...

Որոնելով սցենարի հեղինակին

Որոնելով սցենարի հեղինակին

ԵՂԵԼ Է, ՉԻ ԵՂԵԼ

Ռուս պատմաբան Կլյուչևսկին մի առնչությամբ ասել է, որ պատմաբանը միայն դիտորդ Է և ոչ թե քննիչ: Որոշակի վերապահումներով դա կարելի է վերագրել նաև լրագրողին: Օգտվելով մեծանուն պատմաբանի խորհրդից, դիտարկենք 4 պատմական դեպք և փորձենք գտնել որոշ նմանություններ:

1996 թվականը կմնա հայ ժողովրդի հիշողության մեջ ոչ թե շախմատային օլիմպիադայով, այլ այն փաստով, որ վերոհիշյալ հայ ժողովրդի ներկայացուցիչներից մեկը՝ Վազգեն Մանուկյանը, խիստ ցանկանում էր դառնալ Հայաստանի Հանրապետության Նախագահ: Հոգու այդ փափագը հանգեցրեց նրան, որ սեպտեմբերի 25-ին տեղեկանալով, որ Նախագահի պաշտոնում ընտրվել է, այնուամենայնիվ, Լևոն Տեր-Պետրոսյանը, նա իր կողմնակիցներին դրդեց գրավել Ազգային ժողովի շենքը: Ինչպես հայտնի է, Հայաստանում ընտրությունների արդյունքները ամփոփում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով կոչեցյալը, բայց գրոհեցին, այնուամենայնիվ, Ազգային ժողովի նախագահի աշխատասենյակը: Ավելին, Վազգեն Մանուկյանի ասլան տղեքից և ոչ մեկը չհայտնվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

Ինչ տեղի ունեցավ հետո՝ ընթերցողին քաջ հայտնի է և, կարծում եմ, հարկ չկա նորից պատմել: Վազգեն Մանուկյանը ցանկանում էր դառնալ հանրապետության Նախագահ, սակայն ծայրահեղ դեպքում համաձայն էր նաև երկրորդ փուլին: Քաղաքական գործիչները, լրագրողները բազմիցս մեկնաբանել են այդ դեպքը, մենք, սակայն, չմեկնաբանենք այն և փորձենք գտնել նմանակներ: Միայն հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը, ի տարբերություն «ապազգային և խիստ տոտալիտար» Լևոն Տեր-Պետրոսյանի, այն ժամանակվա ընդդիմության կողմից ընկալվում էր «ազգային և խիստ ժողովրդավարական»: Այն փաստը, որ ժողովրդավարական առաջնորդը պարզապես չի կարող իշխանության գալ չափառ ջարդելով, բացատրում էին «տրամաբանորեն»՝ սա հեղափոխություն էր:

Չորս տարի անց նման դեպքեր տեղի ունեցան Հայաստանից շատ հեռու՝ Բելգրադ քաղաքում: Կրկնվեց բառացիորեն նույնը: Տարօրինակորեն, ինչպես Հայաստանում, Հարավսլավիայում ևս ընդդիմությունը միավորվել էր՝ Նախագահի պաշտոնում առաջարկելով միասնական թեկնածու: Ինչպես և Հայաստանում, գործող Նախագահը հայտարարեց սկզբից՝ իր հաղթանակի, այնուհետև, փոխելով որոշումը, ընտրությունների երկրորդ փուլի մասին: Ինչպես և Երևանում, Բելգրադում նույնպես ընդդիմությունը իր կտրուկ անհամաձայնությունը հայտնեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ: Այս անգամ նույնպես հեղափոխականների հարձակման թիրախ դարձավ ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այլ խորհրդարանը: Սակայն, ի տարբերություն Երևանի, բելգրադյան հեղափոխականներին հաջողվեց գրավել Սկուպշչինայի շենքը: Արդյունքը նույնպես բոլորիս հայտնի է՝ Բելգրադում տեղի ունեցավ իշխանափոխություն:

Տարօրինակ են, չէ՞, նմանությունները: Դրանք հանգեցնում են այն եզրակացության, որ և 1996թ. երևանյան, և 2000թ. բելգրադյան դեպքերը տեղի էին ունենում միևնույն սցենարով: Սցենարի նմանությունը թելադրում է, որ սցենարի հեղինակն էլ նույնը լինի:

Մի պահ շեղվենք քննարկվող թեմայից և անդրադառնանք մեկ այլ իշխանափոխության: Կար-չկար՝ «ոչ դեմոկրատ, խիստ ապազգային և պարտվողական մի նախագահ կար»: Ինչպես ընթերցողը իրավացիորեն կռահեց, խոսքը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է: Եվ այդ «պարտվողական նախագահն» ուներ խիստ ազգային և հաղթանակի կողմնակից վարչապետ, ընթերցողը դարձյալ ճշմարտացիորեն կռահեց, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է: Այդ վարչապետը ոչ մի տեսանելի կապ չուներ ընդդիմության հետ, բայց ընդդիմությունը, չգիտես ինչու, նրան հարգում էր: Բնական է, որ ընդդիմության հարգանքը վայելող «ազգային» և ընդդիմության ատելությանն արժանացող «ապազգային» քաղաքական գործիչների միջև պետք է ծագեր խոր հակասություն: Հայաստանում այդ հակասությունն ավարտվեց Նախագահի հրաժարականով: Ինչպես և 96թ. հետո, այս անգամ ևս քաղաքագետները և վերլուծաբանները սկսեցին փնտրել որակումներ տեղի ունեցածի մասին: Այս անգամ ևս մենք չփորձենք որևէ որակում, այլ փնտրենք նմանակներ: Եվ գիտե՞ք, կգտնենք:

Փորձենք մանրամասն դիտարկել այժմ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը: Կա «ապազգային, տոտալիտար, մարդասպան, Մոսկվային երկիրը ծախել ցանկացող» Նախագահը և կա «ժողովրդավար ազգայնական» վարչապետը: Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում: Ինչպես և պարոն Քոչարյանը, պարոն Յուշչենկոն նույնպես չի պատկանում որևէ ընդդիմադիր կուսակցության, բայց ինչպես և իր հայաստանյան կոլեգան 1998թ., Ուկրաինայի վարչապետը վայելում է ընդդիմության աջակցությունը: Այստեղ Ուկրաինայի դեպքերը մի փոքր տարբերվում են Հայաստանի դեպքերից. Կուչմային հաջողվեց, օգտագործելով կոմունիստներին և սոցիալիստներին, պաշտոնանկ անել վարչապետին: Դա, իհարկե, հաղթանակ է: Սակայն համարձակություն ունենանք ասելու, որ ձախ ուժերի աջակցությամբ ձեռք բերված հաղթանակը խիստ նմանվում է պյուրոսյան հաղթանակին: Դե լավ, դա մեր գործը չէ, դրանով թող զբաղվեն ուկրաինացի գործընկերները: Նշենք միայն մի փաստ: Եթե Կաշտունիցա-Միլոշևիչ հակամարտությունում այնքան էլ պարզ չէր ոչ Միլոշևիչի հաղթանակը, ոչ էլ Կաշտունիցայի արևմտամետությունը, չնայած այժմ Արևմուտքը չի թաքցնում իր համակրանքը Հարավսլավիայի Նախագահի նկատմամբ, ապա Կիևում որևէ մեկը կասկածի տակ չի դնում ոչ Նախագահ Կուչմայի լեգիտիմությունը, ոչ էլ վարչապետ Յուշչենկոյի խիստ արևմտամետ կեցվածքը:

Ի՞նչ է ստացվում. 4 դեպք՝ երկու իշխանափոխություն, և երկու իշխանափոխության փորձ և բացարձակ մեկ սցենար, կարծում եմ՝ այսքանից հետո դժվար չէ եզրակացնել, թե ով է սցենարի հեղինակը, որ երկրում է գրվում հետսոցիալիստական երկրների զարգացման ալգորիթմը: Թեև հնարավոր է, որ իրականում ոչ մի սցենար չկա: Ինչպես ժամանակին նշել էր ծերուկ Մարքսը, սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը հանգեցնում է միևնույն պատմական անցքերին: Այդ ժամանակ մենք պետք է մեղադրենք մեր դժբախտություններում հենց ծերուկ Մարքսին և ոչ թե այն երկրներին, որոնք հովանավորել և հովանավորում են Հայաստանում պերմանենտ պետական հեղաշրջումները:

Դ. Հարությունյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 192, մայիսի 2, 2001 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ