Պատրաստվում է մարտի 1-ի տոնակատարություններին նվիրված հաղթական զորահանդեսին: Բայց դեռ թրաշված չէ: Թարսի պես, զուգարանի պապլավոկն էլ փչացել է: Ստիպված ԺԵԿ-ից ուչաստկովի սանտեխնիկ է կանչում:
Մինչև սանտեխնիկը գա, ինքը զորահանդեսի տեքստն է թելադրում Վիկտոր Սողոմոնյանին: «Մարտի 1-ին մենք ցույց տվեցինք մեր սաղ պոտենցիալը և չթողեցինք, որ ժողովուրդը միանա բանակին: Սա աննախադեպ փաստ էր մեր 3000-ամյա պատմության մեջ»:
«Շեֆ, 3000-ամյան գծիկո՞վ է գրվում»,- հարցնում է Վիկտորը: Ինքը մտածում է ու ասում. «Պրոստո գրի պատմության մեջ»:
Հետո նորից թելադրում է. «Որքա՜ն թանկ նստեց էս անտեր գործը Արցախի ու մեր բիզնեսի վրա»:
Ներս է մտնում քարտուղարը: «Ասա, Արմենչիկ»:
«Շեֆ, Mudaportbraksrakmrakkrak տելեգրամ-ալիքը հենց նոր հայտնեց, որ Սիրիայից վարձկանների չորս խումբ չերեզ Թուրքիա տեղափոխվում է Հրապարակ՝ Նիկոլի միտինգին մասնակցելու: Բա ո՞նց անենք»:
«Զանգի Ղրիմ, թող ընդեղից 4 հազար հոգի գա, Վանեցյանին էլ ասա, թող իր կապերն օգտագործի, երեք ժամում Դաղստանից մարդ ապահովի»,- ասում է ինքը:
«Բա Ղարաբաղից մարդ չի գալո՞ւ միտինգին»,- հարցնում է Արմենչիկը:
«Ով որ պիտի գա, 98-ից արդեն ստեղ ա»,- գոհ պատասխանում է ինքը:
Արմենչիկը գնում է, ինքը մտնում է ֆեյսբուք, բացում Գագիկ Սողոմոնյան էջը, պարոլը հավաքում ու ստատուս գրում. «Հի-հի, էդ չե՞ք արա: Դավաճան-վիժվածք, թուրք-սորոս-մորոս, դե տղա եք, գտեք ինձ»,- ու մի հատ լեզու ցույց տվող սմայլիկ դնելով, հրապարակում է ստատուսը:
Մեսինջերով վիդեոզանգ է գալիս: Նայում է՝ Prkich Forever օգտատերն է: «Էս իդիոտն ի՞նչ ա ուզում»,- փնթփնթում է ինքը ու սեղմում կոճակը: Հեռախոսի էկրանին Վազգեն Մանուկյանն է հայտնվում՝ խորհրդարանի ճաղերին նստած: «Ի՞նչ կա, Վազգեն»,- հարցնում է ինքը: «Հեչ, ուրախանում ենք: Պալատկեքը խփել ենք, հիմա Բաղրամյանում խրամատներ ենք փորում ու բլինդաժ սարքում: Բունկերի հարցը զոռ ա, մետրոյի թունելը խանգարում է»,- ասում է Վազգեն Մանուկյանն ու այդ պահին նրա դիմացով ինչ-որ բան է ֆսսալով անցնում:
«Էդ ի՞նչ էր, կրակում ե՞ն»,- վախեցած հարցնում է ինքը: «Չէ, էս Իշխան Սաղաթելյանը վազելով անցավ»:
Այդ պահին դռան զանգն է հնչում: Բացում է՝ սանտեխնիկն է: Ներս է մտնում, գնում տուալետ: Հանում է 80-ականների գործիքները, սկսում թխթխկացնել ունիտազը, հետո ականջ է դնում, լսում: «Անպետք պապլավոկ է, ընդամենը 10 տոկոսով է աշխատում»,- ասում է սանտեխնիկն ու շրջվում: Իր աչքերը չռվում են՝ Նիկոլ Փաշինյանն է: «Դու... դու... ստեղ ի՞նչ գործ ունես»,- կակազելով հարցնում է ինքը:
«Հեչ, էս գործը պրծնենք, իրար հետ գնանք մարտի 1-ը նշելու»,- աչքով է անում Նիկոլը ու փաթաթվում իրեն:
Արթնանում է սիրո և համերաշխության մթնոլորտում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 8, 2021