Մեկ ամսից ավել ընթացող պատերազմը ու դրանով պամանավորված ճգնաժամային իրավիճակը օգնեցին վերլուծել ու հասկանալ մի շարք իրողություներ, որոնք ոչ պատերազմական իրավիճակում գուցե այդքան ցցուն ու մինչև վերջ տեսանելի և հասկանալի չէին։
Թերևս արժե մի քանի ընթացիկ արձանագրում անել։ Մասնավորապես պարզվեց, որ պատկան օղակները հսկայական անելիք ունեն հասարակության մեդիագրագիտության բարձրացման հարցում, որ պատերազմական վիճակում գտնվող երկրում տգիտության դեմ պայքարը պակաս կարևոր չէ կոռուպցիայի և այլ արատների դեմ պայքարից։ Անհերքելի է, որ ռազմի դաշտին զուգահեռ կատաղի պատերազմ է ընթանում նաև քարոզչական ճակատում։ Այդ պատերազմին դիմակայել-հակազդելու հարցում մեծ դեր ունի մեդիագրագետ ու աչալուրջ քաղաքացին, պոտենցիալ զինվորը, որը չի հայտնվի քարոզչական զանազան թակարդներում ու չի թուլացնի իր և շրջապատի տեղեկատվական իմունիտետը (օրինակ՝ չի տարածի հայ ռազմագերիներին վերաբերող տեսանյութ՝ կից նրանց ուղղված վիրավորական գրառումներով, կամ՝ դիրքերից մեկում տիրող «բարդակի»՝ կամավորականների՝ «սոված ու անտեր» լինելու մասին տեսանյութը՝ նվեր անելով թշնամու պրոպագանդային, ամերիկյան ԱԹՍ-ների գործողությունները (ընդ որում՝ մի քանի տարվա վաղեմության) չի ներկայացնի որպես Ադրբեջանում հայկական ԱԹՍ-ների գործողություն, Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեսանյութը (հայկական զինուժի ոչնչացման կադրերով) չի շփոթի ՀՀ ՊՆ-ի տեսանյութի հետ և չի տարածի այն հրճվալից «սմայլիկներ» կցելով…)։ Նա կօգտվի ոչ թե կեղծ կամ զոնդաժի նպատակով ստեղծված համացանցային լրատվական աղբյուրներից (հիմնականում ռուսալեզու), այլ բացառապես պաշտոնական աղբյուրներից։ Սմարթֆոն չի տանի մարտական դիրքեր, չի նկարահանի մարտական գործողություններն ու նկարածը հապշտապ չի «քցի» ինտերնետ՝ թիրախավորելով տվյալ մարտական դիրքը, առաջնագծին վերաբերող որևէ տեղեկություն լսելուց հետո չի շտապի ստեղնաշարի մոտ ու առանց ֆիլտրելու, ստուգելու չի հայտարարի այդ մասին ի լուր «ալամ աշխարհին»… Նկատենք, որ մինչ այս էլ մեր հասարակությունը չէր փայլում մեդիագրագիտությամբ։ Չի փայլում նաև ՊՆ-ի մեդիափորձագետների կողմից պատերազմի առաջին օրվանից ցայսօր իրականացվող իրազեկման արշավից հետո։
Լուսավորությունը կփրկի աշխարհը
Գրագիտության ու ադեկվատության պակասը ակնհայտ դարձավ հատկապես այն ժամանակ, երբ ՊՆ-ն հրապարակեց մեծ աղմուկ հանած քարտեզը՝ կարմիր գունանշումներով, հոլովվեցին «նահանջ», «փոխզիջում» բառերը, որոնք հոգեխանգարմունքի հասցրին պատերազմի առաջին օրվանից հաղթանակը «գրպանը դրած» սոցցանցային հանրությանը։ Պարզվեց, որ մեր հայրենակիցներից շատերը անտեղյակ են Արցախի, հարակից շրջանների աշխարհագրությունից, «նահանջ» բառը մեկնաբանում են որպես պարտություն՝ այսպիսով գեներացնելով խուճապային տրամադրություններ, իսկ այ «փոխզիջում» հասկացությունը հավասարազոր է կապիտուլյացիային։ Ուրեմն՝ «ոչ մի թիզ հող», «հող հանձնողին հանձնել հողին»։ Նկատենք, որ հատկապես «փոխզիջում» հասկացության նկատմամբ նման ագրեսիվ արձագանքը գալիս է նրանից, որ թե՛ նախկին, թե՛ գործող իշխանությունները ըստ պատշաճի չեն աշխատել հանրության հետ՝ հանգամանալից բացատրելու խնդրի կարգավորման փոխզիջումային տարբերակի էությունը, ավելին՝ չեն նախապատրաստել նման հեռանկարին։ Այս հարցում միշտ ցուցաբերվել է մի տեսակ խուսափողական կեցվածք, քանի որ «փոխզիջում» դիվանագիտական տերմինի հանրային ընկալումը «Ղարաբաղը հանձնելն» է։ Եթե վաղը զինադադար հայտարարվի ու վերսկսվեն բանակցությունները մինչպատերազմական՝ փոխզիջումային օրակարգով, ապա միանշանակ է, որ լինելու է հանրային մեծ դիմակայություն՝ հաշվի առնելով հազարից ավելի զոհերի հանգամանքը։ Այս ուղղությամբ և իշխանությունը մեծ անելիք ունի։
Քաղաքական գյադայություն
Քանի որ խոսք գնաց գրագիտությունից, ապա անդրադառնանք նաև քաղաքական, մասնավորապես ընդդիմադիր դաշտի գրագիտության վիճակին։ Այստեղ վիճակը շատ ավելի ողբալի է ու «կայուն ծանր», քան կարելի էր ենթադրել, քանի որ գործ ունենք թիկունքի թիկունքում գործող, պետական մտածողության ի սպառ բացակայությամբ, իրենց կոչերի ռեզոնանսները չհաշվարկող զանգվածի, կարճ ասած՝ գյադաների հետ, որոնց իդեա ֆիքսը շարունակում է լինել կառավարության հրաժարականը։ Այս մարդիկ խաղում են հանրային տրամադրությունների վրա և իզուր չէ, որ Փաշինյանի վերջին անհաջող լայվից հետո կրկին հրապարակ նետեցին կառավարության հրաժարականի պահանջը։ Սրանք, հայտնի պերսոնաժի խոսքի տրամաբանությամբ, հրաժարական էին պահանջում կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո, Ալեքսանդր 2-րդ Ազատարարի, Նիկոլայ 2-րդ Արյունարբուի, Կերենսկու, ՆԷՊ-ի օրոք… Սակայն նրանց պահանջածը սոսկ հրաժարականը չէ, այլ որոշումներ կայացնելու իրավասությամբ ռազմաքաղաքական շտաբի կամ կոմիտեի ձևավորում, որը, փաստորեն, պետք է կառավարի պատերազմող երկիրը, ընդհուպ՝ բանակցություններ վարի «շահագրգիռ պետությունների միջազգային հանրության» հետ և մեզ փրկի անդարձ կործանումից։
Ընթերցողի ուշադրությունն ուզում ենք հատուկ հրավիրել այն հանգամանքի վրա, որ կոչ-հայտարարություն անողները քաղաքական ուղի չանցած, երկու օր առաջ կուսակցություն բացած «բադերն» ու «ղազերը» չեն, այլ մասնավորապես 90-ականների Արցախյան ազատամարտի տարիներին պետական լուրջ պաշտոններ զբաղեցրած անձինք․ նախկին վարչապետ, Պնախարար Վազգեն Մանուկյան, նախկին վարչապետեր Խոսրով Հարությունյան, Հրանտ Բագրատյան, ինչպես նաև՝ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյան, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյան… և այս բոլորի թիկունքում թաքնվող Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան։ Թվում էր, թե այս մարդիկ բոլորից լավ պետք է իմանային, թե որքան կարևոր է պատերազմական իրավիճակում գտնվող երկրի ներքին կայունությունը, թե ինչպես է ներքին անկայուն վիճակն անդրադառնում ռազմի դաշտում տիրող իրավիճակի վրա։ Հավանաբար նրանց ուզածը այժմ ճիշտ այնպիսի իրավիճակ հրահրելն է, ինչպիսին առկա էր 90-ականների Ադրբեջանում։ Թե ինչի մասին է խոսքը՝ հիշեցնենք նախկին ազատամարտիկ, օրերս մարտի դաշտում զոհված Դավիթ Մաթևոսյանի հարցազրույցից (2017թ.) մեջբերում անելով։
«Հայաստանում ունեինք օրինական ընտրություների միջոցով իշխանության եկած ուժեր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որին ժողովուրդը հավատում էր, բարձր էր գնահատում նրա գիտելիքներն ու հմտությունները՝ հատկապես դիվանագիտական։ Իսկ Ադրբեջանում շարունակվում էր կոմունիստական իշխանությունը՝ հանձինս Մութալիբովի, ներքին անկայունությունը՝ ի դեմս Ազգային ճակատի, որի հետևանքով 92թ. մարտին Մութալիբովը հրաժարական տվեց, հետագայում իրենց Մեջլիսի որոշմամբ նորից վերականգնվեց։ Էդ ժամանակ ունեին ժամանակավոր պաշտոնակատար, որի ժամանակ կորցրեցին Շուշին։ Հետո իշխանության եկավ Էլչիբեյը․ այդ ժամանակ արդեն Շուշին ու Լաչինը կորցրել էին։ Մեկ տարի անց մեզ նվեր արեց Հուսեյնովը (1993 թվականին ղեկավարել է Էլչիբեյի դեմ ապստամբությունը- խմբ.), որը ստանալով Կիրովաբադի ռազմաբազաների զենքն ու զինամթերքը, սահման ուղղելու փոխարեն ինքնահաստատվեց։ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին զինաթափել նրան, էդտեղ սպանություններ եղան, հատուկ նշանակության ջոկատի անդամները չկարողացան իրականացնել իրենց լիազորությունները, ձերբակալվեց գլխավոր դատախազը, որին ստիպեցին ստորագրի Էլչիբեյի կալանքի որոշումը, և նա ստորագրեց, հետո շրջափակեցին Բաքուն։ Այս պայմաններում եղավ իշխանափոխություն։ Իհարկե իշխանության եկավ Հեյդար Ալիևը, բայց մնացած տարածքները կորցրել էին կամ կորցրեցին իներցիայով, Ալիևի օրոք»։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ինքնահռչակ ընդդիմության որակի, իղձ ու փափագի մասին։
Հեղինե Մանուկյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 33, 2020