...

Լեզու, որ սայթաքում է Քոչարյանի հրահանգով

Լեզու, որ սայթաքում է Քոչարյանի հրահանգով

ԴԻՎԱՆԱԴԻՎԱԿԱՆ

Ինչպես բավականին պատկերավոր նշեց ՀԺԿ-ական Ստեփան Զաքարյանը, օկուպացվածը Օսկանյանի գլուխն ու ուղեղն է՝ թշնամու կողմից: Իսկ Վարդան Օսկանյանը Ստրասբուրգից հեռախոսով սպառնաց, թե իրեն հայրենասիրության դասեր թող չտան ու դրա փոխարեն բառարան կարդան, որովհետև, երբ ինքն ասել է օկուպացված՝ նկատի է ունեցել հայերի կողմից զբաղեցրած տարածքները: 

Հանրապետության առաջին դիվանագետը դարձյալ չի ասում՝ ազատագրված տարածքներ, այլ դիվանագիտական նոր տերմին է հորինել՝ զբաղեցրած, ասես խոսքը կինոթատրոնի աթոռի մասին է, որը ժամանակավորապես զբաղեցրել է մեկ ուրիշը: Ոչ մի խելքը գլխին դիվանագետ չկարողացավ բացատրել, թե դիվանագիտության մեջ ի՞նչ է նշանակում տարածք զբաղեցնել և ո՞ր լեզվից թարգմանությամբ է տարածքների օկուպացիան համարժեք ազատագրված տարածքներին: Մինչդեռ, ամեն ինչ այնքան պարզ է, որ Օսկանյանը կարող էր և Ստրասբուրգից չզանգել, որովհետև անգամ անզիջում Քոչարյանը, որը 98-ի անվտանգության խորհրդի հայտնի նիստում հպարտ հայտարարել էր, թե Ղարաբաղը, Լաչինը, Քելբաջարը և Կուբաթլիի մի մասն անկախ պետության կարագավիճակով՝ միայն այս տարբերակին եմ ես համաձայն՝ այսօր արդեն նույն անզիջումը չէ, ոչ էլ հպարտը. նա ընդամենը Պատվո Լեգիոնի շքանշանակիր է, համ էլ՝ Նյու Յորքի բիզնես-ֆորումում միլիոնների ներդրումներ են խոստացել: Իսկ մեդալի ու միլիոնների գինը Ղարաբաղի անկախությունն է, նաև Օսկանյանի կողմից օկուպացված 7 տարածքներից 6-ի վերադարձը, նաև՝ Մեղրիով միջանցքը: Ու որպեսզի Ռոբերտ Քոչարյանը փորձարկի հասարակության տրամադրությունները, Վարդան Օսկանյանին բաց թողեց ուղիղ եթեր, որն էլ բաց թողեց օկուպացված տարածքներ արտահայտությունը: Հետո հեռախոսով ասաց, որ բերանից է թռել, պատահաբար, անկախ իրենից: Իհարկե անկախ իրենից, որովհետև Օսկանյանից ոչինչ կախված չէ ու եթե պետք լինի՝ Քոչարյանը Օսկանյանին պաշտոնանկ կանի՝ հակահայրենասիրական լեզվական սայթաքումների համար ու հրաշալի առիթ կունենա բանակցությունները ևս որոշ ժամանակով ձգելու համար: 

Իսկ ԱԺ կոմկուսի ֆրակցիան շնորհակալություն է հայտնում Օսկանյանին, որ նա առայժմ Հայաստանը պաշտոնապես չի հռչակում ագրեսոր: Բայց՝ պարոն Օսկանյանին շնորհակալություն հայտնելու հարկ չկա. երբ Քոչարյանն ու Օսկանյանը Քի Վեսթում էին, այնտեղ հրատարակվել է մի տեղեկանք, որտեղ բազմիցս շեշտված է, որ Ադրբեջանի տարածքները օկուպացվել են Հայաստանի կողմից, ու մեր երկրի առաջին դիվանագետը, չգիտես ինչու, չի բողոքել ու չի հայտարարել, որ մենք օկուպանտ չենք ու ընդամենը խորհուրդ է տալիս, որ իրեն հայրենասիրության դասեր չտան, որովհետև, ինչպես նշեց Օսկանյանը՝ «ես ութ տարի է այդ գործի մեջ եմ»: Այսինքն՝ ութ տարի է Օսկանյանը հայրենասիրության մեջ է ու չկա մեկը, որ գնահատի «Օսկանյանը հայրենասիրության մեջ» կադրը: 

Բայց մենք բարի ենք ու կարող ենք հասկանալ, որ Օսկանյանը չի կառավարում սեփական լեզվին ու չի ուզեցել ասել օկուպացված, որովհետև ինքը ութ տարի է հայրենասիրության մեջ է. բայց ինչի՞ մեջ էր Օսկանյանը, երբ հայտարարում էր. «աշխարհը չի ընդունում մեր հաղթանակները, ուստի դրանք մեզ համար ելակետ լինել չեն կարող»: Ի դեպ, աշխարհը չէր ընդունում և շարունակում է չընդունել նաև Ղարաբաղը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ. ուրեմն ինչո՞ւ տեղի ունեցավ 98-ի իշխանափոխությունը և ինչո՞ւ էր Քոչարյանը 98-ին հայտարարում, որ ինքը համաձայն է միայն Ղարաբաղի դե յուրե և դե ֆակտո անկախ կարգավիճակին ու հասնելու է դրան: Հիմա ո՞ւր է այդ դե յուրեն, դե ֆակտոն էլ հետը և ի՞նչ է նշանակում անկախ՝ Ադրբեջանի կազմում: Նույնիսկ Տիգրան Թորոսյանն է հասկացել, որ կիսով չափ հղի չեն լինում, ուստի իրենք դժվարանում են հասկանալ Օսկանյանի սույն կոմպլեմենտար դրույթը: Բայց, ինչպես ասում է Բաբկեն Արարքցյանը, մի կրակեք Օսկանյանի վրա, նա ընդամենը Քոչարյանի խոսափողն է: 

Այսպիսով, Քոչարյանը հասարակական հոշոտման է հանձնում Վարդան Օսկանյանին ու նրա խիղճը, բնականաբար, չի տանջելու: Չի տանջելու, որովհետև, ինչպես նշեց Բաբկեն Արարքցյանը, Քոչարյանին Պատվո Լեգիոնի շքանշան դե ֆակտո տվել են 1997-ին, երբ նա գնաց Փարիզ: Իսկ նման կլասի մեդալը խիստ պարտավորեցնող է: Բայց նույնիսկ դրա համար չարժեր սեփական արտգործնախարարին անմեղսունակ վիճակի մեջ դնել: 

Իսկ Ադրբեջանում արդեն հաղթանակ են տոնում ու իրենց նվաճումների շարքին դասում Հայաստանի արտաքին գործերի նախարարի այն հայտարարությունը, որը Հայաստանը, ըստ էության, ագրեսոր է: 

Նաիրա Կարապետյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 199, մայիսի 15, 2001 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ