ՑԵՆԶ
Նախագահական ընտրություններին մնացել էր մի քանի օր, երբ հայտնաբերվեց մի տարօրինակ, եթե չասենք սարսափելի բան: Պարզվեց, որ աշխարհում կան պարգևներ, որոնցով Ռ. Քոչարյանը դեռևս չի պարգևատրվել: Դժբախտությունը բախեց նախագահականի դուռն այն երջանիկ օրը, երբ Ռ. Քոչարյանին հանձնում էին Սվյատոսլավ Ֆյոդորովի անվան քաղաքական գործչի և էլի ինչ-որ կրթական մրցանակ:
Հաշվի առնելով ժամանակի սղությունը՝ վերին ատյաններում որոշում էր կայացվել այդ երկու մրցանակները հանձնել, այսպես ասած` «բիրիքով»: Մեր ընթերցողները պատկերացնել անգամ չեն կարող, թե ինչպիսի տառապանքներ տարան Ռ. Քոչարյանի շտաբի աշխատակիցները, որպեսզի համոզեն քաղաքականապես անգրագետ էլեկտորատին, որ մրցանակների հանձնումը Ռ. Քոչարյանին ամենևին էլ կապված չէ մոտալուտ նախագահական ընտրությունների հետ: Այդ նպատակով նույնիսկ համոզեցին Իոսիֆ Կոբզոնին, որ նա ելույթ ունենա և բացատրություններ տա: Կոբզոնն էլ առանց երկար-բարակ մտածելու ասաց, որ «իր այցն ամնևին էլ կապված չէ Հայաստանում նախագահական ընտրությունների հետ»: Ստացվում է, որ Իոսիֆ Դավիդովիչն իր համար զբոսնում էր նախկին ԽՍՀՄ-ի անծայրածիր տարածքներով և ինչ-որ մի տեղ` Բաքվի և Թիֆլիսի արանքում տեսնում է «իր ընկեր Ռ. Քոչարյանին»: Հենց այդ րոպեին օդանավակայանը օղակող քոլերում պատահականորեն հայտնաբերվում են երկու դաշնամուր, կներեք, մրցանակ: Այսպես, չնայած բոլոր պրոբլեմներին, ամեն ինչ լոխ լավ կլիներ, եթե Գիտությունների Ակադեմիայի նկուղում Ռ. Քոչարյանը հանկարծակի չգտներ դեռևս ԽՄԿԿ XXV համագումարից պատահականորեն մնացած Լեոնիդ Իլիչի դիմանկարը` բազմաթիվ կառավարական ու ոչ կառավարական պարգևներով:
Թարսի պես հենց այդ օրը տիկին Քոչարյանն իմացավ, որ տիկին Պուտինային շնորհել են «Տարվա լուսավորիչ» կոչումը: Այնպես որ, այդ օրը Քոչարյանի նախընտրական շտաբում տրամադրությունը մոտ էր խուճապայինի: Տիկին Քոչարյանի պրոբլեմները լուծելը այնքան էլ դժվար չէր. պարզապես հանձնարարեցին թաղապետերից մեկին, որ նա պարգևատրի Հայաստանի առաջին տիկնոջը լուսավորության համար ինչ-որ մեդալով: Ինչպես ասում են, «Սնեգոպադ, սնեգոպադ, եսլի ժենշչինա պրոսիտ»:
Անհամեմատ ավելի դժվար եղավ լուծել պարոն Քոչարյանի պրոբլեմները: Մրցանակները շատ էին, իսկ ժամանակը մինչև ընտրությունները՝ քիչ: Այդ իսկ պատճառով որոշում ընդունվեց Քոչարյանին պարգևատրել մեկ, բայց լավ մրցանակով: Սկզբից ելույթ ունեցավ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ելնելով իր իսկ դրույթից, «որ հայ-ամերիկյան հարաբերությունները երկուստեք արդյունավետ են զարգանում», նա առաջարկում էր պայքարել «Օսկարի» համար լավագույն ռեժիսուրա նոմինացիայում, հաշվի առնելով գործող նախագահի անուրանալի դերը հայտնի դատավարությունում: Սակայն այս առաջարկը չարժանացավ ներկաների հավանությանը, քանի որ հայ-ամերիկյան հարաբերությունների առումով «երկուստեք» բառի օգտագործումը առնվազն կնշանակեր, որ ամերիկացիները մեր օգնությամբ բռնել են Բեն Լադենին: Բայց քանզի Բեն Լադենը նույնքան հեռու էր անդրօվկիանյան արդարադատությունից, որքան պարոն Քոչարյանը ՀՀ Սահմանադրությունից, «Օսկար» կպցնելու գործը լռվեց:
Հաջորդ առաջարկության հեղինակը Տիգրան Թորոսյանն էր: Նա գտնում էր, որ տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակը պարզապես ստեղծված է Քոչարյանի համար: Բանն այն է, որ պրն Թորոսյանը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանի տնտեսությունը հասել է խորհրդային մակարդակի: Առաջարկը լավն էր և հավանաբար կընդունվեր, եթե խորհրդակցության մասնակիցներից մեկը կարծիք չհայտներ, որ պրն Թորոսյանը «խորհրդային» բառում մոռացել է ասել «նախա» ածանցը:
Իսկ ինչու՞ ոչ Գրեմմի մրցանակ, ինչո՞վ է նա վատ Մայքլ Ջեքսոնից: Պատասխանելով նախկին հհշականների այն պրովոկացիոն պնդմանը, թե դրա համար առնվազն երգել իմանալ է պետք, երգիչ Ֆորշն ասաց, որ «Քոչարյանը լավ մարդ ա»: Մինչ շարունակվում էին դեբատները Գրեմմի մրցանակի, Մայքլ Ջեքսոնի և Քոչարյանի երաժշտական ունակությունների շուրջ, հանկարծ տեղից խոսեց Անդրանիկ Մանուկյանը. «Վաղը սպասվում է պատերազմ Իրաքի դեմ..»: «Ի վնով նաչինաետսյա բոյ» արձագանքեցին նորացված կոմկուսի անդամները` Հրանտ Ոսկանյանի խմբավարությամբ: «Մեզ հրամանատար է պետք» մարտական կոչ արձակեց հումանիստ-գրող Ալվարդ Պետրոսյանը` ճոճելով պապի նագանը: «Լ Ի Լենին տակոյ մոլոդոյ, ի յունիհ Օկտյաբր վպերեդի» - երգում էին նորացված կոմունիստները` չգիտես ինչու նայելով Ռ. Քոչարյանի նկարին:
Բայց առանձնապես ուշադրություն չդարձնելով աշխուժացած մթնոլորտին, Անդրանիկ Մանուկյանը խաղաղ տոնով շարունակեց. «Համոզվա՞ծ եք արդյոք, որ եթե Քոչարյանից բացի որևէ մեկն ընտրվի, Պուտինը նրան կընդունի»: Ելնելով այս ամենից, պարոն Մանուկյանն առաջարկեց Ռ. Քոչարյանին պարգևատրել «Լավագույն գավառապետին» համառուսաստանյան մրցանակով, քանզի նախագահ Պուտինը միայն իր ենթականերին է ընդունում, այն ժամանակ, երբ Ռ. Քոչարյանի երբեմնի շեֆ Հ. Ալիևի հետ նա հանդիպում է:
Երկար-բարակ դեռ շատ կվիճեին, եթե հանկարծ Հրանտ Ոսկանյանը բոլորին ձեռնտու առաջարկություն չաներ՝ պարգևատրել Ռ. Քոչարյանին գրականության ոլորտում Ստալինյան մրցանակով: Ոգևորությունը համընդհանուր էր: Գալուստ Սահակյանը հուզված, գրեթե լացակումած ձայնով ասաց, որ «գնալով ավելի մեծ բերկրանք է ապրում, քանի որ բազմամարդ հանրահավաքները կրկնապատկվում ու եռապատկվում են» ճիշտ այնպես, ինչպես 1937 թվականի մայիսի 1-ի ցույցին: «Ս կաժդիմ դնեմ վսե ռադոստնեե ժիտ...» - չկարողանալով իրենց զսպել` երգեցին նորացված կոմունիստները: Իսկ Անդրանիկ Մանուկյանը երևի հիշելով քաղկոմական անցյալը, ասաց, որ ժողովուրդն իրեն բազմիցս ասել է, թե «ինչու ինքը ժամանակին չէր ասում, թե ում քվեարկեն»: Նորացված կոմունիստներն ակնարկեցին, որ վատ է կազմակերպված պայքարը ժողովրդի թշնամիների դեմ: Ամեն ինչ լավ կլիներ, բայց հանկարծ Հրանտ Ոսկանյանը հիշեց, որ Ռուսաստանի կոմկուսը քաղաքական ռեաբիլիտացիայի չի ենթարկել ընկերներ Ստալինին և Բերիային: Այպես որ, որոշեցին վերադառնալ Գրեմմի մրցանակին:
Գ. Կորխմազյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 268, Փետրվարի 11, 2003 թ.