...

Պատերա՞զմ, թե՞ իշխանափոխություն. որոշելու պահը

Պատերա՞զմ, թե՞ իշխանափոխություն. որոշելու պահը

ԱՆՏԻՌՈԲ

Հարցն իսկապես այսպես է դրված: Այս իշխանությունները մեզ անշեղորեն տանում են դեպի պատերազմ, և դրանից խուսափելու միակ ճանապարհը շուտափույթ իշխանափոխությունն է:

Մի կողմ թողնենք հարցի հոգեբանական կողմը. Ռոբերտ Քոչարյանը կարող է լեռնային գյուղից խոպան գնացած ու այնտեղ «աշխարհ տեսածի» բառապաշարով խոսել կլիզմայի ու վատ պարողին խանգարող ձվերի մասին, ինքն իրեն անվանել «վոյին» (բնականաբար՝ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո), բասկետբոլ խաղալ այնպիսի մոլեռանդությամբ, որպիսին կարող է ունենալ միայն նա, ում իմացած միակ «սպորտաձևը» եղել է սեկան... Սրանք հասարակության ստորին խավերի վրա ներազդելու պարզունակ միջոցներ են:

Բայց Հայաստանի Հանրապետությունը, գոնե անվանապես, անկախ պետություն է, և որպես այդպիսին՝ պիտի ունենա նախագահ: Ընդ որում՝ այդ նախագահը պիտի ունենա կամ ժողովրդի աջակցությունը, կամ քաղաքական հստակ ծրագիր, կամ գոնե՝ քաղաքական թիմ: Մի խոսքով՝ ինչ-որ բան պիտի ունենա:

Բնականաբար, Ռոբերտ Քոչարյանը ժողովրդի աջակցությունը չի վայելում: Այս իմաստով մեր հասարակությունը հստակորեն բաժանված է երկու մասի. նրանք, ովքեր պետական մարմիններից որևէ կախվածություն չունեն, Ռոբերտ Քոչարյանի մասին իրենց կարծիքը հայտնելուց առաջ նայում են, որ մոտակայքում կանայք ու երեխաներ չլինեն, իսկ ովքեր պետական մարմիններից ինչ-որ կախվածություն ունեն, նման դեպքերում սուս-փուս գնում են տուն:

Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ծրագիր նույնպես չունի: Նրան պարզապես սկուտեղի վրա մատուցել են իշխանությունը՝ որևէ ծրագիր չպահանջելով, և կասկածելի է նույնիսկ, թե արդյո՞ք նա գիտակցում է, որ որևէ երկրի նախագահ պարտավոր է ծրագիր ունենալ:

Քաղաքական թիմի մասին խոսելն անգամ ավելորդ է: Ինչպե՞ս կարող է քաղաքական թիմ ունենալ մեկը, որը նախ եղել է կոմունիստ, հետո՝ ՀՀՇ-ական, հետո հայտարարել է, թե իր կուսակցությունը ժողովուրդն է, ու այդ ընթացքում... առաջնորդվել է ՀՅԴ գաղափարներով ու ԱԺՄ-ի մեթոդներով:

Եվ գուցե Ռոբերտ Քոչարյանը արտաքին աջակցությու՞ն է վայելում: Այդ ռեսուրսը նույնպես սպառված է: Ռուսաստանը կամ ԱՄՆ-ը թերևս կարող էին նրան որոշ ժամանակ տալ՝ մարդ է, միանգամից իշխանություն է ստացել, թող մի քիչ հարմարվի... բայց յուրաքանչյուր առարկա գոնե մի հուսալի հատկանիշ պիտի ունենա: Ասենք՝ մուրճը պիտի ամուր լինի, շաքարը՝ քաղցր, բամբակը՝ փափուկ, սառույցը՝ սառը: Իսկ ինչպիսի՞ն է Ռոբերտ Քոչարյանը: Ոչ մի ձևի: Մարդ է, որի միակ կայուն հատկանիշը իշխանության մոլուցքն է: Նման անկայուն բնավորության տեր մարդու հետ ոչ մի լուրջ ուժ ծրագրեր չի կապի:

Եվ այս մարդը, որը ձախողվել է անխտիր իր բոլոր նախաձեռնություններում (ղարաբաղյան հարցի լուծում, 40 հազար աշխատատեղ, աղետի գոտու վերականգնում), այսօր պիտի ձգտի պահպանել իշխանությունը: Ինչպե՞ս: Միայն քաղաքական հակառակորդներին վերացնելով կամ կաշառելով չի ստացվի: Մնում է միայն մի ելք՝ պատերազմը:

Ինչու՞: Որովհետև պատերազմը լուծում է միանգամից մի քանի խնդիր.

1. Միջազգային հանրության կողմից մեզ տրված ժամանակը՝ լուծել ղարաբաղյան խնդիրը, սպառված է: Արժանապատիվ խաղաղությունը նույն Ռոբերտ Քոչարյանի ջանքերի շնորհիվ այլևս անհնար է, և մնում է միայն սուսուփուս ստորագրել կապիտուլյացիան: Բայց այդպես էլ զինվորական համազգեստ չհագած «միակ տղամարդու» բարդույթը և կյանքի մնացած տարիները Հունաստանում ապրելու հեռանկարը Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալու որևէ փաստաթուղթ ստորագրել: Մնում է ադրբեջանցիների կողմից «մի թեթև» հարձակում, և նախապես պայմանավորված տարածքները «ծանր մարտերի արդյունքում» կանցնեն Ադրբեջանին: Այսինքն՝ ղարաբաղյան հարցը կլուծվի, իսկ Քոչարյանը բարոյական հաղթանակ կտանի (Հունաստանում ապրելու կարևորագույն նախադրյալներից մեկը):

2. Պատերազմը հնարավորություն կտա խուսափել տնտեսության ծանրագույն վիճակի և արտագաղթի համար պատասխանատվությունից:

3. Պատերազմը հնարավորություն կտա ոչնչացնել քաղաքական հակառակորդներին՝ մի մասին բանակ զորակոչելով, մյուս մասին «պատերազմական իրավիճակի մասին» օրենքի շրջանակներում:

Իսկ ինչու՞ է պատերազմն ի սկզբանե կործանարար մեզ համար: Պատճառները մի քանիսն են:

1. 1992-94թթ. ղարաբաղյան պատերազմում մեր տարած փայլուն հաղթանակի հիմնական պատճառներից մեկն այն էր, որ Հայաստանն ուներ իշխանական համակարգ, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Այսօր Հայաստանն այլևս իշխանական համակարգ չունի:

2. Հայկական բանակն այսօր համապատասխան սպառազինություն չի ստանում՝ այն պարզ պատճառով, որ որևէ արտաքին ուժ Հայաստանի իշխանություններին չի վստահում և չի կարող վստահ լինել, թե ում դեմ կուղղվի այդ զենքը:

3. Ինչպե՞ս կարող է մարտունակ լինել մի բանակ, որի անձնակազմի հիմնական մասը, առերևույթ հնազանդ լինելով, այնուհանդերձ չի վստահում պաշտպանության նախարարին:

4. Ոչինչ չարժեն այն պնդումները, թե ԼՂՀ պաշտպանության բանակն այսօր տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է: Իսկ ո՞վ ասաց, թե ադրբեջանցիները հարձակվելու են Ղարաբաղի ուղղությամբ: Մանավանդ որ և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի շահերը պահանջում են միշտ ունենալ հայկական բնակչությամբ Ղարաբաղ՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև մշտական պատերազմների օջախ:

Այս ամենի մեջ առավել ցավալին այն է, որ ներկա իշխանությունների ապաշնորհության արդյունքում ունենալու ենք ձևական պատերազմ՝ միանգամայն իրական հազարավոր զոհերով: Ընդ որում՝ այդ զոհերին «անմեղ» անվանել չի կարելի, որովհետև այս ամենի մեջ մեղավոր են նաև նրանք: Եթե ոչ նրանք, ապա գոնե նրանց ծնողները:

Մեղավոր են, որովհետև ծպտուն անգամ չհանեցին, երբ հանրապետության առաջին նախագահը հայտարարեց, թե ճնշումների տակ հրաժարական է տալիս, և իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը:

Բայց դեռ ամեն ինչ կորած չէ: Դեռևս հնարավոր է խուսափել պատերազմից, և դրա միակ ճանապարհը իշխանափոխությունն է: Վիճակն այնքան է ծանրացել, որ էական չէ նույնիսկ, թե ով կփոխարինի Ռոբերտ Քոչարյանին: Ով էլ լինի նրա փոխարեն, գոնե տեսականորեն հնարավորություն կունենա խուսափել պատերազմից:

Ռոբերտ Քոչարյանի դեպքում դա բացառվում է:

Գրիգոր Ոսկանյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 239, հուլիսի 24, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   3381 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ