...

Դաշնակու աքբար

Դաշնակու աքբար

ՊԱՀԱՆՋԱՏԵՐԵՐԻՍ ՏԵՍԵՔ

Մայիսի 20-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդուարդ Նալբանդյանի նկատմամբ մահափորձ է իրականացվել: Պայթեցվել է դեսպանի մեքենան, որի արդյունքում վարորդը ծանր վիրավորվել է: Երջանիկ պատահականությամբ, դեսպանը չի տուժել: Հիշեցնենք, որ ավելի վաղ ահաբեկչական գործողություն էր իրականացվել Լոնդոնում ՀՀ դեսպանատան նկատմամբ: 

Արդյո՞ք պատահական է այս ամենը: Ուղղակի ծագումով դաշնակցական պիտի լինել՝ չտեսնելու կամ չհասկանալու համար, որ այս ամենը պատասխանն է մեր «պահանջատիրական» արտաքին քաղաքականության (եթե, իհարկե, կարելի է դա արտաքին քաղաքականություն անվանել): Ի՞նչ է տեղի ունենում իրականում: 

98-ի իշխանափոխությունից հետո ընդամենը ամիսներ էին անցել, երբ ՀՀ արտգործնախարարության նոր շենքի բացման ժամանակ Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե խորհրդանշական է, որ արտգործնախարարության լուսամուտները նայում են դեպի Արարատ լեռը: Արարողությանը ներկա օտարերկրյա դեսպանները զարմանքից ու տարակուսանքից քարացել էին, որովհետև նոր նախարարն ակնհայտորեն հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումը նկատի չուներ: Նրանք դեռ չգիտեին, որ կանցնի որոշ ժամանակ, և իշխող կուսակցության՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչը (ծանրագույն հանցագործությունների համար դատապարտված և հեղաշրջումից հետո «իրավիճակի փոփոխության պատճառով» ազատ արձակված) կհայտարարի, թե Հայաստանը չորս հարևաններից երեքի հետ ունի ոչ թե սահման, այլ ճակատ, և մեզ 300 հազար սվին է պետք: 

Ամբողջ խնդիրն այն է, որ այս պահանջատիրական զառանցանքը գուցեև շատ հարմար է Բուրջ-Համուդի կամ Գլենդելի զանազան «ակոմբ»-ներում փող շորթելու համար, բայց որպես պետության արտաքին քաղաքականության հիմք ուղղակի կործանարար է: Մինչդեռ Քոչարյանը հենց այս ճանապարհն է որդեգրել. մեծագույն դիվանագիտական հաղթանակ է համարվում, եթե որևէ երկրի որևէ սենատոր լավ խմած վիճակում խոսում է ցեղասպանության մասին, իսկ թե դրա արդյունքում քանի՞ լումա է ստանում բոլոր հարևանների հետ թշնամի Հայաստանը՝ էական չէ: Երբ խոսքը «ազգային արժեքների» մասին է, առևտուրը պատեհ չէ, ինչպես կասեր Կիսա Վորոբյանինովը

Ոչինչ, որ «մեզ հետ ոչ թե սահման, այլ ճակատ» ունեցող երեք պետությունները առաջնորդվում են բացառապես իրենց պետական շահերով և մի քանի տարի անց Հայաստանից զարգացած են լինելու այնքան, որքան այսօր Հարավային Կորեան է զարգացած Հյուսիսայինից: «Ազգային գետնի վրա» հարստացած դաշնակներին ու ասկերանցիներին անկախության կորստից հետո ինչ-որ տեղ Արևմուտքում նոր ցեղասպանությունը ողբալու հեռանկարը ոչ միայն չի հուզում, այլ նույնիսկ ոգևորում է: 

Ու Հայաստանն այսօր հարաբերություններ ունի չորս հարևաններից այն միակի հետ, ում քաղաքակիրթ աշխարհը չարիքի առանցքի մաս է համարում: Տարածաշրջանային պետությունների ղեկավարները հավաքվում են Ստամբուլում՝ Քոչարյանը «արհամարհում է» ու մեկնում Բելառուս: Այդ երկիրը նույնպես քաղաքակիրթ աշխարհի աչքի լույսը չէ: 

Պետական քաղաքականության հիմք դարձած պահանջատիրությունն արդեն իսկ Հայաստանը դարձրել է տարածաշրջանի կույրաղիքը: Արդյունքում՝ մի քանի հոգեկան հիվանդների պատճառով վտանգված է մի ամբողջ պետության ապագան: Ապագա, որը հնարավոր կլինի փրկել միայն այն դեպքում, եթե հասարակությունը վերջապես հասկանա քաղաքականության ու բաժակաճառի տարբերությունը, ու հետին մոջահեդից միայն ազգային պատկանելությամբ տարբերվող մեր ցնդած հայդատականներին հեռու քշի պետության կառավարման լծակներից:

Գրիգոր Ոսկանյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 368, հունիս 11, 2002 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ