ՀԱՅԱՑՔ ՆԵՐՍԻՑ
Հոգեբանական ծանր սթրեսներ տարած կամ հետապնդման մանիայով տառապող հիվանդներին հոգեբույժները սովորաբար խորհուրդ են տալիս թղթին հանձնել իրենց սարսափները. նկարել կամ գրել: Այդ ճանապարհով բժիշկը ծանոթանում է հիվանդի սարսափներին, իսկ հիվանդն ինքը ձերբազատվում է իր մղձավանջներից: Այս առումով Քոչարյանի խմբագրած Սահմանադրությունը բժշկական լուրջ ուսումնասիրությունների հիմք կարող է դառնալ:
Լավ, հասկացանք, որ Քոչարյանը վախեցած է: Բայց վախը չափելու հազար ձև կա. ասենք` գլխի վրա ափսեով ջուր են դնում և մեջը հալած մոմ կաթեցնում: Բայց հո չի՞ կարելի մի մարդու վախի պատճառով մի ամբողջ Սահմանադրություն փչացնել: Ասենք` Քոչարյանը որոշել է, որ նախագահը ոչ թե զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, այլ գերագույն գլխավոր հրամանատարը: Լավ է արել: Մենք համաձայն ենք նույնիսկ, որ ինքը լինի «ՀՀ զինված ուժերի չափազանց գերագույն և սաստիկ գլխավոր հրամանատարը»: Պրոբլեմ չկա: Բայց նա, չգիտես ինչու, որոշել է գրել նաև, որ նախագահն անձեռնմխելի է: Այսինքն` նախագահին ձեռք տալ չի կարելի: Այսպիսով, Հայաստանում երեք բան կա, որին չի կարելի ձեռք տալ. բասկետբոլիստին` հարձակման ժամանակ, 220 վոլտ հոսանքին` առանց ռետինե ձեռնոցների, և Քոչարյանին:
Ընդհանրապես, տպավորությունն այնպիսին է, թե Քոչարյանը, եթե հնար ունենար, երկու հոդվածը մեկ կգրեր, թե ինքն անձեռնմխելի է: Ավելին` եթե նույնիսկ խոսքը Սևանա լճի ձկնային պաշարների մասին լիներ, վերջում անպայման կգրեր, որ ինքն անձեռնմխելի է: Ինչ կարող ես անել, մարդը վախեցած է: Ճիշտ է, նրա ներմուծած այս անհեթեթությունը հակասում է նույն Սահմանադրության 16-րդ հոդվածին, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ «Բոլորը հավասար են օրենքի առջև և առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով», բայց ինչ արած. եթե նախագահի պաշտոնում Քոչարյանի գոյությունն իսկ հակասում է Սահմանադրությանը, ինչո՞ւ չեն կարող Սահմանադրության երկու հոդվածներ իրար հակասել: Ի վերջո, կարելի է նաև լրացուցիչ հոդված ավելացնել այն մասին, որ Քոչարյանը «բոլոր մարդկանց» մեջ չի մտնում, իսկ բոլոր մարդկանց իրավունքները, ինչպես հայտնի է, պաշտպանված են մոտավորապես այնքանով, ինչքանով «Պապլավոկի» սովորական հաճախորդներինը:
Ինչպե՞ս են վարվում «նորմալ» բռնապետիկները: Նրանք, ովքեր գոնե ձևականորեն հարգում են օրենքները, բայց շատ են ուզում խախտել դրանք, սկզբում փոխում են օրենքները, հետո միայն կատարում իրենց սև գործը` արդեն «օրենքի շրջանակներում»: Բայց Քոչարյանն այդքան համբերություն չունի: Նա սկզբում խախտում է օրենքները, հետո միայն համապատասխան փոփոխություններ կատարում:
Բայց իզուր է Քոչարյանն այդքան վախենում Սահմանադրությունից: Նա իշխանության է եկել ո՛չ սահմանադրական ճանապարհով, և հեռանալու է, անկասկած, ո՛չ սահմանադրական ճանապարհով: Որքան էլ նա սեփական վախը հաղթահարելու համար գրի, թե ինքն անձեռնմխելի է, միևնույն է` Սահմանադրության 2-րդ հոդվածում գրված է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Վաղ թե ուշ ժողովուրդը հասկանալու է, որ այլևս անհնար է ապրել անիշխանության պայմաններում, և Քոչարյանին ( ի դեպ` առանց ձեռք տալու) ուղարկելու է այնտեղ, որտեղ սովորաբար ուղարկում են խուճապահար բռնապետիկներին:
Գրիգոր Ոսկանյան
Հ.Գ. Չգիտես որ ախմախն է որոշել, որ ընտրություններից հետո հանձնաժողովները նախ պետք է հաշվեն կուսակցություններին և անհատ թեկնածուներին տրված ձայները, հետո միայն` հանրաքվեի արդյունքները: Այսինքն` որևէ շիզոֆրենիկ թեկնածուի ստացած քվեների թիվն ավելի կարևոր է, քան համաժողովրդական հանրաքվեն:
Անշուշտ, սա արվել է, որպեսզի ավելի հեշտ լինի արդեն հոգնած ու քնաթաթախ դիտորդների ներկայությամբ հանրաքվեի արդյուքները կեղծելը:
«Չորրորդ իշխանություն», թիվ 456, մայիսի 20, 2003 թ.