...

Ստի մեխանիկա

Ստի մեխանիկա

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

Կենդանական աշխարհի բոլոր ներկայացուցիչներից homo sapiens-ը, իսկ այլ բառերով ասած, բանական մարդը տարբերվում է նրանով, որ միայն մարդը, միայն այդ homo sapiens-ը կարող է ստել: Մարդ արարածի այդ զարմանահրաշ հատկությունը վաղուց արդեն դարձել է բազմաթիվ հետազոտությունների առարկա: 

Գուլիվերի արկածներում պատմվում է մի երկրի մասին, որտեղ «սուտ ասել» հասկացողություն գոյություն չունի: Բայց Սվիֆթի հեքիաթը այդպես էլ մնաց գեղեցիկ և անիրական մի հեքիաթ: Իսկ սուտն այդ ժամանակ շարունակում էր ծաղկել` զարմացնելով իր բազմաթիվ դրսևորումներով, ինչպես homo sapiens-ներին, այնպես էլ կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներին: Ստի վրա էին կառուցվում ամբողջ կայսրություններ և հաջողությամբ գոյատևում էին: Եվ զարմանալի է այն, որ որքան սուտը մեծ էր լինում, այնքան ավելի հեշտ ու ավելի շատ մարդ էր հավատում դրան: Այսպես, 1919 թվականին դաշնակները հայտարարեցին ազատ-անկախ և միացյալ Հայաստանի ստեղծման մասին: Երկիրն այնքան ազատ էր, որ ժողովուրդը նախընտրում էր օտար զավթիչներին, այնքան անկախ, որ անգլիական և ֆրանսիական գնդապետներն ավելի մեծ իշխանություն ունեին Երևանում, քան մեր նախարարները և վերջապես այնքան միացյալ, որ ուղիղ մեկուկես տարի հետո այդ միացյալությունը պարփակվում է 10 հազար քառակուսի կիլոմետր տարածքում: 

Այդ ստին մեկ այլ սուտ փոխարինեց: Ընթերցողն, իհարկե, կռահեց, որ խոսքս լուսավոր կոմունիստական ապագայի մասին է: Դե, կոմունիստական անցյալի մասին շատ չխոսեմ, ընթերցողներն ինձանից լավ կիմանան, անեմ միայն մեկ մեջբերում ականավոր դաշնակցական Արամայիս Սահակյանի անմահ պոեզիայից. «Ու թե մեկը պիտի այս աշխարհը փրկի, փրկելու է հզոր Հոկտեմբերը»: Վստահ եմ, որ ընթերցողներից շատերի մեջ արթնացրեցի նոստալգիա` անցած-գնացած օրերի նկատմամբ: Հետևաբար, ես էլ պատրաստ եմ ձևակերպել ստի թիվ մեկ աքսիոմը: Սուտը պետք է բացահայտ լինի, որ հավատան: Այսպես, երբ Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, շատերն անկեղծորեն հավատացին` այնքան էր մեծ այդ սուտը: 

Էլ ավելի շատ մարդ հավատաց, երբ 2003թ. Քոչարյանը առավել լավ կիրառության արժանի համառությամբ հայտարարեց, որ արդեն 10 տարի է, ինչ ՀՀ քաղաքացի է: Բնական է, որ քաղաքացիները պետք է հավատային: Չէ որ 10 տարի առաջ պարոն Քոչարյանը ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր էր, այնպես որ, սուտը զռռում էր: Իհարկե, չի կարելի ասել, որ ստի այդ հատկությունը բնորոշ է միայն պարոն Քոչարյանին: Այ, օրինակ, օրերս ելույթ ունենալով Տավուշում, Վազգեն Մանուկյանը, փաստորեն, բոլոր ռազմական հաղթանակները կապեց բացառապես իր անվան հետ, կարծես Գերագույն հրամանատար և նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գոյություն էլ չի ունեցել, և հենց ինքը չէր ժամանակին նշանակել Վազգեն Մանուկյանին պաշտպանության նախարար, ճիշտ այնպես, ինչպես տարբեր ժամանակներ նշանակել և ազատել էր այդ պաշտոնից Վազգեն Սարգսյանին և Սերժ Սարգսյանին: Այս սուտն այնքան բացահայտ էր, որ միամիտ շամշադինցիները հավանաբար հավատացին: Սակայն դա դեռ պարոն Մանուկյանի գլխավոր գլուխգործոցը չէր: Անմիջապես ինքնափառաբանումից հետո նա ասաց, որ 1998 թվականին ելնելով այն հանգամանքից, որ Կարեն Սերոբիչն իրենից մեծ էր, նա պատրաստ էր հօգուտ նրան հանել իր թեկնածությունը: Վազգեն Մանուկյանն այնքան համոզիչ էր խոսում, որ նույնիսկ ես եթե չիմանայի, որ պրն Մանուկյանի ամբիցիաներն իրեն թույլ չեն տա ինքնաբացարկ հայտնել նույնիսկ հօգուտ Հիսուսի, մի խոսքով, նույնիսկ ես հավատացի, որ 1998 թվականին Վազգեն Մանուկյանը ոչ միայն պատրաստակամություն էր հայտնել, այլև նույնիսկ հանել էր իր թեկնածությունը: Ահա թե ինչ է անում բացահայտ սուտը: 

Ստի երկրորդ աքսիոմն այն է, որ սուտը պետք է համատարած լինի: Չի կարելի խաբել միայն մտավորականներին կամ միայն գործազուրկներին: Չի կարելի խաբել նաև միայն արտաշատցիներին և չխաբել լոռեցիներին: Ավելին, կարող ենք ասել, որ համընդհանուր սուտը բավականին արդյունավետ է: Այսպես, 1937 թվականին թալանված և սովամահության եզրին գտնվող հայ գյուղացին կինոթատրոնում տեսնում էր ֆիլմ, որտեղ պատկերված էր ուկրաինացի գյուղացու երջանիկ կյանքը: Տեսնում և հանգստանում էր ինքն իրեն ասելով, թե` լավ, ես վատ եմ ապրում, բայց Իվանը գոնե լավ է ապրում: Իր հերթին Ուկրաինայի Դիկանկա գյուղում չնայած սովին, հիանում էին հայ գյուղացիների երջանիկ կյանքով: 

Ճիշտ այդպիսի մի երևույթ կարելի է դիտարկել այսօր Հայաստանում: Ասենք, Դավիթաշենի բնակիչներին զոռով, աղմուկ-աղաղակով բերում են Քոչարյանի նախընտրական միտինգին: Բնակիչները, բնականաբար, դժգոհ են, բայց վերադառնալով տուն, նրանք հեռուստացույցով տեսնում են, թե ինչպես են Արաբկիրի բնակիչները ոգևորությամբ դիմավորում գործող նախագահին: Տեսնելուն պես, նրանք մտածում են. «Ջհանդամը-գյոռը մենք, բայց ժողովուրդը երևի սիրում է Քոչարյանին»: Նույն տրամաբանությամբ Գորիսի բնակիչը երբեք չի հավատա, եթե իրեն ասեն, որ ինքը լավ է ապրում, սակայն հավանական կհամարի, որ աղետի գոտին, այնուամենայնիվ, վերականգնվում է: Այդ առումով, իհարկե, ամենից ձեռնտուն աշխարհաքաղաքական հիմնահարցերից խոսելն է: Ելնելով այն հանգամանքից, որ հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունն անտեղյակ է Հայաստանի արտաքին քաղաքական գործունեությունից, ինչ-որ տեղ Ամասիայի շրջանում կարելի է համարձակ խոսել միջազգային թատերաբեմում Վարդան Օսկանյանի շռնդալից հաջողությունների մասին: 

Եվ վերջապես, սուտը պետք է համընդհանուր լինի: Սա երրորդ և վերջին աքսիոմն է: Պետք է խաբեն բոլորը բոլորին: Պարոն Քոչարյանը պետք է խաբի ընտրողներին, ասելով, որ ինքն արդեն 10 տարի է, ինչ ՀՀ քաղաքացի է, պրն Քոչարյանի քարոզարշավը կազմակերպողները պետք է խաբեն շեֆին դպրոցներից և ինստիտուտներից երիտասարդներին բերելով նախընտրական միտինգների` աղմկոտ պատանեկան շոուներ կազմակերպելով Գիտությունների Ակադեմիայի շենքի մոտ, Արտաշես Գեղամյանը` մոռանալով, թե որքանով են իր ընկերական հարաբերությունները Ստեփան Դեմիրճյանի հետ նպաստել իր պաշտոնական առաջխաղացմանը, կողմնակիցների շուրթերով ասում է, որ Գեղամյանն ինչի հասել է, միայն իր տաղանդի շնորհիվ է հասել: Միամիտ ժողովուրդ են հայերը: Բոլորը խաբում են բոլորին: Եվ բոլորն էլ իրար հավատում են: Սակայն ստի վրա կառուցված ռեժիմները որքան էլ երկար գոյատևեն` վերջում փխրվում են: 

Ա. Ալեքսանյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 267, Փետրվարի 7, 2003 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ