայտարարեցին, որ ամեն ինչ օրենքի սահմանում է, թղթերով սաղ ճիշտ է, Տեր-Պետրոսյանը ջրեր է պղտորում, և այլն: Նրանց ձայնակցեցին նաև ԲՀԿ-ն ու Լուսավորը:

Բայց այսօրվա իրադարձությունները մեզ հուշում են, որ Տեր-Պետրոսյանի այդ հայտարարության մեխը այլ բան էր: Նա առաջարկում էր Փաշինյանի պաշտոնավարման հարցը ՍԴ մտցնել և ամեն ինչ անել, որպեսզի մինչև հունիսի 20-ը Նիկոլը Հայաստանի Հանրապետության անունից գործելու լիազորություններ չունենար, պայմանագրեր ու որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկվեր: Այ, էս օրվա համար էր առաջարկել: Որովհետև կանխատեսել էր, որ Ադրբեջանը Նիկոլի բկից բռնելու է և մինչև ընտրությունների ավարտը թափ է տալու՝ կորզելով առավելագույն զիջումներ, տարածքներ և նոր պայմանագրեր: Ու փորձում է Նիկոլի ստորագրությամբ լեգիտիմացնել իր բոլոր պահանջները: Մինչդեռ բացի Փաշինյանից, ով էլ լիներ երկրի ժամանակավոր ղեկավարը, դա հնարավոր չէր լինի, որովհետև ով էլ լիներ ժպ-ն, ասելու էր. ես ընդամենը ժամանակավոր մարդ եմ, սպասեք, ընտրություններն ավարտվեն, նոր իշխանություններ ձևավորվեն, հետը կբանակցեք: 

Այն, ինչ կատարվում է հիմա սահմանամերձ շրջաններում, Սյունիքում, Գեղարքունիքում, այն փաստաթղթերը, որոնք դայաղ են արել Փաշինյանին, այս ամենից կարելի էր խուսափել, եթե Տեր-Պետրոսյանի այս առաջարկին իսկապես լրջությամբ մոտենային: Բայց դե, ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն այդքանը հասկանալու համար ոչ ցանկություն ունեին, ոչ էլ ունակություն, իրենք իրենց հինգ կամ չորս տոկոսի դարդն են անում:

Ցանել եք, հիմա էլ հնձում եք

Իմիջիայլոց, բացառված չէ, որ նույն նպատակն է հետապնդել նաև Տեր-Պետրոսյանի մյուս աղմկահարույց հայտարարությունը, որտեղ նա իրավիճակից դուրս գալու ուղի էր համարել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նրան անվտանգության երաշխիքներ տրամադրելը և Հայաստանից դուրս հանելը, մինչև այստեղ դրությունը կայունանար: Ու էլի էս օրվա համար էր առաջարկել: Ինչ ասես, որ չասացին այս մարդու հասցեին: Էլ մարտի 1-ը մոռանալ, էլ ռոբասերժական ուժերին ձայնակցել, էլ ավազակապետության ջատագով: Փորձեց մի բան անել, որ Նիկոլը հեռու մնա պայմանագիր, փաստաթուղթ, բանակցություն հասկացություններից, չստացվեց: Հիմա դրա պտուղներն ենք քաղում: 

Մեր քյալերը սա չհասկացան, իսկ Ալիևը հասկանում է: Մենք էլ մեր եղունգները կրծելով, նայում ենք, թե ոնց է Հայաստանը հալվում: Ու օրերն էլ շատ դանդաղ են անցնում: Հիմա մեզ ամեն օրը տարի է թվում: Մինչև հունիսի 20-ը գա, կարող է, Հայաստանից էլ բան չմնա:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ