Անհավատալին՝ ակնհայտ, կամ հակառակը
Այս շաբաթ թամամվեց Ղարաբաղյան շարժման 35-րդ տարելիցը: Հիմա որ այսպես հետադարձ հայացք ենք գցում այդ ժամանակաշրջանին, մտածում ենք՝ բայց էս նույն ազգն է եղել, որը ծնեց նման հզոր շարժում: Շարժում, որն իր բնույթով, իր որակական հատկանիշներով հայոց ողջ պատմության մեջ ամենալուսավոր, ամենապայծառ երևույթներից մեկն է եղել: Շարժում, որը ցնցեց ոչ միայն Հայաստանը, այլ նաև ողջ Խորհրդային կայսրությունը, ինչ-որ տեղ նաև աշխարհը:
Ֆանտաստիկ մի բան էր: Մանավանդ այսօրվա իրավիճակի համեմատ պարզապես անհավանական: Շարժում, որը կարողացավ լուծել կարևորագույն երկու մարտահրավեր՝ ստեղծել աշխարհի համար հասկանալի, ընդունելի, հարգված պետականություն և Ղարաբաղի հարցը արժանապատիվ լուծման ճանապարհին դնել:
Ու որ մտածում ես, թե էսօրվա քաղաքական դաշտի դերակատարներն ինչու են այսպես 25 տարի շարունակ հարձակվել ղարաբաղյան շարժման և նրա ձեռքբերումների վրա, պատճառներից մեկը սրանց խեղճությունն է: Փոխանակ թեկուզ ստիպելով, իրենց մեջ ուժ գտնելով որակապես աճեին, որպեսզի արժանի լինեն ղարաբաղյան շարժման արժեքներին, ընդհակառակը, այդ արժեքներն այնքան նսեմացրին, այնքան սևացրին, որպեսզի հարմարվեն իրենց կենդանական բնազդներին, իրենց խեղճությանը, տգիտությանն ու բարոյականությանը:
Նայում ես, թե ինչպես էին այս խեղճերը Շարժման 35-ամյակի առթիվ ինչ-որ ուղերձներ հղում: Ինչ բառապաշար, Շարժումը սա ծնեց, նա երկնեց, պոռոտախառն բառապաշար, ու չհարցնե՞ս՝ ախր դուք ով եք, որ Շարժումից խոսեք, դո՞ւք, որ ատելով ատում եք այդ Շարժումը, որ ձեր կոմերիտա-կոմսոմոլային հանգիստ կյանքը խաթարեց, դո՞ւք, որ ձեր խեղճությունը կոծկելու համար շան պես ընկել էիք Շարժման ղեկավարների ետևից՝ փորձելով վրեժխնդիր լինել: Դուք խոսեք Բաքվում չայ խմելու, Քուռ գետում լողանալու և Աֆրիկյան սաֆարիներ տենդերներ շահելու մասին, իհարկե, չմոռանալով գլխավերևում մուրճ ճոճել: Վըխք, ոնց մխտռեցին մեր Շարժումը:
Որբացող հաղթանակ
Մի հատ տեսանյութ կա, տեսած կլինեք, երբ Հեյդար Ալիևը Տեր-Պետրոսյանին բողոքում է Վազգեն Սարգսյանից, թե ինչի է ՊՆ նախարարը համալսարանում Բաքու մտնելու մասին խոսում: Առաջին նախագահն էլ հումորով պատասխանում է, թե Հեյդար Ալիևիչ, Վազգենը ամուրի է, աղջիկների առաջ թիթիզանում է: Ու բոլորը ծիծաղում են: Տեր-Պետրոսյանը կարող էր այսպես կատակել Ալիևի հետ, որովհետև հաղթած ղեկավար էր, հաղթողի դիրքերից էր խոսում:
Այս դրվագը հիշեցինք, երբ Փաշինյան-Ալիև մյունխենյան բանավեճին էինք հետևում: Բանավեճ... ո՞ւր էր այնտեղ բանավեճ, ամոթ էլ էր: Լավ էլի, եկեք ավելորդ անգամ չներվայնանանք, մեկ է, հեսա գրելու են՝ բա խի՞ Լևոնը 1994-ին Բաքուն չգրավեց ու կապիտուլյացիոն զինադադար կնքեց: Արդեն չենք զարմանում, որ այս զառանցանքի հարցում դաշնակ-մաշնակների ու իշխանավորների տեսակետները համընկնում են: Խեղճությունն այ տենց միավորող հատկություն ունի:
Մի հատ զարմանալի դիտարկում. շատ են ասում, որ հաղթանակը հազար տեր ունի, իսկ պարտությունը որբ է: Մեզ մոտ հաղթանակն էլ է գնալով որբանում:
Վազք մինչև զիջում
Բայց Օսկանյանը վերջն էր: Մենք կարող ենք հիմա հանգիստ խղճով, լեգիտիմ հիմունքներով, իրավական բոլոր ասպեկտներն ունենալով էս մարդուն հող հանձնող անվանել: Նոտարով հաստատված փաստ է, որ ցանկացել է իշխանություններին հորդորել, որ Ադրբեջանին զիջումներ անեն: Ընդ որում, լրացուցիչ զիջումներ: Այսինքն՝ իրենք 10 տարի զիջումներ են արել, էդ քիչ էր, ասում են՝ մի քիչ էլ դուք արեք, պրն Փաշինյան: Ինչպես ասում են՝ ոչմիթիզականության վազքը մինչև զիջումն է: Էս արտահայտությունը մեզ դուր եկավ, արժե հաճախ հիշեցնել: