...

Քաղաքական դաշտը՝ Մալենայի հաղթանակի մասին

Քաղաքական դաշտը՝ Մալենայի հաղթանակի մասին

Ֆրանսիայում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Մալենան՝ «Քամի-քամի» երգով:

Ներկայացնում ենք քաղաքական ուժերի և գործիչների արձագանքները՝ Մալենայի հաղթանակի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյան. Սա հայ ժողովրդի պատմական նվաճումն է: Վերջին 3000 տարում այսպիսի հաղթանակ չի եղել: Աննախադեպ այս հաղթանակը վկայում է իշխանությունների՝ ՔՊ ծրագրերը կենսագործելու հաստատակամության մասին: Եթե Մալենան հաղթեց «Եվրատեսիլ 2021»-ում, ապա վստահ եմ, որ հաջորդը պետք է լինի Հայաստանի հավաքականի հաղթանակը Եվրո-2024-ում:

Իշխան Սաղաթելյան. Այս հաղթանակը տեղի ունեցավ բացառապես ՀՅԴ-ի ջանքերի շնորհիվ: Մինչ կապիտուլյանտ իշխանությունները տարածքներ են հանձնում, ՀՅԴ ԳՄ Բյուրոն կազմակերպեց Մալենայի օգտին քվեարկելու հայրենասիրական գործընթաց: Շնորհավորում եմ մեր կուսակցական ընկերներին:

Մարինա Խաչատրյան. Ժողովուրդ, տեսեք, թե հերթական ինչ սպառնալիք է կախված մեր գլխին: Ուշադիր՝ Եվրատեսիլ-2021: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել 2021 թվի վրա: Դա պատահական թիվ չէ: Դրանում առկա թվանշանները որ իրար գումարենք. 2+0+2+1, կստացվի 5: Իսկ ի՞նչ է 5-ը: Դա 5G-ի թաքնված գովազդ է: Ահա այսպես են ցանկանում 5G-ն տարածել Հայաստանում և կանանց մոտ չբերություն առաջացնել: 

Գագիկ Ծառուկյան. Ուրեմն, Մալենայի հաղթանակը համապատասխանաբար մենք գնահատում ենք: Բայց սպիտակ «Նիվա» չենք կարող նվիրել, քանի որ էդ աղջիկը դեռ համապատասխան անչափահաս է: Հետևաբար, ճիշտ կլինի, որ մեզ նվիրեն հողատարածք՝ Երևանի կենտրոնում:

Ռոբերտ Քոչարյան. Ես քաղաքական գործիչ չեմ, առավել ևս՝ մշակութային: Նման հաղթանակները կարող են խնդռներ առաջացնել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Սկզբից Բրյուսել են գնում՝ հարցեր լուծելու, հետո՝ Ֆրանսիա: Ռուսաստանը պետք է վերջապես հասկանա, թե ով է իր իրական դաշնակիցը Երևանում:

Տիգրան Խզմալյան. Ահա և վերջ. այս հաղթանակով բացվեց Հայաստանի պատուհանը դեպի Եվրոպա: «Песня года» և «Голос России» շովինիստական մրցույթներն այլևս հայտնվեցին պատմության աղբանոցում:

Վազգեն Մանուկյան. Մալենան կարող էր հաղթել դեռևս 1996-ին, բայց չթողեցին, որ ես նախագահ դառնամ:

Ալեն Սիմոնյան. Այս հաղթանակի համար մենք Մալենային դրամական պարգև ենք նախատեսել: Երբ որ փող լինի: Գիտեք, վերջերս հանուն պետականության ամրապնդման որոշ ծախսեր ենք արել, փողը քչություն է անում:

Արթուր Ղազինյան. Պատկերացնո՞ւմ եք, Լեհաստանը 12 միավոր է տալիս Մալենային, իսկ այս ապազգային իշխանությունները 15 անգամ մերժել են ինձ ընտրել Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

Էմանուել Մակրոն. Ֆրանսիան երբեք, նորից եմ ասում, երբեք հուսախաբ չի անի հայ ժողովրդին: Նորեն համեցեք:  

Անդրանիկ Թևանյան. Տեղի է ունենում հրեշավոր դավադրություն: Թուրք գործակալների ջանքերով Մալենայի հաղթանակ կազմակերպվեց, որպեսզի հաջորդ տարի Եվրատեսիլը անցկացվի Հայաստանում, ու թուրքերը լցվեն Երևան: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ