...

ԱՄՆ-ի պատասխանը օսկանյանա-քոչարյանական «քոմփլիմենթարությանը»

ԱՄՆ-ի պատասխանը օսկանյանա-քոչարյանական «քոմփլիմենթարությանը»

ԱՐՏԱՔԻՆ

Քոչարյանական վարչախմբի արտգործնախարարը 2002թ. «փակեց» շինծու հաջողությունների վերաբերյալ բառակույտով` հանրությանը չմատուցելով «քոմփլիմենթար» (փոխլրացնող) արտաքին քաղաքականության բնագավառում փաստական որևէ տվյալ ձեռքբերումների ուղղությամբ:

Հայաստանի ներկայիս ձախ քաղաքական ուժերի ճամբարից առկա վարչախմբի հասցեին մեղադրանքներ են հնչեցվում, որ այն իբր վարում է ոչ թե փոխլրացնող, այլ ընդգծված արևմտամետ և ամերիկամետ քաղաքականություն: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը: 2002թ. ընթացքում Հայաստանն ընդգրկվեց ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կազմած տարաբնույթ «սև ցուցակների» մեջ և ընդգծվեց, որ մեր երկրի նկատմամբ կիրառվելու են տնտեսական բնույթի պատժամիջոցներ: Իսկ ԱՄՆ-ի կառավարությունը, ինչպես ասում են, խոսքերը քամուն չի տալիս: Եվ ահա, այդ երկրի պետդեպարտամենտը օտարերկրյա օգնությունների 2003թ. ցուցակում Հայաստանին տրամադրվելիք օգնությունը կրճատել է 45 տոկոսով` 2002թ. 90 մլն դոլարի փոխարեն այս տարի նախատեսված է 49.5 մլն դոլարի օգնություն: Համեմատության համար նշենք, որ Վրաստանին հատկացվող օգնությունը 2003թ. կազմելու է 76 մլն դոլար: ԱՄՆ-ը նույնիսկ մեծացրել է միջինասիական չորս երկրներին, այդ թվում` Թուրքմենստանին տրամադրվելիք օգնությունների չափը, այն դեպքում, երբ նշված պետությունները ԱՄՆ-ում ոչ ժողովրդավարական երկրների շարքին են դասվում: 

2003թ. Հայաստանին ԱՄՆ-ի կողմից տրամադրվելու է ընդամենը 2.5 մլն դոլարի ռազմական օգնություն, Վրաստանին` 4 մլն դոլարի: Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանին ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ամենամյա օգնության ծավալների մոտ երկու անգամ կրճատումը: Անշուշտ, քոչարյանա-օսկանյանական տխրահռչակ «քոմփլիմենթար», իսկ ավելի ստույգ` փոխխանգարող արտաքին քաղաքականությամբ: Այն պայմաններում, երբ Իրաքի դեմ ԱՄՆ-ը համընդհանուր միջազգային գործողությունների կոչեր է անում, մեր «քոմփլիմենթարները» դիվանագիտական ու բարիդրացիական հարաբերություններ են հաստատում այդ երկրի հետ` լիովին անտեսելով աշխարհի միակ գերտերության շահերը մեր տարածաշրջանում: Հասկանալի է, որ Հայաստանի արտաքին քաղաքական նման քայլերը չէին կարող չհարուցել Վ. Բուշի վարչակազմի դժգոհությունը և օգնության երկու անգամ կրճատումը պարզապես նախազգուշացում է Ռ. Քոչարյանի ապաշնորհ վարչակազմի համար: Եվ համապատասխան հետևություններ չարվելու դեպքում, բնականաբար, խստացվելու են մեր երկրի հանդեպ ԱՄՆ-ի կողմից կիրառվելիք պատժամիջոցների չափերն ու ձևերը: 

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հայկական լոբբիստական շրջանակներին, վերջիններս բառիս բուն իմաստով կրակն են ընկել քոչարյանական ապաշնորհ քաղաքականության ձեռքը: Եվ ամեն անգամ նրանք մեծ ջանքեր պետք է գործադրեն, որպեսզի ԱՄՆ-ի օրենսդիր և գործադիր մարմիններում չեզոքացնեն նույն այդ ապաշնորհ քաղաքականության ծանր հետևանքները: 

Վաղինակ Տերտերյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 267, Փետրվարի 7, 2003 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   444 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ