...

Անկեղծ ելույթ՝ ի պաշտպանություն խոզերի

Անկեղծ ելույթ՝ ի պաշտպանություն խոզերի

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես չեմ հասկանում, թե ինչու չեն սիրում խոզերին: «Խոզի պես կեղտոտ», «խոզություն անել» և նման այլ արտահայտությունները լոկ արատավորում են խոզերի ազնիվ ցեղը: Թերևս առավել դիպուկը «Պոդլոժիտ' սվինյու» արտահայտությունն է: «Խոզություն անել» հայերեն թարգմանությունն այդքան էլ դիպուկ չի արտահայտում այն անորոշ վիճակը, որում հայտնվում է այդ գործողության զոհը: 

Նման վիճակի մեջ է պարբերաբար հայտնվում Հայաստանի ղեկավարությունը, երբ խոսք է գնում «Մեղրիի տարբերակի» մասին: Սույն թեման արդեն վաղուց գլխացավանք է պատճառում մեր ղեկավարներին: Ամեն անգամ, երբ իշխանությունները թվում է թե վերջնականապես համոզում են քաղաքացիներին, որ «Մեղրիի տարբերակը» բլեֆ է և հորինվել է «նախկին հանցավոր ռեժիմի» կողմից՝ ներկա «ազգային» ուժերին վարկաբեկելու նենգ նպատակով, անսպասելի հայտնվում է մեկը, որը նորից լույս աշխարհ է հանում «Մեղրիի տարբերակը»՝ փչացնելով պարոնայք Քոչարյանի և Օսկանյանի զվարթ տրամադրությունը: Քանի դեռ խոսքը գնում էր տեղացիների մասին, նրանց հակազդեցություն տալն այդքան էլ դժվար չէր: Ասենք, կարելի էր Վաղարշակ Հարությունյանի ուսադիրներից մեկ աստղ պոկել, իսկ այդ մասին խոսող քաղաքական գործիչներին անվանել «դրությունը ապակայունացնել ցանկացող էլեմենտներ»: Այլ հարց է, երբ Մեղրիի մասին խոսում են արտասահմանցիները: Սա այն դեպքն է արդեն, երբ հասարակությունն իրավունք ունի արտգործնախարարությունից հոդաբաշխ պատասխան ստանալ: 

Վերադառնանք բուն թեմային: Օրերս Մեղրիի հարցին անդրադարձավ ոչ այլ ոք, քան ինքը՝ Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարը, որը հաստատեց «Մեղրիի տաբերակի» մասին համառ պտտվող լուրերը: Ճիշտ է, պարոն Գյունեյը ձեռքի հետ կատարեց նաև Հայաստանի արտաքին գերատեսչության աշխատանքը՝ նշելով, որ կողմերը համաձայնության չեն գալիս այդ հարցի շուրջ (ըստ «Շանթ» TV-ի հաղորդման): Ուրեմն ստացվում է, որ «Մեղրիի տարբերակը» ոչ միայն գոյություն ունի, այլև բավականաչափ ակտիվորեն քննարկվում է և ճշտվում երկու կողմից: 

Իմիջիայլոց, ևս մեկ պրոպագանդիստական հնարք է հաճախ օգտագործվում հայ պաշտոնյաների կողմից: Խոսելով «Մեղրիի տարբերակի» մասին, սովորաբար ասվում է, որ այդ տարբերակը նախատեսում է Մեղրիի տարածքի փոխանցումը Ադրբեջանին: Այսքանից հետո խիստ տրամաբանական հարցադրում է բարձրանում. «Ո՞ր ապուշը կգնա այդ քայլին»: Իրականում բավարար կլինի նույնիսկ այդ տարածքը հայտարարել ապառազմականացված կամ այնտեղ միջազգային զորքեր մտցնել, որպեսզի Հայաստանի ինքնիշխանությունն այդ տարածքում սահմանափակվի: Ընդսմին, երկրի սահմանները ֆորմալ չեն փոխվելու, ինչպես Կոսովոն առ այսօր համարվում է Հարավսլավիայի անբաժան մասը: 

Այ սա այն է, ինչ կոչվում է «պոդլոժիտ' սվինյու»: Տվյալ դեպքում Թուրքիայի արտգործնախարարը նման գործողություն է կատարել իր հայ գործընկերոջ և հայ ղեկավարության նկատմամբ: Ստացվում է, որ իզուր էր Քոչարյանը Վաղարշակ Հարությունյանին զրկում աստղից, իզուր է ամեն օր Անդրանիկ Մարգարյանը պնդում, որ այդպիսի տարբերակ գոյություն չունի և՝ ավելին, նախապատրաստվում է Մեղրիի զարգացման ինչ-որ ծրագիր իրականացնել: Վերջապես, իզուր էր պետական բյուջեն այդքան փող մսխում Տիգրան Նաղդալյանի գերատեսչության մեջ, որ եթերից հայհոյի և ծաղրուծանակի ենթարկի «Մեղրիի տարբերակի» մասին խոսողներին: Եվ այս ամենը մեկ րոպեում ավերեց պարոն Գյունեյը՝ բեղի տակ համեստորեն ժպտալով: Եվ այս դեպքում խեղճ խոզերը մեղք չունեն: 

Ա. Ալեքսանյան 

Հ.Գ. կամ հետադարձ հայացք: Այժմ մենք կշեղվենք մեր քննարկվող թեմայից և նորից կանդրադառնանք մեր թերթի նախորդ համարում քննարկված հարցին՝ Երուսաղեմի պատրիարքարանի հողերի բռնագրավմանը՝ իսրայելյան իշխանության կողմից: Օրերս «Հայլուրի» տեղեկությունից պարզվեց, որ ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է հետևել իրադարձություններին՝ փորձելով պարզել իսրայելյան բանակի վերջնական նպատակը...

«Չորրորդ իշխանություն», թիվ 381, հուլիս 26, 2002 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   553 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ