...

Մեծ կեղծիք բանակցությունների մասին

Մեծ կեղծիք բանակցությունների մասին

ԲԱ ՓԱԹԵԹԱՅԻ՞ՆԸ

Եվ այսպես, նախագահ Քոչարյանը հայտարարեց, թե առ այսօր եղել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման երեք առաջարկներ. «փուլային տարբերակը», «ընդհանուր պետությունը» և փարիզյան ու քիուեսթյան սկզբունքների վրա հիմնված տարբերակը: Սա բացահայտ կեղծիք է, որովհետև իրականում եղել է նաև չորրորդ առաջարկը՝ «փաթեթային տարբերակը»: 

Ավելին՝ 1997թ., երբ ներկայացվել է այս առաջարկը, ղարաբաղյան կողմը այն մերժել է: Ընդ որում, այս մասին ներկա իշխանությունները գերադասում են չխոսել, որովհետև ԼՂՀ իշխանությունները մերժել են նաև հետագայում առաջարկված «փուլային» տարբերակը, իսկ 1998թ. պետական հեղաշրջման «պաշտոնական պատրվակն» այն էր, թե իբր Քոչարյանն ու իր թիմակիցները կողմ են միայն «փաթեթային» տարբերակին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է «փուլայինը»: Բնականաբար, նրանք կցանկանային «մոռանալ», որ առաջինը հենց իրենք (Քոչարյանն ու ԼՂՀ իշխանություններն) են մերժել «փաթեթային» տարբերակը: 

Քոչարյանի քաղաքական այս սկլերոզն ունի նաև մեկ այլ, նույնքան հիմնավոր պատճառ: Բանն այն է, որ Քոչարյանն ու իր թիմակիցները մտադիր են այսօր շրջանառության մեջ գտնվող առաջարկներում հայկական կողմի համար նպաստավոր կետերը ներկայացնել որպես իրենց մեծագույն հաղթանակը: Իբր հենց իրենց շնորհիվ է, որ Ղարաբաղն իրավունք է ստանում ունենալ սեփական զինված ուժերը, գերբը, օրհներգը, դրոշը, Սահմանադրությունը, ցամաքային կապ Հայաստանի հետ, միջազգային անվտանգության որոշակի երաշխիքներ և այլն: Մինչդեռ իրականությունն այն է, որ բոլոր այս կետերը (առանձին դեպքերում՝ հայկական կողմի համար շատ ավելի նպաստավոր) ամրագրված է նաև 1997 թ. «փաթեթային» առաջարկում: Հենց սա էր պատճառը, որ Քոչարյանի թիմը շոկի մեջ էր ընկել, երբ Ալիևը հրապարակեց ինչպես «փաթեթային», այնպես էլ «ընդհանուր պետության» առաջարկները: 

Այսինքն՝ նախորդ չորս տարիներին ՀՀ իշխանությունների վարած անհեթեթ արտաքին քաղաքականության արդյունքում փոխվել է ընդամենը այն, որ հայկական կողմը համաձայնվել է բանակցությունների առարկա դարձնել նաև Մեղրին: Ընդ որում, իշխանությունները դեմքի լրջագույն արտահայտությամբ այնպես են առանձնացնում «Մեղրիի հարցը» «կոմունիկացիաների հարցից», ասես դրանք տարբեր բաներ են, և Մեղրին իրենից մեծ արժեք է ներկայացնում նաև առանց կոմունիկացիաների: 

Նահանջն ակնհայտ է և չպատճառաբանված: Ուստի իշխանություններին խիստ անհրաժեշտ է «պատճառաբանել» դա՝ խնդիրը ներկայացնելով այնպես, թե իբր դրա դիմաց մեզ մեծ զիջումներ են արվում: Զիջումներ, որոնք իսկապես կարևոր են, բայց որոնց հայկական կողմը հասել էր դեռևս 1997 թվականին՝ միաժամանակ խուսափելով և՛ Մեղրիի միջանցքի հարցն ընդհանրապես քննարկելուց, և՛ ագրեսոր հռչակվելուց: 

Պարզ ասած, Քոչարյանը շարունակում է նախկին իշխանությունների հաջողություններն իրեն վերագրելու «գործընթացը»: Սեփական հաջողություններ չունենալու դեպքում դա թերևս միակ ելքն է, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի: Հիշենք, որ Քոչարյանը ղարաբաղյան հաղթանակն իրեն վերագրեց միայն այն բանից հետո, երբ Վազգեն Սարգսյանը սպանված էր, Սամվել Բաբայանը՝ ձերբակալված: Հերթը հասել է դիվանագիտական հաղթանակներին: Բոլոր նրանց, ովքեր ժամանակին զբաղվել են ղարաբաղյան բանակցություններով, խորհուրդ կտայինք զգույշ լինել: 

Գրիգոր Ոսկանյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 378, հուլիս 16, 2002 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   341 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ