...

Հետին թվով սպարապետները

Հետին թվով սպարապետները

ԿՌԻՎ-ԿՌԻՎ

Տեղից վեր կացողն ինքն իրեն ղարաբաղյան պատերազմի հաղթող է հռչակում ու թաթը դնում վրան` «ե՛ս եմ հաղթել»: Ամենաբարձրը Ռոբերտ Քոչարյանն է գոռգոռում. «Ինձանից բացի ո՞վ իրավունք ունի խոսել այդ հաղթանակի մասին, որտե՞ղ էին նրանք, երբ պատերազմ էր»: Գոռգոռալիս էլ դունչը ծռում է` երևի իմիջմեյքըրներն են հուշել, որ պատերազմի մասին խոսելիս դեմքի արտահայտությունը պիտի «ժոստկի» լինի: Բա մարդ «պատերազմ կհաղթի» ու զինվորական համազգեստով մի լուսանկար չի ունենա՞: Գոնե պատահաբար մի կինոկադրում չի հայտնվի՞: Դե եթե կա` ցույց տվեք, մենք էլ տեսնենք: Քոչարյանի «ռազմական գործունեության» կադրերը, ախր, 2000 թվականին են նկարվել` պատերազմի ավարտից 6 տարի անց, Հայաստանում, զորավարժությունների ժամանակ:

Մյուս «պատերազմ հաղթածը» Սերժ Սարգսյանն է: Սա գոնե ռազմաճակատում եղել է, նույնիսկ մարտերի է մասնակցել: Ճիշտ է, առանձնապես մեծ պատասխանատվություն չի կրել: Ղարաբաղում պաշտպանության նախարար էր` ընդհանուր պատասխանատվությունը ՀՀ պաշտպանության նախարարության վրա էր, Հայաստանում էր պաշտպանության նախարար` գլխից վերև պետնախարար Վազգեն Սարգսյան կար: Բայց միևնույն է` պատերազմն ինքն է հաղթել: Մեկ էլ գեներալ Մանվելը: Վազգեն Սարգսյան չի եղել, Սամվել Բաբայան չի եղել, Կոմանդոս չի եղել, Մոնթե չի եղել, ժողովուրդը սխալ է հիշում: 

Եվ այնուամենայնիվ, «պատերազմ հաղթածների» մեջ ամենաարգահատելին Վազգեն Մանուկյանն է: Սրա ամբիցիաներն անհամեմատ ավելի մեծ են: Սա, պարզվում է, ոչ միայն պատերազմ է հաղթել, այլև ընդհանրապես հիմնադրել է հայկական բանակը: Իսկ թե ինչպես է «հաղթել պատերազմը»` բոլորն են հիշում: Երկիրը ծանրագույն վիճակում էր, էներգետիկ ու տրանսպորտային լիակատար շրջափակման մեջ, ու այդ վիճակում իշխանությունները ամեն օր պիտի որոշեին` եղած չնչին միջոցներով ինչ-որ տեղից ժողովրդի համար ալյո՞ւր հայթայթեն, թե՞ բանակի համար փամփուշտ: Եվ այդ նույն օրերին Վազգեն Մանուկյանն ու իր թիմակիցները ամեն Աստծո օր երկրի ներսում բառիս բուն իմաստով քաղաքացիական պատերազմ էին հրահրում, հրապարակներում կոչ անում կախաղան հանել բանակի գերագույն գլխավոր հրամանատարին, միջազգային ատյանները հեղեղել էին իրենց սրտաճմլիկ վայնասուններով, թե պետք է անհապաղ Հայաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառել, որովհետև Երևանի փողոցներից մարդկանց բռնում-տանում են եռամսյա հավաքների... 

«Պատերազմ հաղթած» այդ նույն Վազգեն Մանուկյանի շտաբը 96-ի ընտրությունների նախօրեին մտադիր էր «բանակի և ոստիկանների միջև բախումներ հրահրել», նույնիսկ` հայ-ադրբեջանական սահմանում պրովոկացիաներ կազմակերպել և հրահրել, որ ադրբեջանական կողմը հարձակում ձեռնարկի... Հիմա այս մարդը «պատերազմ հաղթող» է դարձել: 

Եվ այնուամենայնիվ, մի հարցում բոլորը ճիշտ են: Անկախության տասնմեկ տարիների ընթացքում Հայաստանի թերևս կարևորագույն նվաճումը ղարաբաղյան հաղթանակն է: Իսկ այդ հաղթանակը ձեռք է բերվել միայն և միայն այն բանի շնորհիվ, որ Հայաստանը որպես պետություն կարողացավ շատ ավելի արագ կազմակերպվել, քան Ադրբեջանը: Որպես ռազմական հաղթանակ` դա ողջ հայ ժողովրդի հաղթանակն էր: Իսկ հաղթանակի հիմնական պատճառը` պետության կազմակերպվածությունը, արդեն Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի հաղթանակն էր: Սա է միակ ճշմարտությունը, որն այսօր ուզում են մոռանալ հետին թվով ստրատեգներն ու կրավորական բանակաստեղծները: 

Գրիգոր Ոսկանյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 267, Փետրվարի 7, 2003 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ