...

Արմեն Գրիգորյանի երազը

Արմեն Գրիգորյանի երազը

Տխուր-տրտում գնում է Բաղրամյան պողոտա՝ մասնակցելու ՀՓՇ-ի հոգեհանգստին: «Ա´յ մարդ, էս ո՞նց եղավ,- բարձր մտածում է ինքը,- ախր ոնց որ թե առողջ էր, քանի ամիս լավ աշխույժ էր, թռչկոտում էր, պարում-երգում էր, արդեն վարժ խոսում էր, դրսից էլ հույս էին տվել, որ լավ կլինի, էս ո՞նց մեռավ: Ա՜խ, Նիկոլ, գյոռբագյոռ լինես դու, հը՜»:

Հասնում է Բաղրամյան: Այնտեղ արդեն քելեխի սեղանները գցել են, մանրից ժողովուրդը նստում է: Սեղաններին հավի խաշլամա է, «Ցարսկոյե» ու «Մոսկովսկոյե» օղիներ: 

Առաջինը բաժակը վերցնում է Վազգեն Մանուկյանը: «Ծանր առիթով ենք այսօր հավաքվել: Գիտեք, Արմեն Սարգսյանը դեղատոմսը տենց էլ չուղարկեց Սահմանադրական դատարան, ու դա ազդեց ՀՓՇ-ի առողջության վրա: Ինչքա՜ն բարի գործեր էր արել: Որտեղ հայրենիքը կործանվում էր, առաջինն ինքն էր գնում փրկելու: Հանուն ազգի պատրաստ էր ամեն ինչի. հլը մեկը թարս նայեր, կողերն ու ճաղերը կջարդեր: Բայց հիմիկվանից եմ ասում. ես երբեք չեմ հաշտվելու նրա կորստի հետ: Մենք պիտի նրա հիշատակը վառ պահենք: Օղորմի»,- ավարտում է կենացը:

Հաջորդը խոսք է խնդրում Նաիրա Զոհրաբյանը: Կանգնում է, որ կենաց ասի, ինքը տեղից գոռում է. «Աղջիկ ջան, դու քելեխի ե՞ս եկել, թե՞ Փարիզի նորաձևության սալոն: Էդ հագիդ 20 հազարանոց սոբոլով ե՞ս հարգելու հանգուցյալի հիշատակը: Կորի աչքիցս, մի նեռվայնացրա ինձ, ա´յ ժեխ»:  Նաիրան մեկ ուզում է պատասխանել, մեկ էլ հիշում է, որ Գագիկ Ծառուկյանը չի եկել քելեխին, քանի որ հանդիպում է ունենալու Նիկոլ Փաշինյանի հետ, սուսուփուս թողնում, հեռանում է:

Բաժակ է վերցնում Ռոբերտ Քոչարյանը. «Հարգելի սեղանակիցներ...»,- սկսում է ինքը ու աչքի տակով նկատում, որ Wargonzo-ի Պեգովը իրեն տեսագրում է,- «хочу сказать, что покойник до конца боролся с нечистью: Но он так и не интегрировался с Россией: Вот почему умер: Как говорил чилийский мудрец Августин Пистолет, возьми быка за рака», և տխուր դեմքով խմում: 

«Չէ, չէ, չէ,  չէ, չէ.... չեմ հավատում: Չէ, չէ, չէ... բա դու դրան էի՞ր արժանի»,- ինչ-որ տեղից լսվում է Վարդուհի Իշխանյանի ողբը: 

Այդ պահին սեղանին է մոտենում Արմեն Սարգսյանը, գրպանից հանում ինչ-որ թղթի կտոր ու ասում. «Հեսա, բերել եմ, հո շատ չե՞մ ուշացել»: Իշխան Սաղաթելյանը վազելով մոտենում է Արմեն Սարգսյանին, նայում թուղթը, պաչում Արմեն Սարգսյանին և նրա հետ գիշերը կոալիցիա կազմելու առաջարկություն անում: Վազգեն Մանուկյանն անմիջապես հրահանգում է մարտական N1 վիճակի բերել «Դեմիրճյան» աշխարհազորային խմբավորումը, Քոչարյանը սկսում է «Վայ, մեր»-ը կարդալ:

Ինքը ջոկում է, որ Արմեն Սարգսյանը շանս է տվել, վերցնում է պարանը ու խորհրդարանի մուտքի մոտի ծառից կապում, կախաղան սարքում ու ձեն տալիս Արմեն Սարգսյանին. «Դե, կարդացեք, ի՞նչ է գրված»: Արմեն Սարգսյանը կարդում է. «Քիչ առաջ ՍԴ-ից եկավ իմ հարցման պատասխանը: Այն է՝ հանգուցյալը մեռած է, բայց թաղած չէ: Հետևաբար՝ մեռած չէ»:

Բոլորը պատրաստվում են գրոհի՝ բացի Աղվան Վարդանյանից, որը սեղաններից սնունդը հավաքում է, որ տուն տանի: Բայց հանկարծ Արմեն Սարգսյանը շարունակում է. «Որոշումը ուժի մեջ կմտնի վարչապետի ստորագրությունից հետո»: Տոնը նորից սուգի է վերածվում, ուզում են շարունակել քելեխը, բայց Աղվան Վարդանյանն արդեն սաղ ուտելիքը տարել է:

Արթնանում է կատաղությունից հոգնած:

«Չորրորդ իշխանություն», թիվ 10, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ