ՀԱՆՐԱՀԱՅՏ OCCUPIED-Ը
Վարդան Օսկանյանի հայտնի «լեզվասայթաքումից» և նախագահ Քոչարյանի՝ նրան պաշտոնանկ անելու հնարավորությունը «անլուրջ» համարելուց հետո վերջնականապես պարզ դարձավ, որ իշխանությունները պատրաստվում են վերադարձնել ազատագրված 6 շրջանները, Լեռնային Ղարաբաղը Լաչինի հետ միասին թողնել Ադրբեջանի կազմում և Մեղրիով Ադրբեջանին միջանցք տրամադրել: Իհարկե, կարելի է սրտի ուզածի չափ հայհոյել իշխանություններին, ասել, որ ազատագրված տարածքները ինքնաթիռի զուգարանի հետ համեմատելը «կլիզմայի», «վատ պարողին խանգարող հանգամանքների» և «մեջքից ներքև փափուկ տեղի» (հատվածներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթներից) տրամաբանական շարունակությունն է, բայց սա արդեն ծիծաղելի չէ:
Բայց իրական ողբերգությունն այս դիրքորոշումները չեն: Ի վերջո, փոքրիշատե մտածող ցանկացած մարդու համար պարզ է, որ այս իշխանությունները միջազգային որևէ ատյանում որևէ աննպաստ առաջարկի կամ փաստաթղթի վրա վետո դնելու համարձակություն չեն ունենալու և գլուխները կախ ստորագրելու են՝ ինչ դեմ տան: Ողբերգությունը քաղաքական կուսակցությունների և հասարակության արձագանքն է այս ամենին:
Ինչպե՞ս են արձագանքում քաղաքական ուժերն ու հասարակությունը: «Օսկանյանը դավաճան է», «ազատագրված տարածքներից ոչ մի թիզ չենք զիջի», «արյունով ազատագրված տարածքները առանց կռվի չենք տա» և այլն: Համաձայնվեք, որ այս պայմաններում, գոնե արտաքին աշխարհի համար, «ընդդիմության» և Քոչարյանի համեմատությունը վերջինիս օգտին է: Ահա թե ուր կարող է հասնել մառազմը:
Քաղաքական որևէ ուժ, էլ չենք խոսում հասարակության մասին, անգամ չի փորձում խորամուխ լինել խնդրի էության մեջ: Իսկ խորամուխ լինել՝ կնշանակեր վերադառնալ 98-ի փետրվարյան իշխանափոխության բուն պատճառներին:
Ինչպիսի՞ն էր իրավիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով 97-ի վերջին:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ
Ռուսաստանն ակնհայտորեն շահագրգռված չէր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Այն պարզ պատճառով, որ կարգավորում՝ կնշանակեր Ռուսաստանից Հայաստանի կախվածության վերացում: Եվ ընդհանրապես, Ռուսաստանն Անդրկովկասում կզրկվեր ազդեցության որևէ ռազմաքաղաքական լծակից, իսկ տնտեսական ոլորտում չէր կարող մրցել ԱՄՆ-ի հետ:
ԱՄՆ-ի ՇԱՀԵՐԸ
ԱՄՆ-ը բացարձակապես անտարբեր էր Լեռնային Ղարաբաղի ճակատագրի նկատմամբ, և տարածաշրջանում մի հիմնական խնդիր ուներ. շահագործել կասպյան ավազանի նավթը: Հետևաբար, ԱՄՆ-ին ձեռնտու էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման միայն մի տարբերակ. եթե Ադրբեջանին Մեղրիով միջանցք տրամադրվի (գոնե մի նավթամուղի լայնության չափ): Եվ քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի ընդունած տարբերակով նման միջանցք չէր տրամադրվում, ԱՄՆ-ը նույնպես դեմ էր կարգավորմանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ
Հայաստանի շահերը պահանջում էին շուտափույթ կերպով հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ առանց վտանգելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Միայն այդ ճանապարհով Հայաստանը կարող էր խուսափել կիսագաղութային պետության և պերմանենտ պատերազմների ճակատագրից:
Եվ քանի որ Հայաստանի շահերը պահանջում էին խաղաղություն, իսկ Ռուսաստանին և ԱՄՆ-ին (տարբեր պատճառներով) վերջնական կարգավորում պետք չէր, Հայաստանում տեղի ունեցավ հեղաշրջում:
Խնդիրն այն չէ, որ իր հրաժարականի ելույթում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հենց այդպես էլ ասել էր՝ «կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն»: Կյանքը ցույց տվեց: Իսկ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ ոչ թե «ով է իրականում ծախում» մտքին, այլ «ով ինչ է արել Արցախի համար» խոսքերին՝ «արժանի հակահարված» տալով Արարքցյանին և հայտարարելով, թե վերջինիս խոսքերը մարդկային չարության արդյունք են: Մի կողմ թողնելով քաղաքական բոլոր խնդիրները՝ նշենք միայն, որ Բաբկեն Արարքցյանը ոչ միայն ստորագրել է առ այսօր պահպանվող հրադադարի համաձայնագիրը, այլև Քոչարյանի կնունքի քավորն է: Սա մարդկային չարության մասով՝ ի դեպ:
Իր հրաժարականի ելույթում նախագահ Տեր-Պետրոսյանը շատ ավելի կարևոր միտք էր արտահայտել. «Արցախի հարցի արծարծումը ընդամենը պատրվակ էր: Խնդիրը շատ ավելի խորն է և կապված է պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ»: Սա է, որ համառորեն անտեսում են այսօրվա քաղաքական ուժերը:
Այսօր քաղաքական իրավիճակը փաստորեն չի փոխվել: Ավելի ճիշտ՝ չեն փոխվել ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերը: Փոխվել է միայն հետևյալը:
98-ին Ռոբերտ Քոչարյանը եկավ իշխանության՝ հայտարարելով, թե ազատագրված տարածքները չի զիջելու: Այսինքն՝ եկավ մի կարգախոսով, որը համընկնում է Ռուսաստանի շահերին: Բայց եթե Հայաստանի իշխանությունները պետք է առաջնորդվեն Ռուսաստանի շահերով, գոյություն ունի Վազգեն Սարգսյան, և նախագահը կարող է հայտնվել Անգլիայի թագուհու կարգավիճակում:
«Հանկարծ» տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը: Դա միանշանակորեն դեմ էր Ռուսաստանի շահերին: Դրանից հետո նախագահ Քոչարյանի խոսնակ Վարդան Օսկանյանը «հանկարծ» հայտարարեց, թե տալիս ենք ոչ միայն «օկուպացված» տարածքները, այլև Մեղրին:
Այսինքն՝ նախագահն իշխանության եկավ Ռուսաստանի շահերին համահունչ լոզունգով, և շարունակեց ԱՄՆ-ի շահերին համահունչ քայլերով (խոստացավ տալ Մեղրին): Իսկ ու՞ր են Հայաստանի շահերը: Այսինքն՝ փոխզիջման ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորում՝ պահպանելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Եվ ամենևին զարմանալի չէ, որ այսօր հայ քաղաքական միտքը (կներեք արտահայտությանս համար) քննարկում է միայն երկու տարբերակ. կամ տալիս ենք ազատագրված տարածքներն ու Մեղրին (կեցցե Ամերիկան), կամ չենք տալիս ոչինչ և պատրաստվում ենք պատերազմի (կեցցե Ռուսաստանը): Հայաստանը որպես պետություն արդեն գոյություն չունի: Հետևաբար՝ չկա նաև Հայաստանի պետական շահ:
Եվ չի էլ կարող լինել: Որովհետև մենք ունենք ոչ թե հասարակություն, այլ ժողովուրդ: Ժողովուրդ, որը պատերազմական փայլուն հաղթանակներ տարածին կարող է անվանել դավաճան, հետո վախից կուչ գալ, երբ այդ նույն հաղթանակները լկտի հռհռոցով խլվեն իր ձեռքից: Ժողովուրդ, որն իր ստորացումներին «ըմբռնումով» է մոտենում, իսկ մարդավարի վերաբերմունքը գնահատում որպես թուլության նշան: Վերջապես՝ ժողովուրդ, որը երկու հիմնական բնազդ ունի. ատելությունն ու վախը:
Սա է ողբերգությունը:
Գրիգոր Ոսկանյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 200, մայիսի 16, 2001 թ.