...

Ժողովուրդը լռում է

Ժողովուրդը լռում է

Երևի շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի ներկա իշխանությունների, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի և Վարդան Օսկանյանի հայտարարությունները Ղարաբաղի, ազատագրված տարածքների և Մեղրիի վերաբերյալ հասարակության մեջ խուճապ չառաջացրեցին: Նույն հասարակությունը, որը չորս տարի առաջ առանց որևէ հիմքի հայտարարում էր, թե իշխանությունները «ծախում են Ղարաբաղը» այսօր լռում է, երբ այդպես մտածելու բոլոր հիմքերը կան: Նախագահն ու արտգործնախարարը երևի իրենց աշխատասենյակներում նստած՝ քթների տակ ծիծաղում են: Բա ի՞նչ անեն: Հայտարարում են, որ գրավյալ տարածքները տալու են, Մեղրիով միջանցք՝ տալու են, Ղարաբաղն էլ մնալու է Ադրբեջանի կազմում. ոչ մի արձագանք: Մի անգամ էլ են կրկնում: Դարձյալ լռություն: Երրորդ անգամ են ասում: Ծպտուն չկա:

Այս անտարբերությունը կարող է երկու պատճառ ունենալ: Առաջինը այսպես կոչված «ազգային մենթալիտետն» է: Այսինքն՝ ժողովուրդը Ղարաբաղյան խնդրի լուծումը տեղավորում է իր արժեքային համակարգի շրջանակներում: Պարզ ասած, ժողովուրդը մտածում է այսպես. «Քոչարյանը օձի խելք ունի, սաղին քցում ա: Ասում ա Մեղրին կտամ, բայց չի տալու: Կարևորը ոչ թե խոսքերն են, այլ գործողությունները»: «Սաղին քցելը» ժողովրդի մեծ մասը, իհարկե, դրական է գնահատում (իր արժեքային համակարգում դա տեղավորվում է): Բայց այստեղ մի լուրջ թյուրիմացություն կա. բանն այն է, որ նախագահի խոսքը ոչ թե միայն խոսք է, այլ նաև՝ կոնկրետ գործողություն: Ասել «Մեղրին տալու եմ», հետո չտալ՝ նշանակում է միջազգային ատյաններում Մեղրին ֆիքսել որպես վիճելի տարածք, որն առայժմ մնում է Հայաստանին:

Իսկ ժողովրդի անտարբերության երկրորդ պատճառը վերջերս, երևի անկախ իրենից, բացահայտեց շարքային մի դաշնակցական: «Իսկ ու՞ր մնաց Հայ Դատը, պահանջատիրությունը, արյունով գրավված տարածքները պաշտպանելու վճռականությունը և այլն» հարցին վերջինս շշմեցնող պատասխան տվեց: «Մենք վստահում ենք նախագահին և համոզված ենք, որ նա ոչ մի զիջում չի անելու: Ոչ ազատագրված տարածքներն է տալու, ոչ Մեղրին: Խոստումները կապ չունեն: Նրա տված տասնյակ խոստումներից կարո՞ղ եք նշել թեկուզ մեկը, որը նա կատարել է»: Իսկապես՝ երկաթյա տրամաբանություն: Վերջին երեքուկես տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանն ում ինչ խոստում ասես՝ տվել է. ո՞ր մեկն է կատարել: Երևի հենց սա է պատճառը, որ ժողովրդին չեն մտահոգում Ռոբերտ Քոչարյանի՝ Արևմուտքին տված խոստումներն ու ստանձնած պարտավորությունները:

Բայց այստեղ նույնպես մի նրբություն կա: Մի բան է՝ սեփական ժողովրդին խոստանալ, որ մինչև 2001 թվականը Աղետի գոտի հասկացությունը կվերանա, այլ բան՝ Արևմուտքին խոստանալ Մեղրիով միջանցք տալ: Այս հարցում ժողովուրդը երևի մտածում է այնպես, ինչպես հայտնի անեկդոտում. Հիտլերի բունկերում խորհրդակցություն է, հանկարծ մտնում է Շտիրլիցը, լուսանկարում բոլոր փաստաթղթերը և հեռանում: «Սա ո՞վ է»,- զարմացած հարցնում է Հիտլերը: «Շտիրլիցն է, խորհրդային լրտեսը»: «Իսկ ինչու՞ չեք ձերբակալում»: «Միևնույն է՝ դուրս կպրծնի»: Երևի ժողովուրդը մտածում է՝ նախագահն այս այնգամ էլ դուրս կպրծնի: Եթե չստացվի էլ՝ մեծ փորձանք չէ:

Գրիգոր Ոսկանյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 208, մայիսի 30, 2001 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ