ԱՆԴԱԴԱՐ
Ադրբեջանում հոկտեմբերի 15-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում կրտսեր Ալիևը երկրի նախագահ դարձավ: Եվրոպացի դիտորդներից մեկի բնորոշմամբ` Իլհամին կարելի է երկրի «լեգիտիմ բռնապետ» համարել: Այսպիսով, թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում գոյություն ունեն երկու բավականին նմանատիպ երկրի ղեկավարներ. նրանք իրենց պետության ներսում վաստակել են իշխանությունն ամեն գնով բռնազավթողի համբավը:
Կրտսեր Ալիևի Ադրբեջանի նախագահ դառնալու առիթով պաշտոնական Երևանը արձագանքեց հետևյալ կերպ. նախ Վարդան Օսկանյանը մի քանի անգամ հայտարարեց, թե Հայաստանի համար ձեռնտու է, որ շարունակվի Հեյդար Ալիևի քաղաքականությունը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում: «Հայաստանի իշխանությունները կաշխատեն Ադրբեջանի նորընտիր նախագահ Իլհամ Ալիևի հետ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ: Հուսով ենք, որ նա իսկապես կկարողանա շարունակել ընդհատված բանակցությունները, որոնք նախկին նախագահը հասցրել էր ինչ-որ կետի», նշեց Օսկանյանը: Այնուհետև Քոչարյանը հավելեց, թե «հարևանների հետ` ղարաբաղյան կողմի մասնակցությամբ, պետք է վերսկսվեն բանակցային բոլոր գործընթացները»:
Ակնհայտ էր, որ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո ՄԽ համանախագահները պետք է այցելեն տարածաշրջան և ներկայացնեն որոշ առաջարկներ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ՄԽ ռուսաստանցի նոր համանախագահը Երևանում լրագրողների այն հարցին, թե ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ համանախագահների ներկայացվելիք նոր առաջարկներում պահպանվե՞լ են քիվեսթյան և փարիզյան պայմանավորվածությունները, Մերզլյակովը պատասխանեց, թե դրանք անվանում են տարբեր կերպ` «նոր, մոդիֆիկացված»:
Ինչևիցե, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան նախատեսվում էր նոյեմբերի սկզբին, սակայն այսօր արդեն հայտնի է, որ այն հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Նախնական տվյալներով, համանախագահները տարածաշրջան կժամանեն դեկտեմբերի վերջին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը:
Թվում է, թե ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ կարգավորելու մասին այսօր խոսում են բոլորը, և առաջիկայում ինչ-որ հստակեցում կմտցվի այս խնդրում: Հոկտեմբերի վերջին տարածաշրջան կատարած իր այցի ընթացքում ԵԱՀԿ-ի նախագահ, Նիդեռլանդների ԱԳ նախարար Յաապ դե Հոոպ Սխեֆերն էլ նշեց. «Հայաստանում և Ադրբեջանում կայացած ընտրություններից հետո նոր պատուհան է բացվում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների համար»:
Սակայն, երբ ուշադրությամբ հետևում ես այս օրերին Հայաստանում իշխանական քարոզչամեքենայի կողմից տարածվող տեսակետներին ու մեկնաբանություններին, կրկին համոզվում ես, որ Քոչարյանի վարչախումբը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անվերջ ձգձգելու վաղուց արդեն որդեգրած իր ուղեգծին շարունակում է հավատարիմ մնալ: Ահա թե ինչ է գրում վարչախմբին սատարող մամուլը արդեն մեկ ամսից ավելի. «...մեզ համար վաղուց արդեն գոյություն չունի առանձին վերցրած ղարաբաղյան հիմնահարց: Կա խնդիր` պահել-պահպանել ստատուս-քվոն»: Այս գաղափարը երկրորդում են Քոչարյանի հենարանը հանդիսացող ուժերը: ԱԺ ՀՀԿ խմբակցությունից Համլետ Հարությունյանը կարծում է, որ «Ղարաբաղի հարցում հազիվ թե որևէ վճռական տեղաշարժ լինի, և ստատուս քվոն կպահպանվի դեռ երկար ժամանակ»: Իսկ, օրինակ, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանն էլ պարբերաբար հայտարարում է. «Ղարաբաղի հարցն առաջնային պլանում չէ... Լինում են խոսակցություններ, քաղաքական բանավեճեր, և հարցը փակվելու է: Պահպանվելու է ստատուս քվոն»:
Ի հավելումն այս ամենի, Քոչարյանը ևս նշեց. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մենք չենք ակնկալում, որ հիմա համանախագահները որևէ առաջարկ կներկայացնեն»: Սա ասվեց այն դեպքում, երբ ԵԱՀԿ նախագահ Յաապ դե Հոոպ Սխեֆերը տարածաշրջան կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ ՄԽ-ը առաջիկայում հանդես կգա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նոր առաջարկություններով:
Այն, որ 1998-ին Քոչարյանը և նրան սատարողները ղարաբաղյան հիմնախնդիրը շահարակելով պալատական հեղաշրջման օգնությամբ բռնազավթեցին իշխանությունը, սակայն հինգ տարվա ընթացքում ոչ մի քայլ չարեցին «հաղթողական ծրագիրը» կյանքի կոչելու համար, այլևս գաղտնիք չէ մեր հասարակության համար: Սակայն այն, որ քոչարյանական վարչախումբը մտադիր է երկրորդ անգամ Հայաստանում բռնազավթած իշխանությունը դարձյալ երկարաձգել ղարաբաղյան հիմնախնդիրը չլուծելու շնորհիվ, սա արդեն իսկապես կրկնակի հանցագործություն է: Եվ հասկանալի է, թե հայաստանյան իշխանություններին ինչու է ձեռնտու, որ շարունակվի Հեյդար Ալիևի քաղաքականությունը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում... Նրանց հարկավոր է` այժմ էլ Քոչարյան-Ալիև կրտսեր ֆորմատով ևս 20-30 անպտուղ հանդիպում: Եվ ոչինչ, դրանից բացի:
Եվա Ադամյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 331, նոյեմբերի 4, 2003 թ.