Արտահերթ ընտրությունների քարոզարշավը սկսվել է: Ինքը հանրահավաք է հրավիրել Թատերական հրապարակում: Մի ընդհանուր հայացք է գցում, թե ինչքան մարդ է հավաքվել: Հլը որ իր ուզած քանակը չի: Ըհը, Կոտայքի մարզը պլանը կատարել է, Ծաղկաձորի մի քանի հյուրանոցի աշխատավորական կոլեկտիվներն էլ են ստեղ, «Նաիրի Ինշուրանսը» ամբողջ կազմով եկել է:
Մոտենում է Արմենչիկն ու զեկուցում. «Շեֆ, Արցախից մարդ չկա: Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներն իրավունք չունեն մասնակցել Հայաստանի ընտրություններին: Դաժե ԺԵԿ-ի տեղեկանքով»:
«Ես դրա հոր քյալլեն...»,- զայրանում է ինքը,- «բա Սյունիքից ինչի՞ չեն եկել»: «Դե, Շուռնուխի մոտ ազերները շլագբաում են դրել, ոչ մեկին չեն թողնում Երևան գա: Ասում են՝ հրաման ենք կատարում»:
«Հաստատ Նիկոլն ա Ալիևի հետ պայմանավորվել: Հաստատ: Քթից եմ բերելու»,- ասում է ինքը և մոտենում միկրոֆոնին: Հրապարակը ալեկոծվում է, ժողովուրդը ցնծում է ու վանկարկում. «Ռոբերտ, նա-խա-գահ, Ռոբերտ, նա-խա-գահ»:
«Վիկտո՞ր: Բա չէի՞ ասել, էս մարդկանց բացատրես, որ հիմա խորհրդարանական կառավարման մոդել ա, գոռան՝ «Ռոբերտ, վար-չա-պետ»,- հարցնում է իր քարտուղարին: «Շեֆ ջան, էս կանտինգենտը նախագահական ընտրություններից էն կողմ բան չի տեսել, հլը սովոր չեն»,- բացատրում է Վիկտորը:
Ինքն արդեն ուզում է ելույթ ունենալ, մեկ էլ հարթակի հեռավոր անկյունից աղմուկ է լսվում. «Թողեք, թողեք ինձ, ես պիտի ազգը փրկեմ, ինձ են առաջնորդ ընտրել»: Նայում է, տեսնում Վազգեն Մանուկյանը փորձում է դուրս պրծնել ախրաննիկների ձեռքերից, մոտենալ իրեն: «Վազգե՞ն, քեզ չասի՞, որ ֆսյո, կինոդ պրծել ա: Գնա տուն՝ «Վերնատուն»: Վազգեն Մանուկյանը ցանկանում է պատասխանել, բայց իրեն քաշքշելով տանում են Օպերայի զուգարան: «Մա՛հ, մա՛հ Ռոբերտին»,- ինչ-որ տեղից լսվում է Վարդուհի Իշխանյանի ձայնը:
Վերջապես սկսում է իր ելույթը. «Թուրք-ադրբեջանա-նիկոլական ագրեսիայի պատճառով երկրի բնականոն քունը խաթարվել ա: Մի անգամ ես մենակով հաղթեցի Ադրբեջանին, մի անգամ էլ՝ Հայաստանին, հիմա ժամն է եկել, որ մի կռուգ էլ նույնը ֆռռանք, փրկենք մեր ունեցվածքը: Մենք մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին՝ «Պրիվետ, Արմենիա» դաշինքով: Ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ: Հաղթիլ դինք»:
Ցուցարարները սկսում են վանկարկել. «Այո՜», վեր են բարձրացնում իր ինքնակենսագրականի 13-րդ հատորը ու սկսում աջ ու ձախ թափահարել:
Ինքը հարթակից ողջունում է աջակիցներին, հրապարակում միացնում են դաշինքի հիմնը: Dr Albanatci խումբն է երգում.
Hello Africa!
Hello Motherland!
Hello Africa!
Hello Motherland!
Ժողովուրդը երգի տակ տժժում է: Բոլորին բաժանում են դաշինքի զինանշանով գլխարկներ: Զինանշանի մեջտեղում գրած է. «Սիստեմա օֆ ը դաուն», աջ կողմում դեպի արևելք նայող արծիվ է, ձախ կողմում՝ դեպի արևմուտք նայող առյուծ, բայց չգիտես ինչի, երկուսն էլ սատկած են:
Եվ հանկարծ գոռգոռալով հարթակին է մոտենում մի անգլիացի ու բացականչում. «Մինչ դուք այստեղ ուրախանում եք, զուգարանում մարդ են սպանում: Հասկանում ե՞ք»: Ինքը ուշադիր նայում, տեսնում է՝ Արմեն Սարգսյանն է:
Ուզում է վրան գոռալ, նկատում է, որ ձեռքերը շփելով իրեն է մոտենում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: «Էլի դո՞ւ»,- հոգոց հանելով ասում է ինքը:
Արթնանում է TIV 5-րդ կամերում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 4, 2021