...

Նոր աշխարհակարգը թակում է տարածաշրջանի դռները

Նոր աշխարհակարգը թակում է տարածաշրջանի դռները

ՇՐՋԱՆԱՅԻՆ

Դա հարուցել է տարածաշրջանի բռնատիրական և 
ավտորիտար ռեժիմների սարսափը

Նախ տեղեկացնենք այն մասին, որ չնայած նրան, որ Հարավային Կովկասը ընդգրկված է Եվրոպայի կազմում, սակայն միջազգային հարաբերություններում նախկին Անդրկովկասի երեք հանրապետությունները ներառվել են նաև Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզի մեջ: Եվ մեծ ընդգրկումով մերձավորարևելյան տարածաշրջան ասելով Արևմուտքի դիվանագիտական շրջանակները այսուհետ նկատի են առնում նաև հարավկովկասյան երեք պետություններին:

ԽՍՀՄ-ի և սոցճամբարի փլուզումից հետո արևմտյան երկրները` ԱՄՆ-ի գլխավորությամբ, ձեռնամուխ եղան նոր աշխարհակարգի ստեղծմանը: Սակայն անցած ավելի քան 10 տարիներին նոր աշխարհակարգի ստեղծման գործընթացները ասես շրջանցել էին Մերձավոր Արևելքը, և այս տարածաշրջանի բռնապետական, ամբողջատիրական և ավտորիտար ռեժիմները շարունակում էին նույն գործելաոճով կառավարել իրենց երկրները` հույս ունենալով, որ աշխարհակարգային փոփոխությունները ներառելու են միայն Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային տարածքները: Սակայն 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո աշխարհի միակ գերտերությունը` ելնելով ռազմաքաղաքական ու տնտեսական բնույթի որոշակի շահերից, ընդլայնեց նոր աշխարհակարգի ստեղծմանն ուղղված գործողությունների աշխարհագրությունը, դրանում Աֆղանստանից հետո ներառելով նաև Մերձավոր Արևելքը: Պարզ դարձավ նաև, որ հետագա գործընթացներում վճռորոշ դեր է հատկացված ռազմական ուժի կիրառմանը: Իրաքի գրավումը անգլո-ամերիկյան ռազմական ուժի կողմից ազդանշան է այն բանի, որ Մերձավոր Արևելքը հայտնվել է աշխարհակարգային փոփոխությունների կիզակետում: 

Հայաստանի իշխանամետ մամուլի մերօրյա «վերլուծաբանները» իրադարձությունների մեկնաբանությանը մոտենում են հիմնվելով ամերիկատյացության գաղափարաբանական նստվածնքներից բխող պարզունակ դատողությունների վրա: Իսկ նույն նստվածքներով տառապող բուն վարչախմբի պատասխանատուներին էլ համակել են խուճապային տրամադրությունները: Նրանք քաջ գիտակցում են, որ Մերձավոր Արևելքում աշխարհակարգային փոփոխություններին միտված գործողությունները ի վերջո վերացնելու են այն երկրների վարչախմբերը, որոնք հաստատվել և հարատևում են իշխանությունը բռնազավթելու, ժողովրդի կամքը բռնադատելու, իրենց երկրներում հակաժողովրդավարական, կոռումպացված, մաֆիոզ-կլանային բռնակալական կարգեր ձևավորելու շնորհիվ: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, արտահայտելով գործող վարչախմբին համակած տրամադրությունները, ՍԾՏՀ Երևանում անցկացված վեհաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում` անդրադառնալով մերձավորարևելյան կացությանը, «մտահոգիչ» բառի հետ մեկտեղ օգտագործեց նաև «վախ է ներշնչում» արտահայտությունը: Պարզվում է, որ մեր արտաքին քաղաքականության պատասխանատուներն «ընկալում են այդ ձևափոխությունների հետևանքներն ու արձագանքները»: Իրաքյան պատերազմին ՀՀ ԱԳՆ-ի ցուցաբերած դիրքորոշումը Հայաստանին օտարեց անգլո-ամերիկյան դաշինքից, և այժմ Վ. Օսկանյանը ուշացումով խոսում է «ներգրավվածության» և «թշնամանքի նվազեցման» մասին... 

Ներկայումս էլ օսկանյանականները սխալ դիրքորոշում են որդեգրել Սիրիայի հանդեպ ԱՄՆ-ի ցուցաբերած վերաբերմունքի հարցում: Այս կապակցությամբ թերևս որոշակիորեն հիմնավորված մոտեցում են փորձում ցուցաբերել ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնի մասնագետները: Ըստ այդ կենտրոնի, Իրաքի ներքին իրավիճակը ապակայունացնելու հարցում լուրջ լծակներ ունեն քրդերը, շիա մահմեդականները և հարևան երկրներից առանձնապես Սիրիան ու Իրանը: Ուստի ամերիկյան վարչակազմը այժմվանից համապատասխան քայլեր է ձեռնարկում, որպեսզի բացառի սպասվելիք մարտահրավերները: Սիրիայի վրա ճնշումները առայժմ դիվանագիտական բնույթ են կրում, և վերջինիս վարչախումբն էլ աշխատում է դիվանագիտական ճանապարհով ձերբազատվել ԱՄՆ-ի հետ առճակատումից: 

Իրաքի հարցում քոչարյանականների դրսևորումը ապացուցեց, որ գործ ունենք ոչ թե ինքնուրույն, այլ ինչ-որ կցորդային բնույթի արտաքին քաղաքական դիրքորոշման հետ: Թույլ և փոքր երկրներում հաստատված բռնակալական վարչախմբերի բնորոշ գիծն այն է, որ նրանք տվյալ երկրի տնտեսությունը, ներքին և արտաքին քաղաքականությունը ամբողջովին վեր է ածում որևէ մեծ տերության կցորդի: Հենց այդ կցորդի կարգավիճակն էլ Ռ. Քոչարյանին և նրա շրջապատին հույս էր տալիս, որ առնվազն առաջիկա հինգ տարում իրենք բռնազավթված վիճակում կպահեն Հայաստանը: Սակայն մերձավորարևելյան վերջին իրադարձությունները իրոք վախ ներշնչեցին իշխանությունը բռնազավթածներին: Ամեն ինչ կախված է իրադարձությունների զարգացման արագությունից, որն էլ պայմանավորելու է քոչարյանական հետադիմության գոյատևման ժամկետը: 

Վաղինակ Տերտերյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 288, Ապրիլի 22, 2003 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   423 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ