...

Մեզ նոր հեղաշրջում պետք չէ

Մեզ նոր հեղաշրջում պետք չէ

ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ

Ծիտը երազում կորեկ է տեսնում: Իսկ առավել գրագետ ծտերը, որպես կանոն, փորձում են համապատասխան պատմական փաստեր գտնել ու հիմնավորել իրենց երազը: Ճիշտ այդպես է վարվում նաև ներկայիս ընդդիմությունը. հայտարարում է, թե Քոչարյանն անպայման հեռանալու է, որովհետև լեգիտիմ չէ: Փայլուն տրամաբանություն է. նույն հաջողությամբ կարելի է հայտարարել, թե բնակարան ներխուժած կողոպտիչը վաղ թե ուշ պատժվելու է, որովհետև հանցագործ է, և ձեռքերը ծալած սպասել, թե երբ է գալու այդ «վաղ թե ուշը»:

Բայց ցավալին այն է նաև, որ այսօրվա ընդդիմությունը փորձում է իր «միևնույն է` Քոչարյանը հեռանալու է» կոմպլեմենտար դիրքորոշումը հիմնավորել` զուգահեռներ անցկացնելով 96-ի նախագահական ընտրությունների հետ: Բարձրաձայն չի ասվում, բայց միտքը հասկանալի է. իբր` Լևոն Տեր-Պետրոսյանը կեղծել էր 96-ի ընտրությունների արդյունքները, բայց չմարսեց դա և ստիպված եղավ հրաժարական տալ: Այս համեմատությունն իր մեջ միանգամից երկու ախմախություն է պարունակում: 

1. 96-ին պայքարն ընթանում էր լեգիտիմ նախագահի (որևէ մեկը կասկածի տակ չի առնում 91-ի ընտրությունները և Լևոն Տեր-Պետրոսյանի` վերջին 10 տարիներին Հայաստանում բնակվելու փաստը) և ոչ լեգիտիմ հավակնորդի միջև: Ինչո՞ւ ոչ լեգիտիմ: Որովհետև Վազգեն Մանուկյանին պաշտոնապես սատարում էր ՀՅԴ-ն. մի կուսակցություն, որի գործունեությունը Հայաստանում կասեցված էր: 

2003-ին իրավիճակը հակառակն էր. պայքարն ընթանում էր ոչ լեգիտիմ նախագահի և լեգիտիմ հավակնորդի միջև: Եվ նրանք, ովքեր այս տարբերությունը չեն հասկանում, իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ: 

2. 96-ի ընտրությունները որևէ կապ չունեին 98-ի իշխանափոխության հետ: Քաղաքական անգրագետներին հատուկ հիշեցնում ենք. 98-ի փետրվարին Հայաստանում տեղի է ունեցել կազմակերպված պետական հեղաշրջում, որը կապ չուներ ո՛չ քաղաքական ընդդիմության, ո՛չ ժողովրդի հետ: Ժողովուրդն առավոտյան արթնացել է և տեղեկացել, որ «հայտնի ուժերի պահանջով» նախագահին հրաժարական է պարտադրվել: Եվ 96-ին Վազգեն Մանուկյանի կազմակերպած դեբոշները սրա հետ որևէ կապ չունեն: Ավելի ճիշտ` կապ ունեն միայն այնքանով, որ լսելով հեղաշրջման մասին, Վազգեն Մանուկյանը երևի ուրախությունից վեր-վեր է ցատկել և մտածել, թե ահա հիմա «հայտնի ուժերն» իրեն նախագահի պաշտոն են առաջարկելու: Ավելի ուշ նա, իհարկե, հասկացել է, որ հեղաշրջման արդյունքում իր կարգավիճակը փոխվել է` եթե Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ինքը լուրջ ընդդիմադիր ուժ էր, Քոչարյանի օրոք դարձել է սրա-նրա դռանը 5 տոկոս մուրացող երրորդ թարմության պուճուր բան: Բայց սա արդեն այլ թեմա է: 

Իսկ գուցե 96-ի հետ զուգահեռներ անցկացնելով ընդդիմությունն ա՞յլ բան նկատի ունի: Ասենք` հույս ունի, որ գործող նախագահի` բացահայտ ոչ լեգիտիմ լինելու փաստը իշխանությունների ներսում նոր «հայտնի ուժեր» կծնի, որոնք էլ նոր պետական հեղաշրջում կկազմակերպեն և Քոչարյանին կստիպեն հրաժարական տալ: Անկասկած, վաղ թե ուշ նման բան տեղի կունենա, բայց ձե՞զ ինչ: Դրանից ընդդիմության կարգավիճակը կփոխվի՞, ժողովրդի վիճակը կբարելավվի՞, պետությունն այլ արտաքին ու ներքին քաղաքականությո՞ւն կորդեգրի: Թե՞ ընդամենը մի դիկտատորիկը կփոխարինվի ուրիշով: 

Մի՞թե ընդդիմությունն այնքան միամիտ է, որ կարծում է, թե իշխանությունների մեջ կգտնվեն ազնիվ ու հայրենասեր «հայտնի ուժեր», որոնք, գիտակցելով, որ Հայաստանը դուրս է եկել ժողովրդավարության ուղուց, Քոչարյանին հրաժարական կպարտադրեն ու երկիրը կվերադարձնեն դեպի ժողովրդավարություն: Այդպես չի լինում: Ընդհանրապես, հեղաշրջման ճանապարհով իշխանության եկածները պետության մասին չեն մտածում, և 98-ի օրինակը դրա լավագույն ապացույցն է: 

Դրա համար էլ ասում ենք, որ բոլոր տիպի իշխանափոխությունից միակ ընդունելին համաժողովրդական պայքարի արդյունքում ձեռք բերվածն է: Ցանկացած այլ դեպքում բռնապետական ռեժիմն ընդամենը վերարտադրում է ինքն իրեն, և փոխվում են միայն գործող անձինք: 

Գրիգոր Ոսկանյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 283, ապրիլի 4, 2003 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ